Բաժիններ՝

«Եթե ներդրող չգտնվի, չի նշանակում, որ պետությունը երկրի հարկատուներից հավաքված գումարները պետք է ուղղի «Նաիրիտ»». Դավիթ Հարությունյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի հարցը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ սնանկացումն ընկերության առողջացման եղանակներից մեկն է։ Նրա խոսքով՝ չէր գտնվի որևէ ներդրող, որը պատրաստ կլիներ գալու ներդնելու գումարները մի ընկերության մեջ, որից հնարավորություն կա գանձելու 100 միլիոն դոլար. «Հենց սնանկացումն է այն մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս խթանել ներդրողներին, եթե այդպիսիք կան, որպեսզի գան և ներկայացնենք առողջացման ծրագիր։ Սա լավագույն լուծումն է»։

Հ. Բիշարյանն արձագանքեց, որ «Նաիրիտի» հետ կապված այդ թնջուկն իշխանություններն են ստեղծել՝ արհամարհելով նաիրտիցիներին տարիներ շարունակ. «Այս կառավարությունը փորձում է տարբերվել մյուսներից, բայց ձեռագրով ոչնչով չտարբերվեց՝ նորից արհամարհելով նաիրիտցիներին։ Ես հասկանում եմ, որ նաիրիտցիները զայրացնում են կառավարությանն ամեն հինգշաբթի, բայց դա  չի նշանակում, որ դուք պետք է լարվեք պատասխանը տալիս։ Ի՞նչ են ակնկալելու նաիրիտցիները, «Նաիրիտի» հետ կապված ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունեք»։

Ի պատասխան՝ Դ. Հարությունյանն ասաց, որ ինքն ամենևին լարված չէ։ «Ավելի հեշտ է, իհարկե, պոպուլիստական հայտարարություններ անել, բայց դրանք շատ ծանր են նստում ընդհանրապես։ Երբ մարդկանց դնում ես մի կացության մեջ, որ իրենց թվա, որ հարցը գտնվում է  ընթացքում, մի տիեզերական նոր լուծում է գտնվելու, դա ճիշտ չէ, ավելի լավ է  ասել  ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը հետևյալն է. «Նաիրիտը» տարիներ շարունակ, երբ աշխատել է, երբևէ չի եղել շահութաբեր ընկերություն, թեև շատերին թվում էր, որ տեղի է ունենում արտադրություն։

Եթե մարդկանց աշխատավարձ էր տրվում, դա արվում էր ի հաշիվ այլ տնտեսվարողների, և այդ տնտեսվարողները, որպես կանոն, պետական էին, մենք բոլորս  մեր գրպանից վճարում էինք, որ «Նաիրիտի» աշխատակիցներին աշխատավարձ վճարվեր։  Կառավարությունն իսկապես ճիշտ է անում, որ կանգ է առնում ու ասում է՝ եկեք այս հարցում գտնենք  վերջնական լուծում։ Եթե իսկապես գտնվի ներդրող, նրա համար ամենակարևորը կլինի, որ պարտքերը լինեն սառեցված, և պարտքերը սառեցվում են սնանկացման վարույթի շնորհիվ։ Եթե ներդրող գտնվի՝ հրաշալի է, եթե չգտնվի՝ չի նշանակում, որ պետությունը երկրի հարկատուներից հավաքված գումարները պետք է ուղղի «Նաիրիտ»»,- նշեց Դ. Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս