
25-րդ ժամը՝ ընտանիքը պահպանելու հնարավորություն. «Շունչ» թատրոնի ներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում էր

«Շունչ» թատրոնի պատմությունները «շնչում» են, մտահոգում են, լուծումներ տալիս։ Այդպես են թատրոնի ստեղծագործական կազմի ներկայացուցիչները բնութագրում իրենց ներկայացումները։ Այդ բնութագրիչներին համապատասխանում է նաև «25-րդ ժամը», որի առանցքում չստացված ընտանեկան հարաբերություններն են, որոնք դեռ հնարավոր է փրկել։ Բեմադրությունն այս անգամ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում էր։
Ժամանակակից դրամատուրգ Կարինե Խոդիկայնն այս պիեսով բարձրաձայնում է բարեկեցության հասնելու ձգտման հետևանքով ընտանիքում սիրո, ջերմության դրսևորման, մարդկային պարզ ու շիտակ հարաբերությունների կորստի հարցը, որը կարող է կործանարար լինել հատկապես երեխաների համար։
Ներկայացման մեջ զբաղված են Անի Պետրոսյանը, Էլեն Սաֆարյանը, Սևակ Սանթրոսյանը, Սիրանուշ Լազյանն ու Սեյրան Մովսիսյանը, ռեժիսորն Արթուր Սարիբեկյանն է։
Սեյրան Մովսիսյանը, որը «Շունչ» թատրոնի համահիմնադիրն է, տեղեկացնում է, որ «25-րդ ժամը» իրենց վեցերորդ ներկայացումն է։
«Այն մարդկանց գերզբաղվածությանն է անդրադառնում, ներկայացնում, թե ինչպես է ծանրաբեռնված աշխատանքն ազդում շփման վրա, հատկապես՝ ընտանեկան հարաբերությունների, մասնավորապես՝ ծնողի և երեխայի վրա։ Ամբողջ աշխարհում գրեթե բոլոր ընտանիքներում այդ խնդրի պատճառով ներանձնային հարաբերությունները տուժում են։ Մեր թատրոնն իր յուրաքանչյուր ներկայացմամբ տալիս է պատասխան, թե ինչ է պետք անել, որ այդպես չլինի»,- նշում է դերասանն ու հավելում՝ պարզապես պետք է նստել մեկ սեղանի շուրջ և ընթրել միասին։
Ըստ նրա՝ միասին ընթրելու ավանդույթը ժամանակակից ընտանիքներից վերացել է, այնինչ ընթրելիս մարդիկ զրուցում են, ժպտում են, ծիծաղում են, գրկում են միմյանց, ինչն անհրաժեշտ է։
Երիտասարդ դերասանուհի Էլեն Սաֆարյանին շատերը ծանոթ են «Եթե ես կրկին պարեմ» հեռուստանովելից։ Նա սիրում է և՛ հեռուստատեսությունը, և՛ թատրոնը, ասում է՝ բեմում և տեսախցիկի առաջ լինելը շատ տարբեր զգացողություններ են առաջացնում։
«Երբ առաջին անգամ բեմ բարձրացա, շատ հուզիչ էր։ Ամեն անգամ ավելի ինքնավստահ եմ դառնում։ Հանդիսատեսի արձագանքը տեսնելը հետաքրքիր է. մեկը հուզվում է, մյուսը՝ ժպտում։ Այդ ամենը շատ կարևոր է»,-խոստովանում է Սաֆարյանը։
«25-րդ ժամը» ներկայացման մեջ նա մարմնավորում է Հերմինեին, որին ամերիկացի հանրահայտ երգչուհի Ջենիս Ջոփլինի անունով են դիմում՝ Ջենիս։ Ջենիսն իր հույզերն արտահայտում է երաժշտության միջոցով և հատկապես սիրում է կատարել Ջոփլինի երգերը, որոնց մեջ մխիթարություն է գտնում։
«Ես շատ սիրել եմ Ջենիսի կերպարը, որի հետ ընդհանուր բաներ ունեմ, իհարկե՝ ոչ ընտանիքիս հետ կապված, քանի որ մեր ընտանիքում չկա այն բացը, որն ակնառու է Ջենիսի ընտանիքում։ Ինչքան էլ զբաղված լինենք՝ մենք կարողանում ենք ժամանակ գտնել միմյանց համար։ Ջենիսի խնդիրը կարևոր է, քանի որ գիտեմ՝ շատ աղջիկներ ուշադրության պակասից փորձում են տարբերվել, աչքի ընկնել, այնինչ իրենց պակասում են սերն ու ջեմությունն ընտանիքում։ Հույս ունեմ, որ իմ խաղով կարողանում եմ հանդիսատեսին փոխանցել Ջենիսի հույզերն ու ապրումները և արդարացնել նրան»,-ասում է երիտասարդ դերասանուհին։
«Շունչ» թատրոնը ստեղծվել է 2023 թվականին։ Հիմնադիրներն են դերասաններ Սամվել Դանիելյանն ու Սեյրան Մովսիսյանը։ Թատրոնն իր գործունեությունը սկսել է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» ստեղծագործության համանուն ներկայացմամբ։ Հիմնադիրների պնդմամբ՝ «Շունչ»-ը ստեղծել են, որ կարողանան իրականացել բոլոր նախագծերը, որոնք ցանկանում են։
«Մեր նպատակն է հանդիսատեսին ներկայացնել այսօրվա խնդիրները, թեմաները, ուստի որոշեցինք համագործակցել ժամանակակից դրամատուրգների հետ։ Նրանցից են Նարեկ Մանուչարյանը, որը գրեց «Պատերազմի ցեցը», Կարինե Խոդիկյանը, որը «25-րդ ժամը» պիեսի հեղինակն է, «Կարմա»-ի հեղինակ Էդգար Կոստանդյանը։ Մեկը մյուսի հետևից ծնված ներկայացումները պահանջարկ ունեն, և մենք այսօր ունենք հանդիսատես, ավաղ, դեռ չունենք ստեղծագործելու հիմնական տարածք և վարձակալման սկզբունքով ենք ներկայացում խաղում»,-պատմեց Դանիելյանը։
«Շունչ»-ը նաև չունի հիմնական դերասանական կազմ։ Պարբերաբար համագործակցում են տարբեր թատրոններում աշխատող դերասանների, ռեժիսորների հետ, մարդկանց, որոնք կարևորում են «Շունչ»-ի կատարած աշխատանքը։
Թատրոնը երկու տարվա ընթացքում ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ Առաջիկայում հյուրախաղերով մեկնելու են Ռուսաստան, հետո՝ Եվրոպա։ «Շունչ»-ը երկու տարվա գործունեության ընթացքում «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանն արժանացել է մրցանակների։ Արդեն երկու «Արտավազդ» ունեն։
«Երբ ստեղծեցինք «Շունչ»-ը, շատերն էին հարցնում, թե ինչու՝ հաշվի առնելով, որ կան թատրոններ, որոնք փակվում են, մենք խոստովանեցիքն, որ չենք էլ մտածել այդ մասին։ Չենք մտածել ստեղծել մի բան, որը կարող է վտանգվել կամ մեծ հաջողություններ ունենալ։ Ամեն բան արել ենք ազնիվ մշակույթին ծառայելու և հանդիսատեսին բավարարելու նպատակով։ Հավանաբար հենց այդ գաղափարը ծիլեր տվեց, և իրականություն դարձավ այն, ինչ ուզում էինք։ «Շունչ»-ը լսելի է, ճանաչելի է»,- շեշտեց նա։
Թատրոնը մեկ տարվա ընթացքում վեց անգամ հյուրախաղերով ներկայացել է Եվրոպայում։ Եղել են Փարիզում, Լիոնում, Բարսելոնայում և այլ քաղաքներում։
«Եվրոպայում հանդիսատեսի ուշադրությունը գրավելը շատ բարդ էր։ Սկզբում դժվար էր, հետո՝ հեշտ։ Այն արձագանքը, որ զգացինք առաջին անգամ, տարօրինակ էր։ Քսանչորս տարի աշխատում եմ պետական թատրոններում, շատ հյուրախաղեր եմ ունեցել, բայց հետո փաստեցի, որ Եվրոպա ոչ մի անգամ չենք մեկնել։ Այնտեղի հայ համայնքը զուրկ է եղել պրոֆեսիոնալ ներկայացում դիտելուց։ Այդ առումով «Շունչ»-ը շատ կարևոր առաքելություն է իրականացնում»,-եզրափակեց Սամվել Դանիելյանը։
«Շունչ» թատրոնի հաջորդ ներկայացումը՝ «Կարմա»-ն, հնարավոր կլինի դիտել ապրիլի 23-ին «Բոհեմ» թատրոնում։