«ԺԷԿ-ի պետից մինչև վերև՝ իրենց պեչատը ծառայեցնում են կուսակցական շահերին». Նաիրա Զոհրաբյան

«Ես ռադիկալ, անհրաժեշտ փոփոխություններ չեմ տեսնում»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ եթե մենք այլևս խորհրդարանական երկիր ենք, ու հիմնական շեշտադրումը պետք է դրվի կուսակցությունների վրա, իր համար բացարձակ հասկանալի չէ կուսակցությունների գրանցման այս «լիբերալացումը»։ ԲՀԿ ղեկավարի բնորոշմամբ՝ սա նոնսենս է, 79-ը գրանցված են, 10-ն էլ շքերթի են կանգնած, որ պետք է գրանցվեն։

«Հայկազյան և Սուքիասյան բառարանում էլ հապավում  չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն։ Սա նորմալ բան չէ։ 79-ից առնվազ 70-ը մարդ-կուսակցություններ են, որոնց գոյության  մասին մենք իմանում ենք միայն այն ժամանակ,  երբ ընտրություն է, պետք է գնան որևէ խոշոր կուսակցությանը կցվեն՝ փող ուզելու և տվյալ կուսակցությանը սատարելու համար։ Ես դեմ չեմ լիբերալացմանը, բայց եթե մենք գնում ենք կուսակցական քաղաքական  համակարգի կայացմանը, էս աջաբսանդալը բերելու է շատ ավելի վատ հետևանքների։ Սնկի նման  ծնվում են կուսակցություններ՝ առանց ծրագրի, գաղափարախոսության, հետո գնում են իրենց ծառայությունները մատուցելու այս կամ այն խոշոր կուսակցությանը՝ վնաս հասցնելով քաղաքական համակարգին, կուսակցական համակարգը վերածելով բազարի։ Չե՞ք կարծում, որ ինչ-որ ֆիլտր է պետք, խնդիրը պետք է կարգավորվի»,- դիմելով նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ հարցրեց Ն. Զոհրաբյանը։

Նա նաև նկատեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքում կուսակցությունների անդամները, որոնք ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական, պաշտոնական դիրքն օգտագործել՝ հօգուտ կուսակցության շահերի. «Ես չէ, որ պետք է ձեզ ասեմ՝ ինչ է անում ՀՀԿ-ն. Ժէկ-ի պետից մինչև վերև՝ իրենց պեչատը ծառայեցնում են կուսակցական շահերին»։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ չի անդրադառնա ԲՀԿ ղեկավարի գնահատականներին, բայց կիսում է այդ գնահատականներում կարմիր գծի պես անցնող մտահոգությունները։

«Ես էլ եմ համարում, որ 79 գրանցված կուսակցությունը ՀՀ-ի  համար, մեղմ ասած, ճոխություն և ավելորդություն է։ Համաձայն եմ, որ մենք խնդիր ունենք կուսակցությունների կայացման։ Գործող օրենքը բավականին խիստ պահանջներ է ենթադրում, եթե հանկարծ պետական մարմինը որոշի ստուգել՝ 2000 անդամ ունե՞ն, թե՞ չունեն։ Այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ կարող է ստեղծվել՝ թեկուզ քաղաքական գնահատականների տեսանկյունից։ Խնդիրն այն է, որ Արդարադատության նախարարությունը կամ որևէ այլ գերատեսչություն չէ, որ պետք է ասի՝ դու մարդ-կուսակցություն ես, դու անելիք չունես քաղաքական դաշտում, դու ծառայություններ տալու համար ես ստեղծված, նրանց գնահատողն ընտրողն է»,- հայտարարեց Ա. Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Ն. Զոհրաբյանի հարցի երկրորդ մասին՝ նախարարը նկատեց, որ ունենք շատ կարևոր նորմ, որն ամրագրել են Հանրային ծառայության մասին օրենքի 46-րդ և 47-րդ  հոդվածներում, որը շատ հզոր զսպիչ ուժ է. «Միշտ էլ բախվելու ենք ռեսուրսի չարաշահման խնդրին, դրա դեմ ինչպե՞ս ենք պայքարելու, կարծում եմ՝ բավականին լավ մեխանիզմներ ստեղծել ենք՝ գոնե նոր Ընտրական օրենսգրքով»։

Ն. Զոհրաբյանն էլ արձագանքեց՝ ասելով. «Ես չգիտեմ՝ ինչպես եք պայքարելու մի բանի դեմ, երբ Ժէկ-ի պետից սկսած՝ մինչև ամենավերջին պաշտոնյան, վերջին նախահամագումարյան ժամանակահատվածում 7000  մարդու իրենց կամքին հակառակ դարձրեցին իրենց կուսակցության անդամ»։ Նախարարն էլ հորդորեց Ն. Զոհրաբյանին՝ փաստերով խոսել։

Տեսանյութեր

Լրահոս