«Հայրենասիրությունը դեռ իրական սեր չէ, այլ հաճախ՝ ուղղակի պոռոտախոսություն». Ռուբեն Անգալադյան
Մշակութաբան և փիլիսոփա Ռուբեն Անգալադյանի հետ մեր առաջին հանդիպման առիթը «Ազգ-բանակ» թեմայով զրույցն էր, որի ավարտին ծագած անսպասելի բացահայտումը նախանշեց կրկին հանդիպելու անհրաժեշտությունը: Մեկ տարի առաջ 168.am-ը մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի ձեռամբ ստացել էր հեղինակի վերջին՝ «Երևան-Փարիզ 1915-1940» գիրք-ալբոմը, որ ներառում էր Փարիզ մեկնած և այնտեղ մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատած հայ անվանի մտավորականների ծավալած համայնքային և մշակութային կյանքի հիշարժան մանրամասների մի ողջ պատմական շղթա՝ բնագիր նամակների, պատմական նշանակության լուսանկարների և իլյուստրացիաների հսկայական հավաքածուով:
Երբ Ռ. Անգալադյանին պատմեցինք գրքից ստացած տպավորությունների մասին, պարզվեց, որ հեղինակն ինքը սեփական աշխատությունից ստացել է ընդամենը երկու օրինակ, որոնք, սակայն, այլևս իրենը չեն, իսկ գիրքը որակվել է՝ որպես անպետք աշխատանք: Չծավալվելով գրքի տպագրությանը առնչվող հետագա զարգացումների շուրջ, զարմանքով տեղեկացանք, որ նույն աշխատությունը ոչ միայն հայտնվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սեղանին, այլև մեծ գնահատանքի արժանացել վերջինիս կողմից:
Օլանդի ձեռամբ գրված բնագիր նամակի էլեկտրոնային տարբերակը հեղինակը՝ Ռուբեն Անգալադյանը, սիրով տրամադրեց 168.am-ին՝ ծանոթանալու, ինչպես նաև տպագրելու համար:
Ներկայացնում ենք Ռուբեն Անգալադյանի հետ մեր զրույցը՝ «Երևան-Փարիզ 1915- 1940» գիրք-ալբոմի և ոչ միայն այս մասին
– Կպատմե՞ք «Երևան-Փարիզ 1915-1940» գիրք-ալբոմի ստեղծման պատմության մասին:
– Այս գիրքը ստեղծվել է յուրատիպ սպեցիֆիկայով՝ ներառելով իր մեջ 1915-1940 թվականների հայկական մշակութային Փարիզը: Ֆրանսիան, սկսյալ 1915 թվականից, մեծ թվով հայ փախստականներ է ընդունել իր երկիր, չնայած այն հանգամանքին, որ Փարիզում արդեն իսկ բնակություն էին հաստատել բավական մեծ թվով հայ մտավորականներ: Գիրքը ներառում է 1915 թվականից հայկական եղերական ջարդի տարիները և ավարտվում 1940 թվականով՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի մեկնարկով, որով Փարիզը, փաստորեն, կորցնում է իր համաշխարհային մշակույթի քաղաքը լինելու մեծ պատիվը:
Երբ 2014թ. ես ԱՄՆ-ից վերադարձա Երևան, ինձ ասացին, որ շտապ կարգով պետք է սկսեմ այս գրքի կազմման աշխատանքները, քանի որ այն հավանության էր արժանացել և մտնելու էր Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների պետական ծրագրի մեջ: Գրքի նախապատրաստական աշխատանքները տևեցին ավելի քան մեկ տարի, որից չորս ամիսը տրամադրեցի արժեքավոր արխիվային փաստաթղթեր ու լուսանկարներ հայթայթելու գործին՝ համագործակցելով Ազգային պատկերասրահի, Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի հետ, ինչպես նաև որոշակի տեղեկություններ ստացա Չարենցի տուն-թանգարանից: Այս երեք մշակութային օջախները մեծ չափով բավարարեցին իմ պահանջները, գրքում զետեղվեցին նաև իմ անձնական արխիվից վերցված նյութեր: Պետք էր հասկանալ՝ ինչպիսի՞ գիրք եմ ես պատկերացնում իմ երևակայության մեջ:
– Ինչպիսի՞ գիրք էր դա:
– Այնպիսին, ինչպես ստացվեց՝ մեծ քանակությամբ արխիվային նյութերի օգտագործմամբ, որովհետև հիմնական ու հավաստի ինֆորմացիա մենք ստանում ենք հենց այդ աղբյուրներից՝ թե ինչպե՞ս է իրականում ապրել մտավորական համայնքը. իսկ նրանք ապրել են շատ կազմակերպված: Մենք գիտենք ու բավական հաճախ ենք անդրադարձ կատարում, օրինակ, Երվանդ Քոչարի Փարիզում անցկացրած տարիներին, բայց հավանաբար քչերը գիտեն, որ միայն Փարիզում գործել են երկուական գրողների և նկարիչների միություններ՝ բազմաթիվ ստեղծագործող անհատներով:
Բացի այն, որ հայկական համայնքը Փարիզում ապրել է համայնքային ակտիվ կյանքով, նրանք ունեցել են նաև առավել լայն ընդգրկում՝ մասնակիցը դառնալով փարիզյան գեղարվեստական ու բոհեմական կյանքի, այնտեղ թողնելով իրենց ուրույն հետքը, ինչպես նաև պարբերաբար արժանացել պետական բարձրաստիճան պարգևների և կոչումների: Միայն հայերից Պատվավոր լեգեոնի շքանշանակիրների թիվը զգալիորեն մեծ է: Ես հեղափոխությունից հետո Ռուսական իմպերիայից փախած և Փարիզում բնակություն հաստատած ռուսալեզու հայ մտավորականներին էլ ներառեցի այս գրքում՝ նկարագրելով նաև նրանց կյանքը:
Այստեղ միայն մեկ տարբերություն կար՝ վերջինները փախել էին հեղափոխության բերած արհավիրքներից, իսկ ներքևի մասով՝ Արևմտյան Հայաստանից գաղթածների համար այդ փախուստը պարզապես սեփական գոյությունը պաշտպանելու նպատակով էր:
– Պարոն Անգալադյան, ի՞նչ անուններ մենք կարող ենք գտնել այս գրքում:
– Այստեղ մենք տեսնում ենք խոշոր դեմքեր, որ պատիվ են բերում ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթին: Օրինակ, Արթուր Ադամովը, ով ֆրանսիական հայտնի՝ Աբսուրդի թատրոնի երեք հիմնադիրներից մեկն է: Մենք տեսնում ենք շատ հետաքրքիր մի պերսոնաժ՝ Լոռիս Մելիքովին, ով եղել է Մելիքովների գեներալական գերդաստանի շառավիղներից մեկը, առաջինը, ով Եվրոպայում բարձրացրեց Հայկական հարցը: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի պատմական դեմք է եղել այս մարդը… Շատ ափսոս միայն, որ այսօրինակ անունները ժամանակի հարահոսի մեջ մոռացության են մատնվել: Լոռիս Մելիքովն այն քչերից էր, որ դարձավ Դաշնակցության հիմնադիրներից մեկը, ով, սակայն, հետագայում ինչ-ինչ խնդիրների բերումով հեռացավ այդ կուսակցությունից:
Դիրան Ալեքսանյանին ևս ներառել եմ գրքում, ով Օսմանյան կայսրությունից էր՝ սերված շատ հայտնի հայ դիվանագիտական տոհմից, բայց որոշել էր զբաղվել թավջութակով՝ դառնալով թավջութակի բացառիկ մասնագետ: Նա 15 տարի աշխատել է մի քառյակում, որը ղեկավարել է 20-րդ դարի առաջին թավջութակահար համարվող հանրահռչակ Պաբլո Կազալսը: Ի վերջո, այս մարդուն հենց իրենք՝ ֆրանսիացիները, հռչակեցին որպես ֆրանսիական թավջութակի դպրոցի հիմնադիր. սա բացառիկ փաստ, իրողություն և պատիվ է մեզ համար:
– Կարծես Երևանից նույնպես եղել են Փարիզ մեկնողներ, եթե ոչ՝ մշտական բնակության, ապա՝ գոնե ժամանակավոր, կամ պարզապես ճամփորդելու նպատակով, և դրանք նույնպես շատ արժեքավոր տեղեկություններ կարող էին պարունակել իրենց մեջ:
– Եղել են, և նրանք նույնպես ներառված են այս գրքում. Օրինակ՝ Չարենցի, Սարյանի ուղևորությունները Փարիզ: Այս գրքում է, օրինակ, Չարենցի ձեռագիր նամակը՝ ուղարկված Դերենիկ Դեմիրճյանին՝ Երևան, որտեղ նա պատմում է փարիզյան իր տպավորությունների մասին: Վերջում ավելացնում է՝ եթե պատասխան ուղարկելու լինեք, գրեք ինձ Պիրումովների հասցեով, ովքեր նույնպես հայ էին՝ Սարդարապատի հերոսամարտի ղեկավարների շառավիղներից: Ի դեպ, Գերոգի Յակուլովը (Յակուլյան Գևորգ, Ժորժ Վելիկոլեպնի), ով նույնպես Փարիզի անվանի հայերից էր, իր նամակներում նույնպես հիշատակում է Պիրումովների տան հասցեն: Այստեղից եզրակացություն ենք անում, որ նրանց Փարիզում ինչ-որ ժամանակահատվածում հյուրընկալել է Պիրումովների ընտանիքը:
Կենտրոնում Միշա Ազնավուրն է՝ Շառլ Ազնավուրի հայրը: 60-ականներ, Փարիզ
Բերտոլտ Բրեխտը Արթուր Ադամովի հետ: 50-ականներ, Փարիզ
Սա նույնպես վառ ապացույց է մշակութային կենդանի շփումների, որ առկա էր փարիզահայ համայնքում և որի շնորհիվ նաև գրանցվում էին մեծագույն ձեռքբերումներ այդ երկրի մշակութային կյանքում: Գրքում զետեղված է նաև Գեորգի Յակուլովի և Ֆրանսիայի՝ այդ տարիների մշակույթի նախարարի ընթրիքը, որին Յակուլովը մասնակցել է հենց իր՝ նախարարի հրավերով: Ի վերջո, Յակուլովը համարվում է 20-րդ դարի համաշխարհային թատրոնի ռեֆորմատորներից մեկը և մահացել է հենց այստեղ՝ Երևանում: Յակուլովի մասին պատմում են, որ մինչ Փարիզ տեղափոխվելը ապրել է Ռուսաստանում և, որ Եսենինն ու Դունկանը ծանոթացել են հենց իր արվեստանոցում, որը հայտնի Կանչալովսկիների արվեստանոցի հարևանությամբ էր: Յակուլովի հայտնի հարևանը՝ «Нехорошая квартира» կոչվող հայտնի շենքում եղել է Բուլգակովը, որտեղ և գրվել է «Վարպետն ու Մարգարիտան»:
Շառլ դը Գոլ, լուսանկարը՝ Գրիգոր Չոլոլյանի
– Ասացիք՝ նման լայնածավալ ուսումնասիրություն պահանջող աշխատանքի համար ընդամենը մե՞կ տարի է պահանջվել Ձեզնից:
– Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, որովհետև իրապես խենթ պետք է լինել՝ այսպիսի բան նախաձեռնես, ու անելու համար… նախ՝ պետք էր գտնել այս բոլոր մարդկանց, ինչպես նաև նրանց ընդհանրացնող կենսագրական տվյալները, պետք էր հստակ ճշգրտել նման գիրք ստեղծելու մոտիվացիաները, և այլն:
– Շատ հետաքրքիր է գիրք-վավերագրության ամբողջական վերնագիրը՝ «Երևան-Փարիզ 1915-1940». Նրանց չարությունից ավելի ուժեղ է մեր վարդերի թերթիկների քնքշությունը»…
– Դա հատուկ է մտածված՝ հակադրվելու համար անվերջ շրջանառվող՝ Ցեղասպանությունից մորթված-քերթված դիակներին ու դրանց ֆոնին… Ողջ գրքում ոչ մի դիակ չկա ու չէր էլ լինելու, նրա համար, որ ուզում էի ցույց տալ հենց այն գեղեցկությունը, որն ուզում էին այդքան նպատակաուղղված ոչնչացնել: Գրքի ողջ տրամաբանությունն ու նպատակը հենց դա է եղել՝ մեր վարդի թերթիկների զորությունն ավելին է, քան արյունախումների ձեր կերպարը՝ միասին վերցված…
– Ինչո՞ւ Ձեր թվարկած և գրքում ներառված շատ անվանի հայերի անուններ մեծ իմաստով հայտնի չեն հասարակության լայն շերտերին:
– Խնդիրն ազգային մտածողության մեջ է. պարզապես մենք սիրում ենք միայն հպարտանալ արդեն ունեցած հայտնիներով, բայց ա՜յ, խորանալ, ուսումնասիրել, փորձել պարզել՝ մենք իրականում չենք նախընտրում: Օրինակ, մեր հասարակության մեծամասնությունը գրեթե անտեղյակ է՝ ո՞վ է եղել օպերային երգիչ Արմենակ Շահմուրադյանը, ի՞նչ կյանք է ապրել, ի՞նչ հաջողություններ է գրանցել: Իրականում նա Կոմիտասյան դպրոցի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկն էր, Կոմիտասի աշակերտը, հայկական Կարուզոն, ինչպես բնորոշում էին նրան, և, ի դեպ, մահացել է հենց նույն հոգեբուժարանում և նույն խցում, որտեղ երկար տարիներ անցկացրեց իր կյանքն ու կնքեց իր մահկանացուն Կոմիտասը:
– Կոմիտասին ինչպե՞ս եք անդրադարձել գրքում:
– Գրքում ներկայացված է նրա լուսանկարը՝ Փարիզում տեղի ունեցած հոգեհանգստի ժամանակ: Միայն այդ լուսանկարից, որ ֆիքսված մի ակնթարթ է, պարզ է դառնում, թե ինչպիսի մեծագույն պատիվ և հարգանք է նա վայելել Փարիզի համայնքային կյանքում: Ի վերջո, նույնիսկ աթեիստական Սովետական Միությունն ընդունեց Կոմիտասի մեծությունը, թեև 1908 թվականից Կոմիտասն արդեն միաբանությունում չէր, բայց լինելով խորապես հավատացյալ մարդ, Սովետական Միությունը ընդունեց այդ մարդուն, տեղափոխելով և այստեղ՝ Երևանում ամփոփելով նրա աճյունը: Միայն դրանից հետո երևանյան պանթեոնն արժևորվեց, գին ունեցավ: Դրա համար էր, որ Թումանյանի աճյունը, մինչ այդ, Մոսկվայից տեղափոխեցին ու հողարկավորեցին Թիֆլիսում, այլ ոչ Երևանում: Երևանում մահացած Յակուլովի պարագայում հակառակը տեղի ունեցավ՝ աճյունն ուղղակի տեղափոխեցին այստեղից: Հողն ու հայրենիքն իր անհատներով է արժեքավոր:
– Ո՞րն է Ձեզ համար այս գրքում տեղ գտած ամենաարժեքավոր փաստը:
– Այս գիրքը նկարագրում է, թե ինչպես հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի մայրաքաղաքում չկորցրեց իր դեմքը, տեմպը ու ռիթմը՝ դառնալով այդ մշակույթի կարևորագույն մասնիկը: Եթե մենք շարունակեինք զարգացնել մեր մշակույթն այնպես, ինչպես մինչև 1960-70-ական թվականներին էր, ապա հիմա բոլորովին այլ պատկեր կունենայինք:
– Ամեն տեսակ կասկածներից վեր է, որ հայկական մշակույթն անկում է ապրում…
– Եվ խորը անկում, ճգնաժամ՝ բառի ամենալայն իմաստով:
– Ե՞րբ սկսվեց այդ անկումը, ըստ Ձեզ:
– Խորհրդային Միության փլուզումով:
– Բայց չէ՞ որ նոր արժեքային հանակարգի շեմին էինք հայտնվել՝ այդքան սպասված անկախությունն արդեն մեր ձեռքերում էր, ինչպե՞ս մեզ հաջողվեց կորցնել ամենագլխավորը՝ մշակույթը:
– Ցինիկները եկան իշխանության: Սա շատ կարևոր հանգամանք էր: Ինչպես բոլորը, ես նույնպես հետևում էի, թե ինչի՞ մասին և ինչե՞ր էին խոսում Թատերական հրապարակում նոր իշխանությունները: Տեսա, որ ցինիզմը ավելի շատ էր, քան ցանկացած այլ բան: Եվ, որ ամենասարսափելին էր՝ սեր չկար: Հայրենասիրությունը դեռևս իրական սեր չէ, այլ հաճախ ուղղակի պոռոտախոսություն է:
– Իսկ այդ սերը որտե՞ղ պետք է լիներ, որ չկար, որովհետև գոնե այդ տարիներին մարդիկ իրենց սրտում սեր ունեին:
– Բայց ջարդվեց այդ սերը, որովհետև վա՜յ այն երկրին, որի իշխանություններն ամեն օր արթնանալով՝ առաջին հերթին մտածում են ոչ թե երկրի, այլ սեփական փորի մասին…
– Ասում եք՝ եկան ցինիկները, բայց այդ ցինիկներից շատերի հետ Դուք ընկերական հարաբերություններ ունեիք՝ սկսյալ առաջին նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից, այդպես չէ՞:
– Որոշ մարդկանց հետ, այո, անկասկած, բայց ես այդ մարդկանց մասին գրել եմ հենց այն ժամանակ, երբ նրանք իշխանության գլխին էին և են: Ես քննադատել եմ իրենց, առանց խնայելու, այդ թվում նաև՝ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին, հենց իրենց ղեկավարման տարիներին: Մենք չունեինք քաղաքական մտքով առաջնորդվող, նոր ֆորմացիաներին տիրապետող գործիչներ: Իրենց համար չափազանց կարևոր պետք է լիներ քաղաքական կամքը, որը նրանք ուրիշ ուղղությամբ տարան: «Ղարաբաղ կոմիտեից» եղան մարդիկ, ովքեր առաջին անգամ աշխատանքային այցով Փարիզ մեկնելուց իրենց հետ՝ մեկը՝ հեռուստացույց, մյուսը՝ վիդեոմագնիտոֆոն բերեցին: Գնացել էին հայ ժողովրդի կողմից և ներկայացնում էին Հայաստանն այդ երկրում, փորձեք պատկերացնել…
– Հիմա՝ մեր օրերում, ի՞նչ է պետք անել մշակութի զարգացման ընթացքը ճիշտ ուղով առաջնորդելու համար:
– Ժամանակին Երևանը մշակութային և գիտական մթնոլորտ ուներ: Հիմա այն քիչ մնացած մարդիկ, ովքեր ներկայացնում են այդ ոլորտները, կամ Հայաստանում չեն, կամ մեկուսացած են: Հավանաբար կհարցնեք պատճա՞ռը՝ ընդհանուր իդեայի բացակայությունը: Ազգային մշակույթի ընդհանուր գաղափարական կոնցեպցիա մենք չունենք: Ո՞ւր ենք մենք գնում, գիտե՞նք: Այս հարցը հենց այս պահին հավասար չափով ծառացած է նաև համաշխարհային մշակույթի առջև, մենք միայնակ չենք: Միայն, չգիտեմ ինչու, այստեղ շատ տխուր մի թեզ են առաջ քաշում՝ որ մենք փոքր ազգ ենք: Մենք փոքր ազգ չենք, այլ ավելի քան 10 մլն-անոց ազգ: Ինչո՞ւ ենք մենք մեզ նվաստացնում այսքան, որովհետև արդարացում ենք փնտրում տապալումների մեջ: Հրեաներին նայեք՝ ինչե՜ր են անում: Նրանց փնովելու փոխարեն, օրինակ վերցնելու շատ բան կա: Այստեղ խոշոր անհատներ չկան, կամ այդ մարդիկ ընդհատակում են հայտնվել, իսկ որ ավելի վատ է՝ նրանք նախընտրում են ապրել ու ստեղծագործել Հայաստանից դուրս:
– Վերջերս մի կերպ հրաժեշտ տվեցինք ՀՀ ամենաերկարակյաց Մշակույթի նախարարին: Որպես մշակութաբան, որ եկար տարիներ դրսի և ներսի աչքով հետևում էր համաշխարհային մշակութային կյանքի զարգացման տենդենցներին, կասե՞ք՝ ի՞նչ տվեցին ու ի՞նչ խլեցին հայկական մշակույթից նրա պաշտոնավարման տարիները:
– Ոչինչ չտվեցին: Ես այդ տիկնոջ հետ շփվելու բավական առիթներ ունեցա, բայց ոչ մի անգամ չլսեցի նրա գլոբալ ծրագրերի մասին՝ ո՞ւր կամ ո՞ր ուղղությամբ պետք է շարունակի զարգանալ մեր մշակույթը: Եթե մշակույթի նախարարն ուզում է հետք թողնել, ապա պետք է հստակ մշակված կոնցեպցիա ունենա: Սույն տիկինը ոչ մի անգամ չցանկացավ խորհուրդ լսել ինձանից. չէ՞ որ ես մասնագետ եմ ու զբաղվում եմ հենց այն հարցերով, թե ո՞ր ուղղությամբ է զարգանում համաշխարհային մշակույթը մեր օրերում: Այդպիսի հարց երբեք չի բարձրացվել նրա կողմից: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նրա նախորդները գլոբալ իմաստով շատ նման էին Հասմիկ Պողոսյանին, դրանում ոչ մի կասկած չկա: Նրացից և ոչ մեկը չծնեց այն գաղափարը՝ թե որտե՞ղ ենք մենք գտնվում, և ի՞նչ ուժերով ու ռեսուրսներով պետք է առաջ շարժվել տեղ հասնելու համար:
– Սա ակամա՞ սխալների շղթա է, պարոն Անգալադյան:
– Միայն կասեմ, որ մշակույթի ճիշտ նախարար ընտրելը շատ ծանր ու պատասխանատու քայլ է: Մի օրինակ հիշենք, երբ Շառլ Դը Գոլը եկավ իշխանության գլուխ, ով անկասկած չափազանց հետաքրքիր և ուրույն մտածող անձնավորություն և խոշոր երևույթ էր, ուսումնասիրեց դաշտն ու հայտարարեց՝ վերջին 30 տարիների ընթացքում Ֆրանսիայում խոշոր մշակութային երևույթ չեմ տեսնում, ի՞նչ անել: Երկար փնտրտուքներից հետո նա եկավ այն եզրակացության, որ հայտնի գրող ու հրապարակախոս Անդրե Մալրոյին (André Malraux) պետք է վստահի մշակույթի նախարարի պաշտոնը, ով, ինչպես հետագայում պատմությունն է վկայում, ուղղակի ծաղկեցրեց ֆրանսիական մշակույթը:
– Ուրեմն հենց այս ենթատեքստում շարունակենք հարցը՝ բոլորովին վերջերս մենք նոր մշակութի նախարար ունեցանք: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Դուք նրանից:
– Նոր նախարարին երկար տարիներ ճանաչում եմ և ծանոթ եմ: Առիթ եմ ունեցել մի քանի անգամներ շփվելու նրա հետ: Արդյունքում՝ նորմալ մարդկային շփում է ստացվել, մեծ հաճույքով ցանկացել է ինձ օգտակար լինել: Թե ի՞նչ հունով կզարգանա նրա պաշտոնավարման ընթացքում մշակութային կյանքը, ոչինչ ասել չեմ կարող: Ես այստեղ նստած եմ: Եթե իսկապես ուզում են որևէ բան փոխել, թող դիմեն ինձ, քանի դեռ այստեղ եմ: Ես, որպես անհատ, ով լավագույնս ուսումնասիրել է համաշխարհային մշակութային կյանքի տենդենցները և հնարավորություն է տալիս օտարներին ևս ծանոթանալու դրանց հետ, պատրաստ եմ իմ ծառայությունները մատուցել իմ ազգի մշակութային կյանքի բարգավաճման համար: Գիտե՞ք ամենահավակնոտ գաղափարների իրագործման համար ոչ այնքան գումարներ են պետք, որքան իդեաներ և դրանք իրականացնելու կամք: Հեշտ գործ չէ, խոստովանում եմ, բաց ամենահավանական և արդյունավետ ուղիներից է՝ հաջողելու համար:
– Ինչպե՞ս պատահեց, որ այստեղ՝ Երևանում, Ձեր հեղինակած՝ «Երևան-Փարիզ 1915-1940» գիրք-ալբոմը մերժվեց՝ համարվելով անպետք աշխատանք, իսկ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես արձագանքեց դրա ստեղծմանը , և հետաքրքիր է, թե մասնավորապես ի՞նչ էր գրված նրա պաշտոնական նամակում:
– Հիմա ինքներդ դատեք, թե ինչպե՞ս է արվեստի աշխատանքը դատում տեղի մշակութային իշխանությունը, այն դեպքում, երբ նրանք քեզ վստահեցնում են, թե հավատալով՝ մեծ գումարներ են ներդնում գրքի լույսընծայման համար: Գիրքը լույս է տեսել, բայց ես բացասական արձագանք եմ ստանում հենց ֆինանսավորողներից: Գուցե նրանք դրա համար իրենց պատճառներն ունեին, որոնք ես հրապարակային քննարկելու ոչ մի ցանկություն չունեմ: Կարող եմ միայն ասել՝ գիրքը յուրօրինակ է: Անդրադառնալով հարցի երկրորդ մասին, թե ի՞նչ կարծիքի է գրքի մասին Ֆրանսիայի նախագահը՝ կարող եմ ձեզ տրամադրել նրա պաշտոնական նամակի պատճենը և տալ թույլտվություն՝ այն հրապարակելու ձեր լրատվամիջոցի էջերում:
– Ինչպե՞ս գիրքը հասավ Ֆրանսուա Օլանդի սեղանին:
– ԱՄՆ-ում ֆրանսիական դիվանագիտական խողովակների միջոցով:
– Իսկ ինչո՞ւ ոչ հայկական:
– Որովհետև վստահ չէի, որ այդ պարագայում այն կհասներ հասցեատիրոջը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նամակը Ռուբեն Անգալադյանին
«Սիրելի պարոն Անգալադյան,
Սիրով ստացա Ձեր կողմից ինձ ընծայագրված և ուղարկված «Երևան-Փարիզ 1915-1940» աշխատության օրինակը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նմանօրինակ շքեղ աշխատանքի համար, որն իր էջերում ներառում է իլյուստրացիաների այսպիսի հարուստ հավաքածու: Այս ալբոմը հաստատումն է՝ հայ-ֆրանսիական խոր արմատներ գցած փոխհարաբերությունների: Միջպետական երկար տարիների մտերիմ հարաբերությունների վաստակը վերագրվում է նաև նկարիչների, պոետների, մտավորականների և գիտնականների փոխադարձ հարաբերություններին, ովքեր գիտեին և քաջատեղյակ էին՝ ինչպես զարգացնել երկկողմ մշակութային կապերը, որոնք այդքան նրբանկատորեն արտացոլել եք Ձեր աշխատության էջերում:
Ֆրանսիան գիտե, թե ինչով է պարտական Հայաստանին: Երբ մեր երկիրը հայտնվել էր օկուպացիայի ճիրաններում, Հայերը հերոսաբար մարտնչում և դիմադրում էին՝ պաշտպանելու համար Ֆրանսիայի ազատությունը, և այդ պայքարի սիմվոլիկ ֆիգուրներից մեկը հայազգի հերոս Միսաք Մանուշյանն էր:
2015թ. ապրիլի 24-ին ես անձամբ ներկա եմ գտնվել Երևանում անցկացվող Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Ֆրանսիան երբեք չի մոռանալու այն ողբերգական դեպքերը, որ դաժան փորձության են ենթարկել Հայ ժողովրդին: Դուք պետք է գիտենաք, թե որքան մոտ եմ կանգնած ես ճշմարտության համար մղվող Հայ ժողովրդի պայքարին:
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել և արտահայտել իմ խորին զգացմունքները:
Ի խորոց սրտի՝ Ֆրանսուա Օլանդ»