«Ասադի կողմից Հալեպի գրավումը միայն կխորացնի քաոսը». The Financial Times
Ռուսական դաժան ռմբակոծիչները ու Իրանի նախաձեռնած մարտավարությունը նշանակում են, որ ապստամբների վերահսկողության տակ գտնվող արևելյան Հալեպը շուտով կգրավվի Բաշար Ասադի կողմից։ Գրեթե 6 տարի տևող պատերազմից հետո դա կարող է վերջ դնել սուննի մեծամասնության պայքարին՝ ընդդեմ Ասադի իշխանության տապալման, սակայն այդ ավերակների վրա չի ստեղծվի ո՛չ կայունություն, ո՛չ խաղաղություն, պնդում է The Financial Times-ի սյունակագիր Դևիդ Գարդները։
Այն ժամանակից ի վեր, ինչ 2011թ. սկզբին սկսվեց քաղաքացիների ապստամբությունը Ասադի ռեժիմի դեմ, Սիրիայում արտաքին ուժերին չհաջողվեց ապահովել երկրի միասնությունը կամ թեթևացնել ժողովրդի տառապանքները, կարծում է հոդվածագիրը։
«Սակայն, անգամ եթե այդ արտաքին ուժերը, ներառյալ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան ու Քաթարը, համարեն, որ ժամանակն է մի կողմ դնել տարաձայնություններն ու ջիհադիստների՝ իշխանության գալու սպառնալիքը և աջակցեն չարիքի փոքրագույնին՝ ի դեմս Ասադի ռեժիմի, Սիրիայում և ողջ տարածաշրջանում նրանց լիակատար ձախողման հետևանքները չեն փոխվի րոպեական»,- կարծում է Դևիդ Գարդները։
Նրա համոզմամբ, թեև Մերձավոր Արևելքում արտաքին բազմաթիվ խաղացողներ օգնեցին շշից բաց թողնել արմատական իսլամի ջինը, Ասադի ռեժիմը նույնպես դրան առնչություն ունի։ Երկրում սուննի մեծամասնության վախից նա բանտերից ազատեց հարյուրավոր ջիհադիստների։
Բախվելով Իրաքի քաոսին՝ ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները կոչ արեցին Ասադին զրկել իշխանությունից, սակայն չտվեցին ապստամբներին միջոցներ՝ դա իրականացնելու համար՝ նպաստելով վակուումի ստեղծմանը, որից օգտվեցին ջիհադիստները։
Հեղինակի խոսքով՝ քանի դեռ Ասադը իշխանության ղեկին է, անգամ որպես Իրանի և ՌԴ-ի հովանավորյալ, դա նախկինի պես խթան է սուննի ապստամբների համար։