Պետք է նոր շունչ առնենք, նոր տրամադրությամբ փորձենք իրավիճակը փոխել. Կարեն Կարապետյանն այցելել է Շիրակի մարզ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ:
Վարչապետի այցը մեկնարկել է մարզի Ախուրյան համայնքից, որտեղ ավարտին են հասցվում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման նպատակով 104 բնակարանի կառուցման աշխատանքները: Կարեն Կարապետյանը ծանոթացել է բնակարանային պայմաններին, զրուցել շահառուների հետ, շնորհավորել և նշել, որ մինչև տարեվերջ նրանք կտոնեն իրենց բնակարանամուտը:
Բնակարաններից մեկի շահառուն ապրիլյան պատերազմում զոհված Աշոտ Շախբազյանի ընտանիքն է, որն ուներ անօթևանի կարգավիճակ, և այժմ մինչև տարեվերջ ընտանիքը կունենա երեք սենյականոց բնակարան: Ախուրյան համայնքում 3 անավարտ շենքի կառուցման համար հատկացվել է գրեթե 800 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, մարզպետարանին հատկացված 826 մլն ՀՀ դրամ գումարի հաշվին իրականացված բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում Գյումրիում և Ախուրյանում ծրագրի շահառու համարվող 137 ընտանիքի (ք.Գյումրի-101, գ.Ախուրյան-36) տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ), որոնք սահմանված ժամկետում ձեռք են բերել բնակարաններ:
Ախուրյանից ուղևորվելով մարզկենտրոն Գյումրի՝ վարչապետն առավոտյան ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին:
Կարեն Կարապետյանը նաև այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացել գործունեությանը և ծրագրերին: Վարչապետը նախ մասնակցել է «Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառմանը, ապա հանդիպել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներին՝ քննարկելու ՏՏ ոլորտի զարգացմանը և այդ գործում կառավարության անելիքներին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ պարբերական հանդիպումներ է ունենում ոլորտի ներկայացուցիչների, գործարարների հետ, և այժմ կառավարությունն սպասում է նրանցից գլոբալ առաջարկի՝ ՏՏ բնագավառի որակական փոփոխությունների և պետական աջակցության վերաբերյալ:
«Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի այս ոլորտն աճի, որովհետև ՀՆԱ-ում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, այս ոլորտի միջին աշխատավարձը, ընդհանրապես մտածելակերպը, աշխարհահայացքը բավական առաջադեմ է և վարակիչ ու կարող է տարածվել բոլոր ոլորտների վրա», – ասել է վարչապետը՝ առաջարկելով ուսանողներին նույնպես ակտիվ լինել և առաջարկություններ ներկայացնել:
Կառավարության ղեկավարը ՀԱՊՀ ուսանողների հետ քննարկել է նաև մարզում զբոսաշրջության զարգացմանը և Գյումրիին նոր շունչ հաղորդելուն վերաբերող հարցեր: «Մենք հատուկ եկել ենք դեկտեմբերի 7-ին, որպեսզի մեր հարգանքի տուրքը տանք և միևնույն ժամանակ այսօր կազմակերպում ենք աշխատանքային հանդիպումներ, որպեսզի ցույց տանք, որ չնայած բոլորս մեծ ցավ ենք ապրել, որովհետև յուրաքանչյուրն ունի կորուստ՝ բարեկամի, ընկերոջ, հարազատի, համաքաղաքացու, հայրենակցի, բայց պետք է նոր շունչ առնենք, նոր տրամադրությամբ փորձենք իրավիճակը փոխել», – ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը, մասնավորապես, տեղեկացրել է, որ մոտ օրերս առաջին չվերթն է կատարելու «Պոբեդա» ավիաընկերությունը և հաշվի առնելով Գյումրու զբոսաշրջային գրավչության մեծ ներուժը՝ առաջարկել է ուսանողներին ներգրավվել քաղաքը տուրիստների համար ավելի հարմարավետ դարձնելու գործընթացում: «Չինովնիկները, ծառայողները կարող են ամեն ինչին մի ձև նայել, դուք՝ երիտասարդներդ, լրիվ ուրիշ ձև կարող եք նայել: Դրա համար առաջարկում եմ ձեզ, որ ինքներդ ձեր առջև խնդիր դնեք՝ ինչպես Գյումրին մի քիչ հարմարավետ դարձնել, ինչպես բիզնեսն այդ գործընթացի մեջ ներգրավել, որ և´ եկամուտ ստանա, և´ կարողանա քաղաքը գրավիչ դարձնել:
Մենք ակնկալում ենք կամայական գաղափար, որը նաև ֆինանսական կարողություն է պահանջում, բայց տրամաբանական», – ասել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ ակնկալում է գաղափարների մեծ հոսք, որոնցից առավել հետաքրքիր և արդյունավետ առաջարկությունները կիրառական արդյունք կդառնան: Վարչապետը նաև շրջայց է կատարել Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել ընթացիկ և զարգացման ծրագրերին:
Այնուհետև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Ինչպե՞ս ենք տեսնում մարզի զարգացումը, ի՞նչ պետք է նախաձեռնենք, որպեսզի կյանքի որակը Շիրակի մարզում փոխվի: Մեր բոլոր քայլերը և պայմանավորվածությունները պետք է կառուցվեն հետևյալ գաղափարի շուրջ. յուրաքանչյուրիս գործն է իր տունը, իր քաղաքը փոխելը, և նախաձեռնությունները, գաղափարները պետք է ծնվեն այստեղից: Մենք պետք է պայմանավորվենք՝ ինչ է անում համայնքապետարանը, ինչ է անում մարզպետարանը, ինչ է անում կառավարությունը», – ասել է Կարեն Կարապետյանը:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Նա տեղեկացրել է, որ ներկայում ընթացքի մեջ են մարզի զարգացման ռազմավարության և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքները: Մարզպետի խոսքով՝ Շիրակում գլխավոր խնդիրն արդյունաբերության ոլորտում հաջողությունների հասնելն է, սակայն կատարված ներդրումների ծավալները դեռևս բավարար չեն մարզի տնտեսության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար: Շիրակը նաև աղքատության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզն է հանրապետությունում. աղքատ է բնակչության 45 տոկոսից ավելին:
Նշվել է, որ մարզը գյուղատնտեսական է, 28 հազարից ավելի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ կան: Խոսելով արձանագրված ձեռքբերումների մասին՝ Հովսեփ Սիմոնյանը նշել է, որ այս տարի առաջին անգամ ցանվել է շուրջ 280 հա հնդկացորեն, Բավրա համայնքում շահագործման փուլին է հասել հնդկացորենի տարեկան 9000 տ հզորությամբ վերամշակման արտադրամասը:
Գյումրիում շահագործման է հանձնվել «Լենտեքս» ընկերության նոր արտադրական մասնաշենքը (220 նոր աշխատատեղ), շարունակվում են մի շարք ձեռնարկությունների կողմից նոր արտադրամասերի հիմնման և աշխատատեղերի ստեղծման աշխատանքները: Նշանակալի ձեռքբերումներ կան նաև ՏՏ ոլորտում՝ պայմանավորված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի արդյունավետ գործունեությամբ: Կարևոր նշանակություն ունի նաև Կապսի ջրամբարի կառուցումը, որի առնչությամբ ներկայում ընթանում են ուսումնասիրություններ: Մարզպետը ներկայացրել է նաև քաղաքաշինության, ջրամատակարարման, տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և այլ ոլորտներում առկա խնդիրների հետ կապված մանրամասներ:
Անդրադառնալով մարզպետի զեկույցում արծարծված խնդիրներին՝ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարներին կրթության, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում առկա հարցերի լուծման վերաբերյալ և նշել, որ անգամ եթե բյուջեի մեջ այդ ծախսերը նախատեսված չեն, ապա պետք է քննարկել և առաջարկել լուծման տարբերակներ: «Մենք նաև պետք է հասկանանք՝ համայնքների բյուջեի պլանավորումը ճի՞շտ է, թե՞ ոչ, համայնքներում բյուջեի աճ գոյություն ունի՞, թե՞ ոչ:
Ես ձեզ կլսեմ, թե ինչ ծրագրեր ունեք, որտեղ մենք կարող ենք մասնակցություն ունենալ, սուբսիդավորել, ֆինանսավորել, համաֆինանսավորել, որպեսզի աշխուժություն մտցնենք տնտեսության մեջ, որովհետև մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված չեն աշխատատեղեր, նոր հավելյալ արժեք ստեղծելուն, երկարացնում են մեր լավ ապրելու պահը: Այդ իսկ պատճառով մենք կանգնելու ենք բոլոր այն նախաձեռնությունների կողքին, որտեղ ունենալու ենք գործընկեր և արդյունքում կունենանք մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեր այսօրվա տնտեսական վիճակը ենթադրում է, որ բոլոր ծրագրերը, որ դուք այսօր կհնչեցնեք և հետագայում կուղարկեք, որպեսզի համապատասխան նախարարություններն ու գերատեսչություններն ուսումնասիրեն և հետադարձ կապ հաստատեն, մենք քննարկելու ենք այս տեսակետից:
Համայնքների ղեկավարներին հստակ խնդրանք, որպեսզի ուշադիր լինեն իրենց համայնքի բյուջեի պլանավորմանը: Կարծում եմ՝ մի օր վերջանալու է այն պահը, որ մենք ինչքան խեղճ լինենք, ինչքան վիզներս ծուռ լինի, այնքան օգնությունն այդտեղ շատ է լինելու: Մեկս մյուսին «քոմակ» անելով՝ այս երկիրը պետք է դզենք, ուրիշ տարբերակ չկա, որևիցե մեկը չի գալու մեր փոխարեն մեր երկիրը սարքի: Գյումրին սարքողն առաջինը գյումրեցին պետք է լինի, եթե նույնիսկ այսօր ինքը մի քիչ խեղճացած է, այս սարսափելի ծանրության տակ մի քիչ ծռված է, պետք է օգնենք իրեն, որ կարողանա վաղվա օրվան համարձակ նայել: Եվ դրա համար այսօր բոլոր ծրագրերը մաքսիմալ ուշադիր նայելու ենք», – իր խոսքում նշել է վարչապետ Կարապետյանը:
Կառավարության ղեկավարն ասել է, որ մարզում աղքատության 45 տոկոսն անհանգստացնող ցուցանիշ է, և այդ իսկ պատճառով աշխատատեղ ստեղծելն առաջնային է. «Ես անպայման այս խոսքն ուզում եմ ասել, որովհետև շատերը կարող են մեկնաբանել, որ ես բիզնես, բիզնես ասում եմ, բիզնես շահերի կողմնակից եմ: Բայց ուրիշ տարբերակ չկա: Աշխատատեղ ստեղծողը բիզնեսն է, հարկ վճարողը բիզնեսն է, երկիրը պահողը, աշխատողը մարդն է, հավելյալ արժեք ստեղծողն է, որից հետո մենք արդեն բաժանում ենք զինվորին, ուսուցչին, բժշկին»: Վարչապետն ընդգծել է, որ ցանկացած բիզնես պետք է մաքսիմալ խելոք ձևով կազմակերպել, որպեսզի այն ծախսափակ լինի և առաջարկել է ներկայացնել այդ տրամաբանությամբ մշակված ծրագրեր:
Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Գյումրին ֆենոմենալ, ֆանտաստիկ հնարավորություններ ունի զբոսաշրջության զարգացման առումով և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ առումով: «Մենք երիտասարդներին և բիզնեսին խնդրելու ենք, որ ակտիվանան, որովհետև հիմա ուղևորների բավական մեծ հոսք է գալու՝ էկոնոմ դասի ավիաընկերությունների մուտքով պայմանավորված: Դրան գումարած՝ որոշակի քայլեր ենք ձեռնարկել վիզաների հարցով, այլ երկրների քաղաքացիների անձնագրերի օգտագործման հարցով, և 2017 թ. մենք ակնկալում ենք բավական մեծ հոսք դեպի Հայաստան: Այդ իսկ պատճառով Գյումրու օդանավակայան գալով՝ այստեղ պետք է մաքսիմալ շնորհք ցույց տալ, որպեսզի օդանավակայանում հենց գրավեք զբոսաշրջիկին, չթողնեք գնա Երևան, բերեք Գյումրի», – ասել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով որոշ գերատեսչություններ և բուհական հաստատություններ Գյումրի տեղափոխելու հարցին՝ վարչապետը նշել է, որ դեմ չէ այդ գաղափարին և առաջարկել է ուսումնասիրել թե´ պետական, թե´ մասնավոր սեկտորի բալանսում առկա շինությունների ֆոնդը՝ նոր շինություններ չկառուցելու, լրացուցիչ ծախսերից խուսափելու և այդ նպատակին ծառայեցնելու համար:
Կարեն Կարապետյանը նաև հետաքրքրվել է առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման մասին և ստանալով արդարացիության վերաբերյալ բացասական պատասխան՝ նշել է. «Մենք պետական պատվերի ոչ արդարացի բաշխումով առողջապահության ոլորտում մրցունակությունը բերում-հասցնում ենք նրան, որ աճ չի լինում: Այդ իսկ պատճառով առողջապահության նախարարի հետ քննարկեք՝ ոնց ենք անում: Անպայման կառավարման համակարգում փորձեք մասնավոր կառավարիչներ ներգրավել, որոնք այդ բիզնեսում կան, որպեսզի իրենք փորձեն դրանից բիզնես կառուցել: Այն, ինչ որ մենք պետպատվերով ենք անելու, լավ է, բայց առողջապահության ոլորտում ծախսում ենք ավելի շատ, քան ՀՆԱ-ում առողջապահությունը ձևավորում է հավելյալ արժեք»:
Վարչապետը մարզի համայնքների ղեկավարների և մարզպետարանի՝ ըստ ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է նաև համայնքներում տարբեր արտադրություններ հիմնելուն, սպանդանոց կառուցելուն, մշակովի հողատարածքներն ավելացնելուն, ջրամատակարարման և ջրարբիացման ենթակառուցվածքների բարելավմանը, գործող փոքր և միջին բիզնեսին աջակցություն ցուցաբերելուն, ցածր տոկոսադրույքներով վարկավորմանը, մշակույթի պալատի վերականգնմանը, տարածքների համաչափ զարգացման ապահովմանը վերաբերող և այլ հարցեր: Կառավարության ղեկավարը, արձագանքելով բարձրացված հարցերին և հնչեցված առաջարկություններին, առաջարկել է կոնկրետ բիզնես ծրագրեր ներկայացնել պետական գերատեսչությունների համապատասխան հարթակներ՝ նշելով, որ յուրաքանչյուր ծրագիր մանրամասն ուսումնասիրվելու է և գնահատվելու է սահմանված չափանիշներին համապատասխան: