Բաժիններ՝

Շուշիում կգործի բնական տեխնոլոգիաների լաբորատորիա

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում կգործի բնական տեխնոլոգիաների լաբորատորիա, որտեղ կստացվեն մաքուր, բնական, օրգանական նյութեր: Այս մասին նշել է քիմիկոս, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիր Գագիկ Ներսիսյանը:

«Մենք խոսում ենք աշխարհում գոյություն ունեցող բուսասննդային հումքի մասին: Բոլոր հոտավետ բույսերն էլ պարունակում են եթերային յուղեր: Պատրաստվում ենք մշակման ենթարկել վայրի ու բուսական աշխարհի և բանջարեղենների եթերային յուղեր. մենք այստեղ էլ հենց կորզելու ենք այդ յուղերը»,­ մանրամասնել է Գ. Ներսիսյանը և հավելել, որ չեխական սարքավորումներով գործող լաբորատորիան կնպաստի նաև ոլորտի գիտության զարգացմանը:

Անդրադառնալով լաբորատորիայի գործունեությանը՝ քիմիկոսը նաև նշել է, որ Արցախում պետք է ունենալ սննդի արդյունաբերության տեխնոլոգիաներ: Ըստ նրա՝ նոր լաբորատորիայում շատ բան արտադրել հնարավոր չէ, բայց այն կարող է հիմք հանդիսանալ, որ գործարարը, լաբորատորիայի արդյունքների հիման վրա հետագայում աշխատատեղ ստեղծի, ներդրումներ կատարի, տեխնոլոգիա արտադրի և սկսի աշխատել:

«Մենք փորձելու ենք սկսել սխտորի յուղի արտադրությունից: Կան անոթային խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք չեն կարողանում սխտոր օգտագործել. այդպիսիք այն կարող են օգտագործել սխտորի յուղի տեսքով: Սխտորի յուղի արտադրությունը կարող ենք օգտագործելի դարձնել ողջ աշխարհում: Մենք պլանավորում ենք առաջիկայում Արցախում և Հայաստանում նաև արտադրել գետնանուշի յուղ»,-­ հավելել է Գ. Ներսիսյանը:

«Տեխնոլոգիական համալսարանում արտադրվում է նաև նռան հյութ։ Նռան կճեպն ու կորիզը նույնպես օգտագործվում են բժշկության մեջ,­ ասել է կրթօջախի քիմիական գիտությունների թեկնածու Ռուզաննա Հակոբյանը և մանրամասնել:­Սկզբում մենք նռան կեղևն ենք չորացնում, մինչդեռ նուռը ճզմելու ժամանակ այն պետք է լվանալ քիմիական նյութերով: Կեղևն առանձին կտրատում ենք, հետո մշակում և տեղադրում՝ չորացնելու: Օգտագործում ենք նաև նռան կորիզները, որոնցից լաբորատորիայում յուղեր ենք ստանալու: Այս աշխատանքներին ակտիվ մասնակցում են նաև մեր ուսանողները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս