
Բեմ բարձրացավ Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» ինքնատիպ օպերան

Դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին մանկուց է ոգեշնչել պարսից մեծ գրող Ֆիրդուսիի «Ռոստամ և Սոհրաբ» ստեղծագործությունը։ Մտորել է այն օպերայի վերածելու մասին և գաղափարը կարողացել է իրագործել 1960-ականներին։ Հեղինակը գրել է օպերայի ութ տարբերակ։ Ասում է՝ ստեղծագործական փուլը երկար է տևել, քանի որ ցանկացել է, որ այն լիարժեք ներկայացնի պարսկական հոգեբանությունն ու մշակույթը։
Օպերան կատարվել է աշխարհի տարբեր երկրներում, սակայն չի բեմադրվել։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ այն բեմադրվեց և արվեստասերներին ներկայացվեց մարտի 31-ին։
Դուրգարյանի հրավերով բեմադրության ընթացքին ներկա լինելու համար Հայաստան է ժամանել Լորիս Ճգնավորյանը։ Նա դահլիճում նստած համեստաբար հետևում էր առաջնախաղին և միայն թատրոնի տնօրինության խնդրանքով ներկայացման ավարտից հետո բարձրացավ բեմ ու վայելեց բուռն ծափահարություններն ու «բրավո» վանկարկումները։
Մինչ ներկայացման սկիզբը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա լինել առաջնախաղին։
«Այսօր Իրանի և Հայաստանի մշակութային հարաբերությունների համար պատմական օր է։ Ես եկել եմ այստեղ իմ հատուկ շնորհակալությունը հայտնելու մաեստրո Լորիս Ճգնավորյանին, սակայն նա իմ շնորհավորական կամ շնորհակալական խոսքի կարիքը չունի, քանի որ անցել է նվաճումների տարբեր փուլերով ու շատ ձեռքբերումներ ունի։ Մաեստրո Ճգնավորյանն Իրանի և Հայաստանի, Իրանի և աշխարհի միջև մշակութային կամուրջ է ստեղծել։ Նա միայն իրանցի և հայ ժողովդին չի պատկանում, պատկանում է ամբողջ աշխարհին, եթե ես քաղաքականության ոլորտում եմ դեսպան, ապա Լորիս Ճգնավորյանը մշակույթի և խաղաղության դեսպանն է աշխարհում։ Նա մեր պարծանքն է, և ես շատ ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ներկա լինել «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի առաջնախաղին»,-ասաց Սոբհանին՝ առողջություն և հաջողություններ մաղթելով Ճգնավորյանին։
Ելույթի վերջում դեսպանը հայերեն շեշտեց. «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»։Ներկայացման ռեժիսորը, պարուսույցը, զգեստների և բեմադրող նկարիչն իրանցի Յարթա Յարանին է։ Նա հոր և որդու՝ Ռոստամի և Սոհրաբի ողբերգական պատմությունը փոխանցել է բեմադրական մինիմալիստական, սակայն ինքնատիպ, անսովոր լուծումներով՝ պահպանելով պատմության զգայականությունը։ Օպերայում Ռոստամի դերը կերտեց Արման Առաքելյանը, Սոհրաբին մարմնավորեց ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանը, Թահմինեի դերում Լուսինե Մակարյանն էր, Ֆիրդուսիի կերպարում Ռոման Խնկոյանն էր, Հումանիի դերերգով հանդես եկավ Ռոլանդ Սոֆոյանը, Հովհաննես Ներսեսյանը Աֆրասիաբի դերում էր, Գոշ Սարգսյանը՝ Սամանգանի արքայի, ներկայացումը ղեկավարեց դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտսիտ Կարեն Դուրգարյանը։
Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լորիս Ճգնավորյանը նշել էր, որ օպերան սկսել է գրել 1961 թվականին։ «Վաթսունհինգ տարի անցավ մինչև այն բեմադրվեց։ Գաղափարը ծնվեց 65 տարի առաջ, բեմադրվում է 65 տարի հետո։ Երբ Պարսկաստանում սկսեցի գրել, պահանջ զգացի, որ մի մեծ վարպետի ցույց տամ այն, խոսեմ, խորհրդակցեմ հետը։ Այն ժամանակ մտածեցի գնալ Ստրասբուրգ միջազգային ճանաչում ունեցող մեծ կոմպոզիտոր Կառլ Օրֆի մոտ։ Երբ հանդիպեցի նրան, լսեց օպերայի մի քանի հատված ու առաջարկեց մնալ Ստրասբուրգում և ավարտել օպերան։
Ուսանող էի, չէի կարող մնալ, իսկ նա ինձ ասաց, որ Ստրասբուրգում մնալու մեկ տարվա ծախսը հոգացել են։ Ասաց՝ գնա, նստի, օպերան գրի։ Զարմանալի է, չէ՞։ Դժվար օպերա էր։ Կոնցերտային տարբերակով մի քանի անգամ կատարել եմ Վիեննայում, Անգլիայում, Մեքսիկայում, Հայաստանում, բայց այն երբեք չի բեմադրվել։
Երջանիկ եմ, որ մարտի 31-ին այն պետք է կատարվի։ Հույս ունեմ, որ մեծ հաջողություն կունենա»,-նշել էր Ճգնավորյանը։Ներկայացումը բեմում կլինի նաև ապրիլի 1-2-ին