ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը քննարկել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցն ու ընդունել հայտարարություն։
ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ասված է՝
«ԲՀԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում և Երևանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը,
Հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որն ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը,
Հաշվի առնելով երկրի ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերները բացառապես մեծ համախմբմամբ լուծելու հրամայականը,
Հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով՝ որևէ այլ գործիչ և քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը,
ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու և մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցը»։