«Իմ պաշտպանյալը մտադիր էր ընտանիք կազմել, անգամ որոշված էր ամուսնության օրը… Խեղվում է երիտասարդի ճակատագիրը». ասում է Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվողի պաշտպանը
2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում սպանվել էր 58-ամյա Եղիշե Խաչատրյանը։ Եղիշե Խաչատրյանը ստացել էր մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել էր։ Հիշեցնենք, որ նա հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն է։
ՀՀ Քննչական կոմիտեն, որի վարույթում սկզբնական շրջանում քննվում էր գործը, հայտնել էր, որ նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Ե.Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ Քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Յուրի Հակոբյանին։
Նրա պաշտպան Արմեն Նադիրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Յ. Հակոբյանը սպանության պահին այլ վայրում է գտնվել, նրա այլուրեքությունը հաստատվել է։
Հիշեցնենք, որ Յուրի Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։ Նա ձերբակալվել է 2016թ. հունիսի 16-ին՝ դեպքից 12 օր անց։
Արմեն Նադիրյանի խոսքով՝ առաջին իսկ օրվանից Յ. Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել. «Առաջին իսկ օրվանից՝ որպես կասկածյալ, հետագայում նաև՝ որպես մեղադրյալ տված ցուցմունքներում իրեն մեղավոր չի ճանաչել, մանրամասն ցուցմունքներ է տվել, թե որտեղ է գտնվել դեպքի ժամանակ (ասել է, որ գտնվել է միանգամայն այլ վայրում), մատնանշել է բոլոր այն անձանց, ովքեր հավանականորեն կարող էին տեսնել իրեն և հաստատել իր ալիբին։ Յուրի Հակոբյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել տուժող Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի մասնակցությամբ կատարված ճանաչման քննչական գործողությունը։ Յուրի Հակոբյանը ներկայացվել է ճանաչման, և տուժողի մայրը կասկածով է նշել, որ ճանաչման ներկայացվածներից մեկին՝ Յուրի Հակոբյանին նմանեցնում է հանցագործությունը կատարած անձանցից մեկին։ Այդ հիմքով Յուրի Հակոբյանը ձերբակալվել է, հետագայում առերեսում է կատարվել։ Այստեղ, սակայն, մի խնդրահարույց հարց կա. մինչև Յուրի Հակոբյանին ճանաչման ներկայացնելն Էմմա Աբրահամյանը նշել է, որ ենթադրյալ Յուրի Հակոբյանին չի կարող նկարագրել։ Բնական է՝ այդ կնոջ աչքի առաջ տեղի է ունեցել այդ զարհուրելի սպանությունը՝ փողոցում՝ մութ ժամի (դեպքը տեղի է ունեցել ժամը 23։00-ի սահմաններում), այդ հոգեվիճակում նա չէր էլ կարող մանրամասն հիշել։ Դեպքից մի քանի օր անց հարցաքննության ընթացքում նա կրկին ասել է, որ երրորդ անձն իր մոտ չի տպավորվել, չի կարող նկարագրել ո՛չ նրա հագուստը, ո՛չ արտաքին տվյալները։ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ այն դեպքերում, երբ անձը նույնացման համար անհատականացնող որևէ տվյալ չի մատնանշել, թե ինչ հատկանիշներով կարող է ճանաչել անձին, ճանաչում չի կարող կատարվել, իսկ կատարված ճանաչումը չի կարող հիմնավորված համարվել։ Այս դեպքում, երբ անձն ասում է, որ չի կարող նկարագրել հանցագործություն կատարած անձին, չգիտես՝ ինչու, Յուրի Հակոբյանին ներկայացրել են ճանաչման։
Ինչպես նշեցի, ճանաչման գործողության ժամանակ տուժողի մայրը կասկածով է հայտնել, բայց հաջորդ օրը, չգիտես՝ ինչու, առերեսում է կատարվել, և նա համոզվածություն է հայտնել, որ իմ պաշտպանյալը դեպքի վայրում է եղել։ Բնականաբար, սա արդեն կասկածի տեղիք է տալիս՝ ցուցմունքի արժանահավատության հետ կապված։ Ընդունենք՝ սա ինչ-որ տեղ հիմք էր մեղադրանք առաջադրելու, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Ամեն ինչ հետագայում արդեն կախված է քննությունից։ Ասեմ, որ այն շատ ծանր էր առաջ գնում. ակնկալում էինք, որ քննությունն արագ կկատարվի, անձը ներկայացրել է իր պատճառաբանությունները, իր այլուրեքությունը։ Սակայն, չգիտես՝ ինչու, երկար ժամանակ ձեռնպահ էին մնում Յուրի Հակոբյանի մատնանշած անձանց հարցաքննելուց։
Մենք բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել, որպեսզի հարցաքննեն նրանց, քանի որ ժամանակ էր անցնում, և վկաները, որոնք կարող էին հերքել կամ հաստատել իմ պաշտպանյալի ներկայացրած այլուրեքությունը, կարող էին մոռանալ մի շարք հանգամանքներ՝ կապված թե ժամերի, թե այլ հանգամանքների հետ,- ասաց Արմեն Նադիրյանը՝ նշելով, որ միջնորդությունը ներկայացնելուց գրեթե մեկ ամիս անց են միայն հարցաքննել այդ անձանց,- Ընդ որում, քննիչի անգործողությունը բողոքարկել ենք հսկող դատախազին, միջնորդել ցուցում տալ, որպեսզի քննիչն անհապաղ կատարի այդ քննչական գործողությունները, քանի որ այս դեպքում խոսքն անձի ճակատագրի մասին է։ Զարմանալի կերպով դատախազը մերժել է բողոքը՝ պատասխանելով, որ քննիչն ինքն է որոշում քննչական, դատավարական գործողությունների տակտիկան, ժամանակը և այլն։ Ի վերջո, այդ գործողությունները կատարվեցին»։
Ըստ Արմեն Նադիրյանի՝ հետագայում երկու անգամ երկարացվել է Յուրի Հակոբյանի կալանքի ժամկետը, դատարանին այդպես էլ չեն ներկայացվել նրան արդարացնող ապացույցները։ Փաստաբանի խոսքով՝ միաժամանակ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման ժամանակ դատարանում ասել է, որ անձինք, ովքեր հարցաքննվել են պաշտպանական կողմի միջնորդությամբ, ըստ էության, հաստատել են Յուրի Հակոբյանի այլուրեքությունը, որ վերջինս դեպքի պահին այլ վայրում է գտնվել։
Ի դեպ, Արմեն Նադիրյանը վիճարկել է Յուրի Հակոբյանին տուժողի մորը ճանաչման ներկայացնելու գործողության թույլատրելիությունը, քանի որ այն, ըստ իրեն, կատարվել է քրեադատավարական օրենքի կոպիտ խախտմամբ, սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել է միջնորդությունը, իսկ դատախազը՝ բողոքը՝ նշելով, թե այս գործողությունը կատարվել է օրենքի սահմաններում։ «Իհարկե, դա հետագայում կվիճարկվի նաև դատարանում, բոլորը կհամոզվեն, որ այն կատարվել է օրենքի խախտմամբ։ Բայց դա հետագայի խնդիր է, պարզապես այն իրավիճակում ենք, որ տևական ժամանակ Յուրի Հակոբյանը շարունակում է մեղադրվել այդ հանցագործության կատարման մեջ՝ ընդամենը մի ցուցմունքի հիման վրա, որը չի կարող արժանահավատ լինել այնքանով, որ չի հաստատվում այլ ապացույցներով։ Կարծում էի՝ ի վերջո, վարույթն իրականացնող մարմինը կքննարկի եղած ապացույցները, ամիսներ անց ողջամիտ որոշում կկայացվի իմ պաշտպանյալի վերաբերյալ։ Վերջին անգամ կալանքի ժամկետը երկարացնելուց հետո իմ պաշտպանյալի հետ որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Այս հանգամանքները հաստատում են, որ այլ, նոր ապացույցներ վարույթն իրականացնող մարմինը ձեռք չի բերել։ Սակայն վարույթն իրականացնող մարմինը պլանավորում է փոխել մեղադրանքը, իբր հստակեցնել այն։ Ինձ համար զարհուրելի է, որ մեկ անձի ցուցմունքի, այն էլ՝ այդ հոգեվիճակում գտնվող տուժողի ցուցմունքի հիման վրա կարող են մեղադրանք առաջադրել։ Կարծում եմ՝ վարույթն իրականացնող մարմինը գործը դատարան ուղարկելու մտադրություն ունի։ Հասկանում եմ՝ հանցագործության բնույթը, ծանրությունը, տեղի ունեցածն ընդունելի չէ որևէ տեսակետից, բայց միևնույն ժամանակ՝ այստեղ անմեղ մարդու խնդիրն է և նրա ճակատագիրը։ Իմ պաշտպանյալը մտադիր էր ընտանիք կազմել, անգամ որոշված էր ամուսնության օրը, այն պետք է կայանար օգոստոս ամսին. դա խափանվեց։ Նա սովորում է համալսարանում, կալանքի տակ մնալու պատճառով դուրս է մնում համալսարանից։ Այսինքն՝ խեղվում է երիտասարդ անձի ճակատագիր»։
Ըստ Արմեն Նադիրյանի՝ առկա տեսագրությունն ալյուրեքությունը հիմնավորող ապացույցներից մեկն է. դեպքը տեղի է ունեցել ժամը 23։00-ի սահմաններում, ժամը 23։40-ի սահմաններում Յուրի Հակոբյանին ֆիքսել են տեսանկարահանող սարքերը, որոնք գտնվում են այն վայրի մոտակայքում, ուր մինչ այդ եղել է Յուրի Հակոբյանը։
«Տիկին Էմման ասում է՝ իմ որդին փրկեց նրանց կյանքը, բայց նրանք սպանեցին իմ որդուն»
Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բոլորովին համաձայն չէ մեղադրյալի ալյուրեքությունը հաստատված լինելու մասին պնդման հետ։ «Իմ կարծիքով՝ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նա մեկ այլ տեղ է գնացել 40 րոպե անց։ Այսինքն՝ դեպքը տեղի ունեցել կոնկրետ ժամի, որից 40 րոպե հետո միայն մենք տեսնում ենք ֆիքսված կադրեր, որ նա ինչ-որ տեղում է գտնվում, իսկ նրա գտնվելու վայրը շատ մոտ է դեպքի վայրին. այնտեղ կարելի է հասնել ընդամենը մի քանի րոպեում, իսկ 40 րոպեն բավական երկար ժամանակ է։ Դեպքը կարճ ժամանակ է տևել, ուստի ես գտնում եմ, որ ալյուրեքության մասին խոսք չի կարող գնալ։ Բացի այդ՝ ամեն ինչ շատ շատ պարզ է։ Տիկին Էմմա Աբրամյանը գործով տուժող է ճանաչվել, ում աչքի առջև սպանել են նրա 58-ամյա որդուն, և վերջինիս ճանաչման էր ներկայացվել Յույրի Հակոբյանը։ Տիկին Էմմա Աբրահամյանը նրան ճանաչել է։ Կազմվել է արձանագրություն, որտեղ նշվել է, որ տուժող Էմմա Աբրահամյանը ճանաչեց Յուրի Հակոբյանին։ Ամեն ինչ կատարվել է օրենքի տառի պահպանմամբ։ Ամեն ինչ շատ հստակ է։ Հաջորդ օրն արդեն կատարվել է առերեսման քննչական գործողություն տուժող Էմմա Աբրահամյանի և Յուրիի միջև, որի ընթացքում Էմմա Աբրահամյանը պնդել է, որ ճանաչում է նրան»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը՝ շարունակելով. – Խոսքը գնում է առաջին և երկրորդ եռյակի մասին։ Ավտովթարի պահ է եղել, որդին արգելակել է, տիկին Էմման էլ ասում է՝ իմ որդին փրկեց նրանց կյանքը, բայց նրանք սպանեցին իմ որդուն։ Մեքենան, որի հետ կապված վթարային իրավիճակ է ստեղծվել և որից դուրս են եկել այդ տղաները, ի դեպ, պատկանում է նույն Յուրիին։ Տուժողն այդ մասին մանրամասն ցուցմունք տվեց և առերեսման ժամանակ էլ պնդեց»։
Անդրադառնալով այն պնդմանը, որ ճանաչման գործողության ընթացքում տուժողը կասկածանքով է հայտնել, որ մեղադրյալը գտնվել է դեպքի վայրում, Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ մասնակցել է այդ քննչական գործողությանը. «Շատ քիչ դեպքեր կարող են լինել, որ այդքան ճշգրիտ քննչական գործողություն տեսնենք»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը՝ նշելով, որ քննչական գործողությունը տեղի է ունեցել օրենքի տառի պահպանմամբ, և տուժողը ճանաչել է այդ անձին։ «Այստեղ որևէ խախտում չկա»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը՝ հավելելով, որ որպես քննչական գործողության մասնակից պետք է փաստի՝ քննչական գործողությունը կատարել է քրեադատավարական օրենքի տառի ճշգրտությամբ, որին հաջորդել է մյուս քննչական գործողությունը՝ առերեսում։