Բաժիններ՝

«Ինձ համար կապ չուներ` դիմացիս մա՞րդ է, տա՞նկ, թե՞ ավելի հզոր զինատեսակ… Ավելի ու ավելի էի չարանում առաջ գնալով»

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Սամվել Սահակյանին և նրա սխրանքի պատմությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Սամվելը զրույցը սկսում է իր հորեղբոր մասին պատմությամբ, ով մասնակից է եղել արցախյան պատերազմին: «Ես Արցախյան հերոսամարտերում քաջի մահով ընկած հորեղբորս անունն եմ կրում՝ Սամվել Սահակյան։ 1992 թվականին նա 16 տարեկանում կամավոր մարտի էր մեկնել։ Մեկնել էր կռվելու և հաղթելու, բայց ավաղ․․․ Երբ քառօրյա պատերազմը սկսվեց, ես անձնական վրեժ ունեի… Պատիվ ունեմ այս անունը կրելու: Հպարտանում եմ իմ հորեղբոր քայլով։ Ամեն արկ կրակելուց նրա դիմագիծն էր աչքիս առաջ գալիս»,- հպարտությամբ պատմում է նա:

Ապրիլյան պատերազմը Սամվելի համար սպասված էր. «Ապրիլի 2-ի առավոտն էր. այսօրվա նման հիշում եմ՝ օրը շաբաթ։ Տողանի ժամանակ մեր հրամանատարը շատ հանգիստ ու ինձ համար սպասելի տոնով ասաց, որ հակառակորդի սանձերը ձգել է պետք: Ստանալով զենք զինամթերք, տեղավորվելով մեր խցիկներում, դուրս եկանք մեր տանկերով։ Սկզբից շատ անհասկանալի էր, ես ներքուստ մի փոքր ուրախացա, քանի որ ես սպասում էի պատերազմին․․․ Ճանապարհին զորամասի հրամանատարի տեղակալ Մասիս Ավանեսյանի հրահանգավորումից հետո իրավիճակը լիովին պարզ դարձավ ինձ համար։ Մի տեսակ անբացատրելի զգացողություն կար»:

Հասնելով Թալիշ, տեսնելով գյուղի վիճակը, նրա խոսքով, մի տեսակ իր տանկն էլ է ուժ հավաքել: Սկսել է կրակել տարբեր ուղղություններով։ Սամվելը հակառակորդի առաջին տանկը խոցել է շարժման մեջ: «Արագ դեմ դիմաց դեպի գյուղն էր իջնում։ Ճիշտ է` մինչ այդ կենդանի ուժի զգալի կորուստներ էի պատճառել հակառակորդին, բայց տանկի պայթյունից ավելի ոգևորվեցի։ Ինձ համար կապ չուներ` դիմացիս մարդ է, տանկ, թե ավելի հզոր զինատեսակ։ Իմ անունն ինձ ուժ էր տալիս։ Ավելի ու ավելի էի չարանում առաջ գնալով։

Դիրքերն ազատագրելուց մի տանկ էլ ճանապարհիս հանդիպեց, դա նույնպես խոցեցի ու չվրիպեցի, քանի որ իմ արկերը երբեք չեն վրիպել․․․ Ես վստահ էի իմ ուժերի վրա։ Տանկիստ էի, ավագ նշանառու օպերատոր, մատներիցս 3 ընտանիքի ճրագ էր կախված, վարորդինս՝ Գևորգ Խաչատրյանինը, առաջին հրամանատարինս՝ Ռաֆիկ Կրպեյանինը, և հետո հրամանատարս փոխվեց, լեյտենանտ Անդրանիկ Սիմոնյանինը:  Սիմոնյանը ամենավտանգավոր դիրքում էր հրամանատար եղել, բայց հպարտ էի, որ նրանք վստահում էին իմ ուժերին, եւ երեքիս կյանքն էր իմ ձերքերում, չվրիպեցի․․․․ կարողացանք կռվել թշնամու դեմ, մտնել մահվան երախն ու անվնաս դուրս գալ»,- ոգևորությամբ պատմում է Սամվելը:

gl

Ասում եմ, իսկ քո կարծիքով, ի՞նչն է քեզ ուժ տվել, որ փրկվել ես այդ բարդ ու դժվար իրավիճակներում, պատասխանում է, որ այդ ժամանակ միակ ուժը իր անունն է եղել. «Նա ինձ ուժ տվեց, որ կռվեմ ոչ թե թշնամու, այլ կռիվ տամ կյանքի ու մահվան հետ»:

Սամվելին հարցնում եմ, ում է հերոս համարում և ի՞նչ է զգում, երբ իրեն հերոս են անվանում, ասում է, թե հպարտանում է, որ հերոս են ասում, բայց երբեմն էլ ջղայնանում է։ «Հերոսները նրանք են, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, կռվել են մինչև վերջ։ Իհարկե, կան նաև կենդանի հերոսներ, որոնք ուս ուսի են տվել, կռվել են։ Մենք չենք առաջնորդվել մի մտքով` գնալ, կռվել, մեռնել հանուն հայրենիքի։ Մենք ասում էինք կռվել, հաղթել և ապրել մեր հայրենիքում։ Հերոս են, իհարկե, ինձ հետ կռված ցանկացած մարդ, ով իր մի փամփուշտով պահել է մեր դիրքերը։ Հերոս է Մասիս Ա վանեսյանը, Կարեն Ջալավյանը, Անդրանիկ Սիմոնյանը, որոնք ուսուցանել են մեզ, սովորեցրել դիպուկ կրակել»,- շեշտում է Սամվելը:

mm2

Խոսակցության ընթացքում նա նաև հիշատակեց իր ընկերներին, ովքեր դեռ ծառայում են և ասաց. «Ընկերներ ունեմ ծառայող, որոնք դեռ պաշտպանում են մեր անդորրը՝ Դավիթը` Հակոբյան, Աշոտը` Քարամյան։ Երկուսն էլ հզոր տղերք են, վստահելի, այնքան վստահելի, որ բոլորիս քունն ենք վստահել նրանց։ Մաղթում եմ նրանց անփորձանք ծառայություն»:

Այս ամենից հետո հետաքրքրվում եմ, թե այժմ ինչով է զբաղվում և ինչով է զբաղվել մինչև բանակ զորակոչվելը, ասում է. «Մինչև բանակս սովորել եմ Քաջարանում։ Աշխատել եմ, որպես համակարգիչների օպերատոր։ Այժմ չեմ սովորում։ Զորակոչվելուց առաջ զբաղվել եմ հունահռոմեական ըմբշամարտով՝ մասնակցել մրցումների։ Բանակից հետո չեմ աշխատում, հանգստանում եմ դեռ»:

Խնդրում եմ, որ պատմի, թե ինչ է փոխվել իր կյանքում, ինչ երազանքներ ունի։ Ասում է, որ բանակից հետո ամեն ինչ է փոխվել իր կյանքում՝ նպատակները, մտածելակերպը: Բայց երազանքներ չունի, ասում է, թե չի սիրում երազել, ունենում է նպատակներ, և հասնում դրանց։

Լիլիթ Դեմուրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս