«Էլեկտրոնային տիրույթում ֆիրման չի կարող տեսնել, թե բացի իրենից՝ էլ ով է մասնակցել այդ մրցույթին». Ֆինանսների նախարար
«Դուք ասացիք, որ արդար գնագոյացման համակարգ ձևավորելու համար գործիքներ եք դնում, բայց այդ գործիքները կարող են աշխատել միայն նորմալ շուկայական տնտեսության պայմաններում: Դուք չե՞ք տեսնում, որ մեր իրականության մեջ առկա շուկայական տնտեսությունը շեղված է դասական կանոններից, ու այն գործիքները, որ ներդրում եք, կարող են հակառակ արդյունքն ունենալ»,- այսօր ԱԺ-ում «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին նման հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ օրենքում դրական բաներ կան, բայց նաև հետաքրքրվեց՝ կա՞ն սողանցքներ, որոնք հնարավոր կլինի փակել և «սողունների դեմ պայքարել»:
Պատգամավորի հարցադրմանն ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նշեց, որ, եթե իմանային այդպիսի սողանցքների մասին, ապա կգրեին այնպիսի օրենք, որ դրանք փակվեին. «Ես կարծում եմ՝ մեր թիմը բավականին մեծ քաջություն է ունեցել, որ նմանատիպ համարձակ քայլի գնա ու պետական գնումների համակարգը տանի թափանցիկության: Սա քայլ առաջ է: Սրանք իրավական խաղի կանոններն են, բայց բացի սրանից՝ պետք է նաև կիրարկման մեխանիզմ լինի, որն էլեկտրոնային համակարգն է: Էլեկտրոնային տիրույթում ֆիրման չի կարող տեսնել, թե բացի իրենից՝ էլ ով է մասնակցել այդ մրցույթին: Ընդ որում, ո՞ր դեպքում է, երբ Վարդան Արամյանը կարող է այնպես անել, որ իր ցանկացած ֆիրման միայնակ մնա. երբ թղթով բերեն իրենց առաջարկը, ու ես մերժեմ այն ընդունել: Իսկ էլեկտրոնային հարթությունում ես չեմ կարող դա անել, և անկախ իմ կամքից՝ կարող է հայտնվել 3-4-10 ֆիրմա: Այսօրվա դրությամբ ֆիրմաներն իրենք պետք է մտածեն իրենց վարկի մասին. եթե լավ գործ են անում՝ պատմություն են ձևավորում, եթե վատ գործ արեցին՝ կընկնեն «սև ցուցակ»»:
Միքայել Մելքումյանը նորից ընդգծեց, որ օրենքի ընդհանուր գաղափարախոսությունը լավն է, բայց բացառված չէ, որ այս համակարգում էլ ունենանք կոռուպցիոն ռիսկեր, անորակ աշխատանքներ. «Զարգացած երկրներում էլ են այդ կոռուպցիոն սկանդալները լինում: Այսինքն՝ նախագծով հանդերձ՝ խոսեք ռիսկերից»:
Նախարարը պատգամավորին այսպիսի պատասխան տվեց. «Այն ռիսկերը, որոնք իդենտիֆիկացնում ենք այս պահի դրությամբ, փորձում ենք կորպորացնենք օրենքի մեջ: Եթե տեղյակ լինեի մեկ այլ ռիսկից, դրա գործիքն էլ կներդնեի: Բայց համաձայն եմ, որ հնարավոր չէ 100%-ով բոլոր ռիսկերը կշռել: Եթե ընթացքում ի հայտ գան նոր ռիսկեր, կամ որոնք մեր տեսադաշտից վրիպած կլինեն, ձեզ հետ միասին քայլեր կձեռնարկենք դրանք շտկելու համար»: