«ՀՀ-ԵՄ բանակցություններում ծագած անհամաձայնությունները բնական են». Եվրոպացի վերլուծաբան
«ՀՀ կառավարությունը պետք է ճիշտ կողմնորոշվի ԵՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հարցում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ձգձգվող բանակցություններին։ Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող համագործակցության փաստաթուղթը դժվար թե ստորագրվի մինչև տարվա վերջ:
Հիշեցնենք, որ մինչ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիլսերը պնդում են, որ ՀՀ-ԵՄ բանակցությունները լավ ընթացքով են շարժվում, ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան է հետաքրքրական տեղեկություն փոխանցել լրատվամիջոցներից մեկին։ Չեխիայի դեսպանը ևս նշել է, որ վերջերս Երևանում ծավալված ՀՀ-ԵՄ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, սակայն միևնույն ժամանակ՝ դեսպանը շեշտել է, որ կողմերի միջև կան անհամաձայնություններ:
«Քիչ ժամանակ է մնացել, բայց խնդիրները մնում են: Դրանք բարդ են, ու չեմ կարծում, թե մինչև տարվա վերջ կողմերն իրենց դիրքորոշումները կկարողանան համաձայնեցնել»,- նշել է Միկիսկան:
Վերջինս պարզաբանել է, որ խնդիրները տնտեսական են, որոնք կապված են հիմնականում տարածքի, աշխարհագրական դիրքի հետ, որտեղ Հայաստանն է գտնվում, և փոքր-ինչ անհամաձայնություններ կան ներդրումների շուրջ: Գերմանացի վերլուծաբան Ստյուարտը մեզ հետ զրույցում ասաց, որ տարաձայնությունները, որոնց մասին խոսել է դեսպանը, բնական են։
Ըստ նրա՝ պարզից էլ պարզ էր, որ բանակցությունները ՀՀ-ի և ԵՄ-ի միջև չէին կարող ընթանալ շատ հարթ, քանի որ կողմերը պետք է բանակցեին նաև առևտրատնտեսական հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Հայաստանի այլ պարտավորություններին։
«Ստացվում է մի այսպիսի իրավիճակ, Հայաստանն ու Եվրոպական միությունը պետք է բանակցեն մի ոլորտի շուրջ, որն ամբողջությամբ համաձայնեցված, վերահսկված է Եվրասիական տնտեսական միության կողմից, որի չափանիշները, եթե դրանք կան, չեն համապատասխանում Եվրոպական միության չափանիշներին, որոնք հստակ են։ Նման հարցերում ԵՄ-ն չափազանց ուշադիր և պահանջկոտ է։
Հասկանալի է, որ այս բանակցությունների ընթացքում անդրադարձ չի կատարվել ապագա համաձայնագրի քաղաքական հատվածին, որը, իմ համոզմամբ՝ ամբողջությամբ կրկնի Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, իսկ ԱՀ-ի շրջանակում պատրաստված Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցություններն այսօր հարմարեցվում են ապագա նոր փաստաթղթին, որում վստահաբար այս ոլորտից կներառվի փոքր ծավալ ենթադրող համագործակցություն։
Բայց ներկայիս պայմաններում դա հստակեցնելը ևս բարդ է, քանի որ պայմանականություններ կան, Հայաստանն ունի պարտավորություններ, բայց Եվրոպական միությունը ևս չի կարող իր չափանիշները հարմարեցնել Եվրասիական տնտեսական միությանը»,- բացատրեց Ստյուարտը։ Վերջինս գտնում է, որ այնուամենայնիվ այդ խնդիրները հաղթահարելի են, քանի որ կա քաղաքական կամք՝ ստորագրելու նման համաձայնագիր Եվրոպական միության հետ։
«ՀՀ կառավարությունը պետք է ճիշտ կողմնորոշվի։ Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսական վիճակը, Հայաստանի կողմից ստացվող տրանսֆերների ծավալի նվազումը՝ էլ ավելի է կարևորվում ՀՀ-ում ներդրումների հարցը, դա կարևորում են հենց կառավարության անդամները, բայց արտասահմանյան գործարարներին կայունություն է անհրաժեշտ, հավասար, արդար պայմաններ, ներդրումների անվտանգություն, նման հարցերում Հայաստանում թերացումներ կան։ Եթե Հայաստանը ցանկանում է համաձայնագիրն այդ տեսքով, ապա պետք է պատրաստ լինի նաև որոշակի բարեփոխումների և եվրոպական չափանիշների ներդրման, այլապես այդ բաղադրիչի ներառումը ՀՀ-ԵՄ ապագա շրջանակային համաձայնագրում կասկածի տակ կհայտնվի։
Հայաստանի նման ցանկության ամրագրումը կարևոր է նաև ՀՀ-ԵՄ վստահության վերականգնման տեսանկյունից»,- ասաց եվրոպացի փորձագետը։ Գնահատելով օրերս Երևանում ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնի ասուլիսը, որի ընթացքում հանձնակատարը պնդեց, որ ԱլԳ նախարարների հանդիպումները պետք է պարբերական բնույթ կրեն, ԱլԳ ծրագրերը չսահմանվեն գագաթաժողովից գագաթաժողով՝ Սյուզան Ստյուարտն ասաց, որ սա բոլորովին նոր մոտեցում է Եվրոպական միության կողմից։
Ըստ նրա՝ սա նշանակում է, որ ԵՄ-ին, չնայած եվրոպացի փորձագետների սպասումների, չի բավարարում այն առաջընթացը, որն ապահովում են ԱլԳ անդամ երկրները՝ գագաթաժողովից գագաթնաժողով։ «Տարիներ շարունակ մենք խոսում էինք, որ գործընթացները չափազանց դանդաղ են առաջ գնում։ Սա ենթադրում է ավելի դինամիկ աշխատանք ծրագրի մաս կազմող երկրների հետ։ Հահնը խոսեց նաև մի շարք ԵՄ-ի համար կարևոր էլեմենտների մասին, որոնք կամրապնդեն ԵՄ-Արևելյան գործընկերության երկրների կապը նաև գործնականում, չէ՞ որ խոսք գնաց նաև ճանապարհների մասին։ Սրանք, բնականաբար, 2020-ին ուղղված ծրագրեր են, որոնք, իմ գնահատմամբ, շատ ավելի խոստումնալից են, քան համաձայնագրերը ԵՄ-ի հետ, քանի որ սրանով ԵՄ-ն իրական կապ կստեղծի իր համար կարևոր արևելյան գործընկերների հետ»,- պարզաբանեց գերմանացի վերլուծաբանը։