«Միացյալ Հայաստանն» իշխանափոխության և ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում, բայց «ապստամբում» է ԵԱՏՄ-ի դեմ». Ազատ Արշակյան

Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» շարժման անդամ Ազատ Արշակյանի գնահատմամբ՝ այժմ քաղաքական դաշտում ուժերի վերադասավորություն է տեղի ունենում, քանի որ, ըստ նրա՝ իշխանափոխության դասական տարբերակը, որ կա ժողովրդավարական երկրներում, Հայաստանում բացառված է, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ այս միությունում իշխանափոխություն չի լինում: «Այստեղ սկզբից ով եղել է, մնացել է։ Նրանք մի անգամ ընտրվել են, ու վերջ։ Դասական առումով մեզ մոտ հնարավոր չէ իշխանափոխություն անել։ Մի անգամ իշխանափոխության լուրջ հայտ ներկայացրեց ԲՀԿ-ն,  և շատ կոշտ, ոչ ժողովրդավարական հակահարված ստացավ ու հեռացավ քաղաքականությունից։ Նշանակում է՝ մնացել է մյուս տարբերակը՝ «перестройка»-ն։ Իշխանությունը վերևից իր առջև դրված խնդիրները լուծելու համար ստիպված պետք է գնա իշխանափոխության, ինչպես դա տեղի ունեցավ Սովետական Միությունում Միխայիլ Գորբաչովի ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Արշակյանը:

– Պարոն Արշակյան, Դուք տեսնո՞ւմ եք իշխանությունների մոտ նման ցանկություն, և արդյո՞ք կառավարության փոփոխությունը հենց այդ՝ ուժերի վերադասավորության գործընթացն է։

– Այո։ Դա հարկադրված փոփոխություն էր, իրենք հարկադրված էին, որովհետև այն վիճակում, որ այսօր գտնվում է Հայաստանը, ոչ թե հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիներն են սնանկանում, այլ իրենք իրենց ունեցվածքն են կորցնում։ Այսինքն՝ իշխող խավն ունեզրկվում է։ Նրանք մտածում են, որ կլինի հեղափոխություն, որն իրենց ոչ թե կհեռացնի, այլ կսրբի, և դրա համար նրանք հարկադրված գնացին իշխանափոխության «перестройка» տարբերակով։

– Դուք միացել եք «Միացյալ Հայաստան» շարժմանը.  ի՞նչ եք առաջարկում շարժման շրջանակներում։

Կարդացեք նաև

– Մեր ծրագիրը ոչ թե իշխանափոխությունն է խնդիր դարձնում, այլ հայկական պետության կայունությունը: Այսինքն՝ մենք առաջարկում ենք ժողովրդավարացնել երկիրը, մեխանիզմներ ստեղծել ժողովրդավարության, սահմանադրական բարեփոխումներ կատարել։ Դա «ապստամբություն» է ԵԱՏՄ-ի դեմ, որովհետև Հայաստանում ձևավորվում է իրավական պետություն, Հայաստանն ունենում է  իշխանությունների տարանջատում, հակաբևեռներ են առաջանում։ Երկրորդ մասը մեր առաջարկության դա հայ ժողովրդի ամբողջական ներգրավումն է Հայկական հարցի լուծման համար։ Այսինքն՝ համահայկական խնդիր ենք դարձնում այն, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի կյանքը դարձնենք հայերի կյանք, որտեղ նրանք կարող են օրինական ձևով մասնակցել համահայկական խնդիրների քննարկմանը և լուծմանը։

Այսինքն՝ Հայաստանը, Արցախը և Սփյուռքն ունենան մեկ ընտրովի մարմին, որը կզբաղվի համահայկական խնդիրներով օրինական ձևով։ Այս խնդիրների լուծումը նույնպես բերում է իշխանափոխության, բայց այդ իշխանափոխությունը կառուցվածքային բարեփոխումների միջոցով է լինելու։

– Կարո՞ղ ենք ասել, որ դա շարժում է ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ ԵԱՏՄ-ի դեմ։

– Ոչ, որովհետև մենք ներգրավում ենք Սփյուռքին Հայաստանի կյանքում, մեր ռեսուրսները տրամադրում ենք Սփյուռքին հայապահպանության համար, մենք ապահովում ենք Արցախի անվտանգությունը, արդյունքում՝ անպայման կլինի իշխանափոխություն։ ԵԱՏՄ-ն բռնապետությունների միություն է, մենք այդ բռնապետական ինտերնացիոնալի դեմ պատերազմ չենք հայտարարում, մենք ողջախոհ ենք, հասկանում ենք, որ ճիշտ չէ նրանց դեմ պատերազմ հայտարարելը, նրանք դաժան են, բայց  փորձում ենք ճաք առաջացնել, խնդիրը Հայաստանն անվտանգ դարձնելն է։ «Միացյալ Հայաստանն» իշխանափոխության և ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում, բայց ես կռահում եմ, որ հաջողության դեպքում հենց դա է լինելու արդյունքը։

– Ի՞նչ քայլերով եք պատրաստվում այդ ամեն ինչին հասնել։

– Մենք արդեն բանակցությունների մեջ ենք, շատ քաղաքական կազմակերպություններ մեզ դիմել են, մենք ենք նրանց դիմել, հիմա բանակցում ենք, տեսնենք՝ ինչ կարող ենք անել, որ առաջիկա Ազգային ժողովում այս գործը պաշտպանող պատգամավորներ հայտնվեն, ու նրանց միջոցով անցկացնենք սահմանադրական բարեփոխումներ։ Քաղաքական ուժերի հետ բանակցում ենք՝ պատգամավորներ ունենալու համար։ Պարտադիր չէ, որ մեր քառյակն այնտեղ ներկայացված լինի։ Մենք  չորս հոգի ենք՝ Հրանտ Թոխատյանը, Արամ Ավետիսյանը, Արթուր Ալեքսանյանը և Ազատ Արշակյանը։ Մենք քաղաքական ամբիցիաներ չունենք, բայց շատ ենք ուզում, որ այդ ծրագիրն իրականացվի։

– Քաղաքական ո՞ր ուժերի հետ եք բանակցում։

– Քանի որ իրենք չեն հայտարարել, մենք կաշկանդված ենք դա ասել, բայց գրեթե բոլորի հետ, բացառությամբ՝ ՀՀԿ-ի։

– Երևանի ավագանիում Հրանտ Թոխատյանը ՀՀԿ խմբակցության անդամ է, հակասություններ չկա՞ն այդ առումով նրա հետ։

– Մեր շարժումը քաղաքական չէ, դրա համար շատ ազատ է, մեզ հետ կարող են շատերը լինել։ Սա հասարակական շարժում է, դրա համար ասացի՝ մենք քաղաքական ամբիցիա չունենք։

– Բայց Դուք նաև նշում եք, որ ՀՀԿ-ի հետ պատրաստ չեք համագործակցելու։

– Որովհետև իրենք մեծամիտ են, հասկանում են, որ այդտեղ վտանգ կա քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ։

Տեսանյութեր

Լրահոս