«ՏՄՊՊՀ-ի կողմից ընդունած այս միակողմանի և անհիմն որոշման նպատակը պարզապես աղմուկ բարձրացնելն ու իր վրա հանրության ուշադրությունը հրավիրելն էր». Աշոտ Բաղդասարյան
Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը 2016 թվականի նոյեմբերի 16-ի նիստում որոշում էր կայացրել «Երևանի գարեջուր» ընկերությանից 110 միլիոն դրամ բռնագանձելու մասին:
Այս անհիմն որոշումը, որի մասին, ի դեպ, մենք տեղեկացել ենք ինտերնետ կայքից, որի մասին նաև բավականին հանգամանալից ներկայացրեց իմ գործընկեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
Նախ նշեմ, որ գարեջրի գների հնարավոր թանկացման մասին Ընկերությունը տեղեկացրել էր Հանձնաժողովին դեռևս 2014 թվականի դեկտեմբերին՝ ներկայացնելով մի շարք հիմնավորումներ: Այնուհետև 2015 թվականի հունիսի 1-ից գարեջրի գինը թանկացնելուց հետո Հանձնաժողովը 2015 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, իսկ 2016 թվականի հունվարին այն կասեցվել է՝ մինչ վերոհիշյալ որոշման ընդունումը:
Ընկերությունը մեկ անգամ չէ, որ հայտնել է հանձնաժողովին այն մասին, որ որևէ շահագրգռվածություն չունի գարեջրի թանկացման հարցում, քանի որ մրցակցային դաշտում գնի բարձրացումը, նախ, թե՛ տնտեսագիտական և թե՛ մարքետինգի առումով չափազանց դժվար որոշում է, երկրորդ, որ այն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում՝ կապված բնակչության գերակշիռ մասի ցածր վճարունակության, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մեծաքանակ էժան գարեջուր ներմուծելու հետ:
Բայց մրցակցային և սոցիալական բնույթի որևէ փաստարկ Հանձնաժողովի համար ընդունելի չի եղել՝ համարելով, որ նման ռիսկեր գոյություն չունեն, և գնի թանկացումն Ընկերության համար եղել է ինքնանպատակ՝ «գերշահույթ» ստանալու համար:
Եվ, բնականաբար, հարց է ծագում, երբ գարեջրի գնի թանկացումից անցել է գրեթե մեկ ու կես տարի, և խնդիրը, ըստ էության, կորցրել է իր այժմեականությունը, ի՞նչը ստիպեց Հանձնաժողովին՝ նման շտապ որոշում կայացնել: Անհասկանալի է նաև, թէ էթիկայի ինչ նորմերով է նա առաջնորդվել՝ նիստին չհրավիրելով մեր ներկայացուցիչներին, սակայն դրան մասնակից դարձնելով բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Կարծում եմ՝ ՏՄՊՊՀ-ի կողմից ընդունած այս միակողմանի և անհիմն որոշման նպատակը պարզապես աղմուկ բարձրացնելն ու իր վրա հանրության ուշադրությունը հրավիրելն էր՝ ցուցադրելու համար, որ Հանձնաժողովը մրցակցային դաշտում լուրջ քայլեր է իրականացնում:
Նման որոշման պատճառներից մեկը, ըստ իս, նաև նրանց կողմից իրավիճակի ոչ ճիշտ, սուբյեկտիվ գնահատումն ու միմյանց հետ փոխկապակցված գործոնների անտեսումն է, ինչը, անշուշտ, աղավաղում է իրական պատկերը և որոշում կայացնելիս հանգեցնում է մեխանիկական մոտեցման: Թերևս, դա է պատճառը, որ նրանց կողմից որևէ ուշադրության չի արժանացել այն հանգամանքը, որ Ընկերությունը, հաշվի առնելով հայաստանյան շուկայի սահմանափակ հնարավորությունները, նաև բեռնափոխադրումների հետ կապված լուրջ խնդիրները, կարողացել է արտաքին մրցակցության դժվարին պայմաններում իր ապրանքն արտահանել աշխարհի 12 երկրներ և մրցակցել համաշխարհային ճանաչում ունեցող բրենդերի հետ: Կամ, թե ինչպիսի դժվարություններ է հաղթահարել և հաղթահարում Ընկերությունը՝ կապված ռուսական ռուբլու, իսկ ներկայում՝ նաև եվրոյի արժեզրկման հետ, քանի որ արտահանման ծավալների մոտ 80 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը:
Սրա հետ կապված տրամաբանական հարց է առաջանում: Այդ ինչպե՞ս է, որ առևտրային բանկերը, նույնպես լինելով մասնավոր կառույց, իրենց շահույթի դրույքը որոշելիս՝ պարտադիր հաշվի են առնում արտարժույթի փոփոխման հետ կապված ռիսկի գործոնը, իսկ, օրինակ, «Երևանի գարեջուր» ընկերությունը, որի արտադրանքի մոտ 20%-ն արտահանվում է, իր շահութաբերության մակարդակը որոշելիս՝ չի կարող հաշվի առնել այդ հանգամանքը:
Անդրադառնալով Հանձնաժողովի կողմից իրականացվող քայլերին՝ հարկ է նշել, որ դրանք չափազանց անարդյունավետ են և որևէ ձևով չեն նպաստում երկրում գործարարության և առողջ մրցակցության զարգացմանը: Այս մասին բազմիցս անդրադարձ է եղել մամուլում, ինչպես նաև խիստ գնահատականներ են հնչեցվել պատգամավորների կողմից՝ ԱԺ ամբիոնից:
Այս համատեքստում բացառություն չի կազմում նաև նրանց վերջին որոշումը, որը, բացի այն, որ հակասահմանադրական է (հոդված 59), այլև խոսում է Հանձնաժողովի անդամների ոչ սկզբունքային մոտեցումների մասին:
Նաև նշեմ, որ Հանձնաժողովի կողմից «Գարեջուր» ապրանքային շուկայում ուսումնասիրությունները սկսել են իրականացվել դեռևս 2012 թվականին և շարունակվել մինչև 2016 թվականի նոյեմբեր: Փաստորեն, 4 երկար ու ձիգ տարիներ են անհրաժեշտ եղել Հանձնաժողովին այս անհիմն որոշումը կայացնելու համար: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Վերջերս հաճախ են սկսել խոսել այն մասին, թե արդյոք ի՞նչն է խանգարում Հայաստանում ներդրումներ անելուն, ինչո՞ւ է շարունակաբար տեղապտույտ ապրում և չի զարգանում ձեռներեցությունը: Բերվում են բազմաթիվ պատճառներ, որոնցից շատերի հետ դժվար է չհամաձայնել: Սակայն կա կարևոր մի հիմնահարց, որի մասին փորձում են չբարձրաձայնել, իսկ ավելի ճիշտ՝ անտեսել, մի բացասական երևույթ, որը մեզանում իր անվերապահ մասնակցությունն ունի մարդկային հարաբերությունների և կյանքի գրեթե բոլոր դրսևորումներում:
Հավանաբար կռահեցիք, խոսքս վերաբերում է մեզանում առկա մշակութային ցածր մակարդակին, և որպես ածանցյալ՝ բարոյական մի շարք չափանիշների արժեզրկման, ինչը շատերի մոտ՝ անվստահություն, ինչո՞ւ չէ՝ նաև հիասթափություն է առաջացնում: Գուցե ոմանց թվա, որ ասածս անմիջականորեն չի առնչվում խնդրո առարկա հարցի հետ և ինչ-որ առումով նաև վերացական բնույթ է կրում, սակայն դա միայն թվացյալ կարծիք է, իսկ իրականությունը բոլորովին այլ է:
Հիշում եմ՝ տարիներ առաջ, հարկային տեսչության կողմից արված ստուգումների արդյունքում, մեր Ընկերությանը, անհիմն ձևով, դարձյալ խոշոր գումարի տուգանք ներկայացվեց, որն այնուհետև դատական կարգով չեղարկվեց: Սակայն բարոյական առումով մեզ հասցված վնասը որևէ կերպ չփոխհատուցվեց: Մինչդեռ նման ուսումնասիրություն և սխալ որոշում կայացրած անձանց պետք է ենթարկեին ամենախիստ պատասխանատվության, ինչը չարվեց, և ստեղծվեց նախադեպ, որ նմանատիպ սխալներ թույլ տված ղեկավար անձանց հանդեպ հետագայում էլ տույժեր չկիրառեն:
Ակամայից հիշեցի հանրահայտ կինոռեժիսյոր Ալեքսանդր Սակուրովի հայտնի խոսքերն այն մասին, որ յուրաքանչյուր պետության կարևոր խնդիրներից մեկը, եթե ոչ՝ ամենակարևորը, դա մշակույթի բարձրացումն է, մի գաղափար, որ վերաբերում է բոլոր բնագավառներին: Կարծում եմ, որ, եթե Հանձնաժողովն իր գործունեության մեջ մի փոքր կարևորություն տար մշակութային, ինչո՞ւ չէ՝ նաև բարոյական արժեքներին, իհարկե, չէր գնա այս ճանապարհով՝ անհիմն որոշում կայացնելով մեր Ընկերության նկատմամբ, չէր փորձի ստվեր գցել երկար տարիների ընթացքում վաստակած նրա հեղինակության վրա:
Աշոտ Բաղդասարյան
«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն‚ համասեփականատեր