«Արհեստական մրցույթի հնարավորությունը կսահմանափակվի». Ֆինանսների նախարար

ԱԺ-ում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը՝ նշելով, որ այն գործող օրենսդրական կարգավորումների համեմատ՝ ունի մեծ առաջընթաց. ««Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրի նոր տեքստին և Եվրասիական տնտեսական միության պայմանագրին համապատասխանության ապահովմամբ: ԵՏՄ անդամների հետ համեմատած` ներկայումս Հայաստանն առաջատար դիրքերում է գտնվում միջազգային չափորոշիչների համապատասխանության առումով՝ լինելով ԵՏՄ անդամ պետությունների շարքում միակ երկիրը, որն արդեն իսկ հանդիսանում է ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրի լիիրավ անդամ, մինչդեռ ԵԱՏՄ այլ անդամ երկրները հանդիսանում են ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրի դիտորդներ` որպես ԱՀԿ նոր անդամ` դրան անդամակցելու պարտավորությամբ»։

Ըստ նախարարի՝ նախագծով նախատեսվում է կատարել հետևյալ հիմնական փոփոխությունները. «Նվազեցվում են գնումների կատարման ձևերը` գնման 7 ձևի փոխարեն սահմանվում է 4 ձև, ինչը նպատակաուղղված է գնման ձևերի ընտրության պարզեցմանը: Ներդրվող գնման ձևերն են՝ էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում, մրցույթ և գնումներ մեկ անձից: Էլեկտրոնային աճուրդները տարածվելու են այն ապրանքների վրա, որոնք ունենալու են մինչև 70 մլն դրամ արժողություն, առնվազն 7, իսկ գերազանցելու դեպքում` առնվազն 15 օրացուցային օր ժամանակ: Հիմնական գաղափարախոսությունն այն է, որ պետական համակարգում գնումներ իրականացնելու դեպքում կան ապրանքներ, որոնց ծախսվող միավորները նույնն են, օրինակ՝ բենզինը, տպագրական թղթերը, և այլն»:

Նախարարի խոսքով՝ դա հնարավորություն կտա բարձրացնել արդյունավետությունը, անել ավելի բարձր խնայողություններ: Նա ընդգծեց, որ օրենքում փոխվում է նաև գնանշման հարցման միջոցով գնումների կարգը. «Կիրականացվեն այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում, և դրանց գինը չի գերազանցում 70 մլն դրամը»:

Արամյանը նշեց, որ մրցույթի միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում, և դրանց գինը գերազանցում է 70 մլն դրամը. «Օրինակ՝ խոշոր շինարարական աշխատանքները»:

«Մեկ անձից գնման ձևով նախատեսվում է կատարել այն գնումները, որոնք պայմանավորված են մրցակցության բացակայությամբ, հեղինակային և հարակից իրավունքներով:
Երկրորդ դեպքն այն է, երբ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և այդ իրավիճակից ելնելով՝ գնման մրցակցային ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել: Ընդ որում՝ օրենքը սահմանափակում է նաև գնի մասով՝ միևնույն անձից լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ, իսկ ապրանքների գինը չի կարող սահմանվել ավելի, քան նախատեսված է պայմանագրով: Փոքր գնումների համար մրցույթ անցկացնելը խելամիտ չի լինի, և հնարավորություն կտրվի, որպեսզի գնումը կատարվի մեկ անձից»,- պարզաբանեց  նախարարը:

Նա նշեց, որ նույնիսկ մեկ անձի գնումը կատարվում է տեղեկատվական համակարգի միջոցով, ինչը մեծացնում է թափանցիկությունը: Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծով փորձ է արվում ձևավորել հնարավորինս անկախ գնումների բողոքարկման արտադատական համակարգ` խորհրդի ձևով, որը բաղկացած կլինի մինչև երեք անձից, իսկ նրանց կնշանակի ՀՀ նախագահը:

Նախարարի խոսքով՝ փոխկապակցված անձանց ինստիտուտի ներդրումն ամենակարևոր քայլերից է. «Մենք սահմանում ենք, որ գնմանը չեն կարող մասնակցել երկու-երեք ընկերություն, որոնք իրար հետ փոխկապակցված կլինեն: Արհեստական մրցույթի հնարավորությունը կսահմանափակվի»

Տեսանյութեր

Լրահոս