Մա՞հ, թե՞ նոր կյանքի սկիզբ. «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել
«Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել։ Նոյեմբերի 28-ի երեկոյան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արմեն Չիչոյանի, շտապել է հրապարակել սնանկացման վճիռը` բավարարելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցը և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձելով 500 հազար ՀՀ դրամ` որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։ Այն պետք է մարվի պարտապանի միջոցներից։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան 15 օրվա ընթացքում։
Խնդիրն այն է, որ անցած տարվա մայիսին սկսված դատավարությունը շատ դանդաղ տեմպերով էր առաջ ընթանում, 2-3, նույնիսկ 4 ամիսը մեկ էր նիստ անցկացվում, և այս ամբողջ ընթացքում դատարանն ընդամենը 9 նիստից հետո շտապել է փակել գործը։ Ընդ որում` հոկտեմբերի 17-ի նիստից հետո հաջորդ նիստը նշանակվել էր 2017 թ. հունվարի 25-ին, սակայն անհայտ պատճառներով դատավոր Արմեն Չիչոյանը նիստը վերանշանակել է նոյեմբերի 28-ին և նույն օրը երեկոյան հրապարակել վճիռը։ Դրանում, որպես դատական նիստի վերանշանակման հիմք` նշվում են կողմերի միջնորդությունները, քանի որ սպառվել են վեճը հաշտության եղանակով լուծելու բոլոր եղանակները։ Ավելին` կողմերը համաձայնել են այդ վերջին և ճակատագրական նիստն իրականացնել իրենց բացակայությամբ։
«Նաիրիտը» ՀԷՑ-ին էլեկտրաէներգիայի դիմաց պարտք էր շուրջ 1.3 մլրդ դրամ։ Ավելի վաղ ՀԷՑ-ը մի քանի անգամ փորձել է դատական կարգով գործարանից բռնագանձել իր հասանելիքը, սակայն անօգուտ։
Պարտքն աճում էր և, ի վերջո, ՀԷՑ-ը որոշել է գնալ «Նաիրիտի» սնանկացման ճանապարհով։ Մինչդեռ, օրենքի համաձայն, «Նաիրիտը» սնանկության ենթակա չէր։ Ընկերության կանոնադրական կապիտալը մոտ 27 մլրդ 342 մլն ՀՀ դրամ է, իսկ ակտիվների մնացորդը 28.02.2015թ. դրությամբ` 57 մլրդ 39 մլն դրամ, որը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է հայցվորի ներկայացրած պահանջի չափը, և ԴԱՀԿ-ն էլ արգելանք էր դրել գործարանի անշարժ և շարժական գույքի վրա։
Սակայն դատարանը` գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, «բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ» գտել է, որ ներկայացված պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանի որ պարտապանն անվճարունակ է, իսկ պարտքի չափը գերազանցող ակտիվների առկայությունը սնանկությունը բացառող հանգամանք չէ։
Նկատենք, որ նախկինում «Նաիրիտի» դեմ մի քանի անգամ սնանկության հայց էր ներկայացվել` իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD», «Էներգոկոր» ընկերության կողմից, սակայն ամեն անգամ գործարանի ճակատագրում այդ վերջակետը չէր դրվել։ Պարզ է, որ այս ամենը, այդ թվում` ՀԷՑ-ի հետ կապված սնանկության հարցը, առանց ՀՀ կառավարության ներքին համաձայնության չէր կարող լինել։
Հետաքրքիր է, որ նաիրիտցիների աշխատավարձերի 5.3 մլրդ դրամ պարտքը մարելուց հետո իշխանությունը չգտավ այդ չարաբաստիկ 1.3 մլրդ դրամը, և որպես ընկերության գործունեությանը վերջակետ դնող ընտրվեց ՀԷՑ-ը, որի հետ ցանկության դեպքում կարելի էր առնվազն բանակցել` պարտքը սառեցնելու համար։
Առավել ևս, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը բանակցություններ էր սկսել ռուսական «Ռոսկոմպոզիցիա» ընկերության հետ, գործարանի կառավարումը ստանձնելու և ներդրումներ կատարելու հարցում մեծ հետաքրքրություն էր դրսևորում «EU-ASIA Business Finance Centre» միջազգային հոլդինգը, իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, մրցույթ էր հայտարարել մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով։
Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնելու ժամկետը սահմանվել էր մինչև հաջորդ տարի հունվարի 20-ը։ Սակայն այս սնանկության արդյունքում նախարարության հայտարարած մրցույթն ի չիք է դառնում։ Այժմ պետք է նշանակվի «Նաիրիտի» սնանկության կառավարիչ, որը պետք է գրանցի պարտատերերին ու նրանց պահանջները, ժողովներ գումարի, եթե առողջացման ծրագիր կազմվի, կսկսվեն դրա քննարկումները, և այլն։ Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա կազմակերպությունից մեզ հայտնեցին, որ դատարանից որոշումը դեռ չեն ստացել, և «Նաիրիտի» սնանկության կառավարիչ դեռ չի նշանակվել։
Նախկինում «Նաիրիտը» կառավարման մասնակցած, Էներգետիկայի և բնական պաշարների նախկին փոխնախարար, այժմ նախարարի խորհրդական Լևոն Շահվերդյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, թե «Նաիրիտի» ճակատագիրն այլևս սնանկության կառավարչի ձեռքում է։
«Դատավճռի կայացնելուց հետո Շահվերդյանն ու մնացած անձինք էլ որևէ իրավասություն չունեն, բոլորը հարցերը` սնանկացման կառավարչին,- ասաց նա` հավելելով, որ նախարարության կողմից հայտարարված մրցույթը, ըստ օրենքի, այլևս ուժի մեջ չէ, բայց կառավարիչն իրավունք ունի շարունակել այն,- Մեկը մյուսը չի բացառում, բայց դա արդեն մեր դաշտը չի»։
Լ.Շահվերդյանը նշեց, որ մրցույթի հետ կապված որևէ առաջարկ ստանալու մասին տեղեկություն չունի. «Եթե լիներ, ես կիմանայի։ Իսկ ռուսական կողմի հետ բանակցությունները կոնֆիդենցիալ են»։
Մեր հարցը, թե ինչո՞ւ հենց հիմա սնանկ ճանաչվեց «Նաիրիտը», Լ.Շահվերդյանն անպատասխան թողեց և խորհուրդ տվեց դիմել նախարարության լրատվական բաժին։
Ուրեմն, ի՞նչը կարող է լինել այս ժամանակահատվածում «Նաիրիտի» սնանկության մասին որոշման պատճառը։ Հայտնի է, որ «EU-ASIA Business Finance Centre» միջազգային հոլդինգի ղեկավար Աշոտ Գրիգորյանը չի վայելում իշխանության բարեհաճությունը և վստահությունը։ Նա մշտապես խիստ քննադատում է նախագահ Սերժ Սարգսյանին ու կառավարությանը, հատկապես` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որին էլ համարում է «Նաիրիտի» թալանի հիմնական մեղավորը։
Հնարավոր է` այս քայլով Հայաստանի իշխանությունը փորձում է մեկուսացնել Աշոտ Գրիգորյանին և նրան խաղից դուրս հանել։ Իսկ ռուսների հետ բանակցությունները շարունակելու համար միշտ էլ պատճառ կգտնեն։ Գործարանի սնանկացման ու ապագայի մասին պայծառ նոտաներով էր արտահայտվել ներկայիս տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, ով ԶԼՄ-ներից մեկին ասել էր, թե «սնանկացումը նաև նախատեսում է առողջացման ծրագիր և սնանկ ճանաչելը գործարանի առողջացման ուղիներից մեկն է»։
Ի դեպ, վերջերս «Նաիրիտի» հետ կապված մի տարօրինակ իրավիճակ էր ստեղծվել հենց ռազմավարական գործընկերների մասնակցությամբ։ Նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հանդիպումից հետո ռուսական նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվել էր, որ քննարկվել են նաև «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հեռանկարները, որ գործարանն ունի յուրահատուկ տեխնոլոգիաներով քլորոպրենային կաուչուկ արտադրելու հնարավորություն, ժամանակին զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 20%-ը, և ռուսական կողմը շահագրգիռ է այդ նախագծի կյանքի կոչման հարցում։
Մինչդեռ, հայկական կողմի տարածած հաղորդագրությունում բացակայում էր որևէ հիշատակում Մանտուրովի հետ այս հարցի քննարկման մասին, ինչը տարաբնույթ կասկածների տեղիք է տալիս, քանի որ դժվար է թերագնահատել երբեմնի քիմիական հսկայի վերագործարկման արդյունքում արդյունաբերական աճի և տնտեսական ու սոցիալական ազդեցության ծավալները։ Այս կազուսային իրավիճակը, թերևս, պահանջում է ՀՀ կառավարության պարզաբանումը։