«Հայաստան են ներթափանցել Սիբիրից արկտիկական ցուրտ օդային հոսանքներ». Գագիկ Սուրենյան
Մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Հայաստանը կգտնվի Սիբիրից ներթափանցած ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում: Բացառություն կկազմեն Լոռին, Տավուշը, Սյունիքը և Արցախը, որտեղ այդ
արկտիկական օդը նահանջում է՝ իր տեղը զիջելով Իրանի տարածքից ներթափանցող համեմատաբար արևադարձային տաք օդային հոսանքների:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Առաջիկա օրերին հանրապետության մարզերում գրեթե ջերմային ֆոնի փոփոխություն չի սպասվում՝ բացառությամբ Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ ձերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Արարատյան դաշտում դիտվել է ցուրտ օդի լճացում: Ցերեկային ժամերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը նույնն է, ինչ Գյումրիում, Գավառում, Մարտունիում: Այսինքն՝ լեռնային շրջանների և Արարատյան դաշտի միջև ջերմաստիճանները հավասարվել են»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ այդ լճացումը ցրելու համար մեծ փրկության է հասնում կիպրոսյան ցիկլոնը, որը ներթափանցելու է Միջերկրական ծովից.
«Արդեն նոյեմբերի 30-ին կնկատվի ամպամածության ավելացում և բավականին ինտենսիվ տաք օդի ներհոսք: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում 8-10 աստիճանով կբարձրանա»:
Ցերեկային ժամերին ջերմաստիճանի փոփոխություն առանձնապես չի լինի, քանի որ նոյեմբերի 30-ից սկսած կամպի, դեկտեմբերի 1-ից կսկավեն տեղումներ:
«Ցերեկային ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում հիմնականում կլինի 3-5 աստիճանի սահմաններում»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ լեռնային բոլոր մարզերում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտնի լեռնային բնակավայրեր, Վայոց Ձորի լեռնային բնակավայրեր, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, հորիզոնական ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց, իսկ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում՝ Արագածոտնի նախալեռներ, Արարատյան դաշտում, Կոտայքի նախալեռնային հատվածներում, Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում ջերմաստիճանի լուրջ բարձրացում է սպասվում, տեղումները հիմնականում կլինեն թաց ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:
Նա նշեց, որ նոյեմբերի 21-ից Հայաստան են ներթափանցել Սիբիրից արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազել է, նույնիսկ ունեցել ենք ռեկորդային ցածր ջերմաստիճաններ հանրապետությունում, հատկապես վերջին 3-4 օրերին նոյեմբեր ամսվա համար բավական ցածր ջերմային ֆոն է գրանցվել, որը, կարելի է ասել, առանձին հատվածների համար վերջին 45-50 տարիների համար ամենացուրտ օրերն են եղել.
«Մասնավորապես կցանկանամ առանձնացնել Տաշիրը, որտեղ օդի ջերմաստիճանը գիշերը նվազեց մինչև -26 աստիճան ցրտի: Սովորաբար այդ հատվածում նման ջերմաստիճան լինում է հունվարի 2-րդ տասնօրյակում:
Աշոցքում ջերմաստիճանը հասավ -25 աստիճանի: Եվ ընդհանրապես բոլոր լեռնային բնակավայրերում վերջին օրերին օդի ջերմաստիճանը հիմնականում գիշերային ժամերին մինուս -15-20 աստիճանի սահմաններում է եղել: Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև մինուս 8-10 աստիճան: – 10 աստիճան գրանցվել է նաև Երևանի ցածրադիր հատվածներում:
Բարձրադիր հատվածներում ջերմաստիճանը հասել է մինչև -7 աստիճանի: Եթե գնահատենք միջին կլիմայական ցուցանիշով, նման ջերմային ֆոնը բնորոշ է դեկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածին»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է Արարատյան դաշտում 7-8 աստիճանով, իսկ Տավուշում, Լոռիում, Սյունիքի առանձին հատվածներում՝ 10-15 աստիճանով:
«Պատճառը Սիբիրից ներթափանցած արկտիկական ցուրտ օդային հոսանքներն են են: Էլի լավ ենք պրծել, որովհետև նրանց գլխավոր թափը ներխուժեց Ղազախստան և Թուրքմենիա: Այնտեղ ներկա պահին -35-40 աստիճան է:
Ընդհանրապես այս ցուրտ օդի անոմալիան այս տարի ընդգրկել է ամբողջ արևմտյան Սիբիրը: Կարելի է ասել՝ Ղազախստանից սկսած, մինչև Վլադիվաստոկ սիբիրյանն անտիցիկլոնի ազդեցության տակ է, որտեղ հատվածներ կան, ուր ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 20-25 աստիճանով»:
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ հակառակ պատկերն է արևմտյան կիսագնդում: Կանադայում և Հյուսիսային Ամերիկայում օդի ջերմաստիճանը 15-20 աստիճանով բարձր է նորմայից: