
Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները

Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցային ցուցակը։ Դրանում ներառվել է ևս 15 մարդ, այդ թվում՝ Ղրիմից Պետդումայի 6 պատգամավոր։
Ցուցակի ընդլայնումն անհրաժեշտ է եղել Ռուսաստանի նկատմամբ անհրաժեշտ ճնշումն ապահովելու համար, քանի դեռ վերջինս լիովին չի իրագործել իր միջազգային պարտավորություններն Ուկրաինայի հանդեպ։ Այս մասին ասվում է Կանադայի կառավարության կայքում։
«Այդ պատժամիջոցները պատասխան են Պետդումայում սեպտեմբերի 18-ին Ղրիմից պատգամավորների ընտրությանը։ Կանադան չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել են բռնակցված Ղրիմի թերակղզում»,- ասվում է հայտարարության մեջ։
Կանադայի սահմանած պատժամիջոցները նախատեսում են երկրում ակտիվների սառեցում, ինչպես նաև գործարքների կնքման արգելք «սև ցուցակում» գտնվող մարդկանց հետ։