«Գագիկ Ծառուկյանի վերադարձը պետք է որոշի նաև այն անձը, որը նրան քաղաքականության լուսանցքում թողեց». Քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի գտնում, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն պետության համար կենսական անհրաժեշտություն է։

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ԲՀԿ համագումարը, որի շրջանակներում կուսակցությունը հայտարարություն տարածեց ՝ Գագիկ Ծառուկյանին հորդորելով վերադառնալ ակտիվ քաղաքականություն։ Ըստ ԲՀԿ-ականների  ՝ դա պետության համար կենսական անհրաժեշտություն է։

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն ավելի շատ մեծ անհրաժեշտություն է ԲՀԿ-ի համար, ոչ թե պետության.

«Այն, որ իրոք Գագիկ Ծառուկյանի հեռանալը քաղաքականությունից բավականին մեծ պարարտ հող ստեղծեց ընդդիմության համար, և այս 2 տարվա մեջ ընդդիմությունը չկարողացավ լրացնել Գագիկ Ծառուկյանի բացը, դա էլ է փաստ, բայց դա չի նշանակում, որ նրա վերադարձը պետության համար է շատ կարևոր»։

Անդրադառնալով այն հարցին, թե կվերադառնա՞ արդյոք ԲՀԿ նախկին առաջնորդը՝ կուսակիցների կոչից հետո, Գ. Համբարյանը նկատեց, որ դա զուտ Գագիկ Ծառուկյանի վերջնական որոշումը պետք է լինի, սակայն, ըստ նրա, այստեղ կարևոր է նաև, թե ինչ արձագանք կստանա նրա ցանկությունը Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահականում։

«Մենք շատ լավ գիտենք, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչը պատմության գիրկն անցավ 2015 թվականի փետրվարի 12-ի՝ նախագահի հանրաճանաչ ելույթից հետո։ Հիմա նրա վերադարձի հարցը միայն ինքը չի որոշում, որովհետև այստեղ նաև կարևոր է, թե այն անձը, ով նրան քաղաքականության լուսանցքում թողեց, ինչ դիրքորոշում կունենա այս հարցում։

Պետք է նշեմ, որ տարօրինակ է, բայց քաղաքական ընդդիմադիր դաշտն առանց Ծառուկյանի իրոք շատ թույլ գտնվեց ու չկարողացավ լրացնել այն բացը, որը մնաց Ծառուկյանից հետո։ Եթե նա վերադառնա, ավելի հետաքրքիր գործընթացներ են մեզ սպասվում, ավելի հետաքրքիր ընտրություններ են սպասվելու 2017 թվականի ապրիլի 2-ին»,- կարծում է քաղաքագետը։

Մեր այն հարցին, թե կարո՞ղ է նորից ԲՀԿ-ն ունենալ այն վարկանիշը, ինչ ունեցել է մինչև Գագիկ Ծառուկյանի հեռանալը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ հնարավոր է՝ չունենա, բայց, ըստ նրա, ներկայիս ԲՀԿ-ն բավականին կամրապնդի իր դիրքերը նախկին առաջնորդի վերադարձով։

Ամենակարևոր խնդիրը, որ ունի մեր ընդդիմադիր քաղաքական դաշտը, ըստ Գ. Համբարյանի, ֆինանսների կտրուկ սղությունն է.

«Իսկ այդ առումով ԲՀԿ-ն խնդիր չունի։ Ինչքան ուզում է քաղաքական ուժը լինի ընդդիմադիր, մեկ է, քաղաքականությամբ զբաղվելու համար պետք են բավական մեծ ֆինանսական ռեսուրսներ, որի պահով մեր ընդդիմությունը երկու ոտքով կաղում է։ Իսկ Գագիկ Ծառուկյանն այդ ֆինանսական ռեսուրսների խնդիրը չունի, և նա կարող է բավական ակտիվացնել ԲՀԿ-ի գործունեությունը, եթե կրկին մտնի քաղաքականության մեջ»։

Հարցին էլ, թե Գ. Ծառուկյանի վերադարձից հետո ԲՀԿ-ին ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական դաշտում եք տեսնում՝ Գ. Համբարյանն այսպես պատասխանեց.

«Ես նրան չեմ տեսնում ո՛չ ընդդիմադիր, ո՛չ էլ իշխանական դաշտում, ես նրան տեսնում եմ իրենց հնարած երրորդ ուժի մեջ, որովհետև գործընթացները ցույց տվեցին, որ Հայաստանում լինել օլիգարխ և լինել ընդդիմադիր՝ դա ֆիկցիա է։ Շատ տարօրինակ կլինի, որ հիմա Գագիկ Ծառուկյանը դառնա ընդդիմադիր, հասարակությունը դա նորմալ չի ընդունի։ Եթե նա լինի ընդդիմադիր, ուրեմն՝ նրան թույլ են տվել, որ լինի։ Կոնկրետ Շիրակի մարզում դեռ կա այն ընտրազանգվածը, որ կարող է գնալ Գագիկ Ծառուկյանի հետևից»։

Տեսանյութեր

Լրահոս