Ինչու ձգձգվեց Իրանի նախագահի այցը Հայաստան, և ինչ սպասել այդ այցից

«168 Ժամի» զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը

– Պարոն Վարդանյան, իրանական ԶԼՄ-ները, մասնավորապես` «Ֆարս» գործակալությունը, նախորդ շաբաթ տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթ կժամանի Երևան, այնուհետև խմբագրեց հաղորդագրությունը` նշելով, որ Ռոհանին կժամանի մինչև տարեվերջ։ Մինչ սա իրանական ԶԼՄ-ներն այս հարցի վերաբերյալ լուռ էին։ Ըստ Ձեզ` ի՞նչ փոխվեց։

– Նախ` պարզաբանեմ, որ «Ֆարսի» հաղորդագրությունը պաշտոնական չէր, դրանում հղում էր կատարվում սեփական աղբյուրներին։ Բայց իմ տեղեկությունների համաձայն` Ռոհանին Երևան է ժամանելու մինչև տարեվերջ, այսինքն` ինձ համար ի սկզբանե պարզ էր, որ այդ այցն այս շաբաթ տեղի չի ունենա։ Այցը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի կեսերից հետո։

Ըստ երևույթին, արդեն ամառվանից պարզ էր, որ այս տարի Ռոհանին պետք է այցելի Հայաստան, բայց, իմ խորին համոզմամբ, այցը ձգձգվում էր, քանի որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները բարելավվել են այս ընթացքում, ավելին, ինչպես Իրանի համար շատ զգայուն թեմա է Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները, այնպես էլ Ադրբեջանի համար է զգայուն հայ-իրանական հարաբերությունները, ինչն Ադրբեջանն Իրանին հասկացրել է։ Այս առումով երկու կողմերի միջև դիրքային պատերազմ էր ընթանում, թե ով առաջինը քայլ կկատարի։ Վաղուց էր խոսվում այն մասին, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պետք է ժամանի Ադրբեջան, անցյալ շաբաթ պարզ դարձավ, որ մինչև տարեվերջ նա պետք է այցելի Ադրբեջան, որից հետո իրանական կողմը պատասխան քայլով հստակություն մտցրեց Հայաստան այցի հարցում` տարածելով տեղեկություն, որ Ռոհանին ՀՀ կժամանի մինչև տարեվերջ։

Ամռանը, երբ ՀՀ ԱԳ նախարարը մեկնեց Թեհրան, որտեղ նրան ընդունեցին ամենաբարձր մակարդակով, ադրբեջանական մամուլում և քաղաքական գործիչների կողմից հիստերիա բարձրացվեց, ավելին, Haqqin.az-ը, որն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ոչ պաշտոնական խոսափողն է համարվում, մի հոդված հրապարակեց Ադրբեջանի իշխանությունների թելադրանքով, որտեղ հստակ շանտաժ էր արվում Իրանի իշխանություններին հետևյալ հարցով` եթե Ռոհանին ժամանի Հայաստան, ի պատասխան դրա` Ալիևը պետք է մեկնի Իսրայել և այնտեղ բացի Ադրբեջանի դեսպանատուն, քանի որ Ադրբեջանում կա Իսրայելի դեսպանատուն, բայց Իսրայելում չկա Ադրբեջանի դեսպանատուն։ Դրանից հետո երկար ժամանակ Իրանը կարծես թե սպասողական վիճակում էր, և միայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ մինչև տարեվերջ պետք է Նեթանյահուն ժամանի Ադրբեջան, իրանական կողմն էլ իր խաղաքարտերը բացեց, ու պարզ դարձավ, որ մինչև տարեվերջ էլ Ռոհանին կայցելի Հայաստան։

– Այս այցի ձգձգման հարցում չկա՞ր արդյոք հայկական, կամ, գուցե, ռուսական գործոն։

– Ոչ, ես դա հայկական գործոնով չեմ պայմանավորում։ Ընդհակառակը` Հայաստանը շատ էր ցանկանում, որպեսզի այդ այցը կայանա։ Այստեղ միայն ադրբեջանական գործոն կա։ Իրանի նախագահ Ռոհանիի նախագահությամբ իրանաադրբեջանական հարաբերություններն էապես բարելավվել են, իսկ մինչ այդ բավականին սրված էին, ներկայումս փոխադարձ այցեր են տեղի ունենում, տարբեր գագաթաժողովների և այցերի ընթացքում ութ հանդիպում է տեղի ունեցել Ռոհանիի և Ալիևի միջև։ Սրան զուգահեռ` կա նաև փոխազդեցության հարց, որի մասին արդեն խոսեցի։

– Հաշվի առնելով Ձեր նշած գործոնները` Ռոհանիի Հայաստան կատարելիք այցից ինչպիսի՞ օրակարգ պետք է ակնկալել, քանի որ այս այցին կողմերը երկար են պատրաստվել, շատ սպասելիքներ կան, բայց կան նաև սահմանափակող գործոններ, ինչպես նշեցիք։

– Իհարկե, հայ-իրանական քաղաքական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են, որևէ լուրջ տարաձայնություն չկա կողմերի միջև, բայց փոխարենը` տնտեսական հարաբերությունները համարժեք չեն քաղաքական հարաբերություններին։ Կան մի քանի լուրջ նախագծեր, քննարկվում է իրանական ապրանքները Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա արտահանելու հարցը, այդ առումով երկու օր առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշում է, որ փորձնական տարբերակով փոքրիկ իրանական կոնտեյներները Հայաստանի տարածքով կփոխադրվեն դեպի Եվրոպա, փորձ է արվում ավելի բարելավել տվյալները, նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանն իրանական ապրանքների համար տարանցիկ երկիր դառնա։

Ես կարծում եմ, որ այս այցի հիմնական մեխը լինելու են տնտեսական և էներգետիկ հարաբերությունները, ծրագրերը, չնայած կա նաև քաղաքական կոնտեքստը, կարծում եմ, որ այդ այցից հետո Հայաստանն ու Իրանն Ադրբեջանին ցույց կտան, որ չեն պատրաստվում հանուն Ադրբեջանի վնասել իրենց հարաբերությունները։

– Ըստ Ձեզ` էներգետիկ ո՞ր պրոյեկտների շուրջ հստակություն կարող է մտնել տեսանելի ապագայում։

– Փորձնական տարբերակով ծրագիր կա իրանական գազը Վրաստան արտահանելու ուղղությամբ, այս հարցի շուրջ որոշակիություն կմտցվի։ Նաև հնարավոր է Մեղրիի ՀԷԿ-ի հարցով, երկար ժամանակ քննարկվում է, որ իրանական կողմը պետք է կառուցի, սակայն ֆինանսների բացակայության պատճառով չի կարողանում, միգուցե այդ հարցը քննարկվի։ Էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, կարծես թե, ընթանում է։ Բանակցությունների հիմնական թեման իրանական գազի արտահանումը կլինի։

– Այս հարցում հայ-իրանական հարաբերությունները որքանո՞վ են համաձայնեցված կամ պայմանավորված «Գազպրոմով»` հաշվի առնելով հանգամանքը, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով ՀՀ-ից պատվիրակություն մեկնեց Թեհրան` ստորագրելու Իրանի հետ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ հուշագիր «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի` Երևան կատարած այցից հետո։

– Այս հարցում հայաստանյան փորձագիտական շրջանակների կարծիքները երկու մասի են բաժանվում։ Մի մասը կարծում է, որ «Գազպրոմը» կխոչընդոտի, իսկ մյուս մասը կարծում է` չի խոչընդոտի։ Ես պատկանում եմ այն փորձագետների թվին, որոնք կարծում են, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է համաձայնության հասնել «Գազպրոմի» հետ։ Իրանից դեպի Վրաստան գազի արտահանումը ձեռնտու է նաև «Գազպրոմին», որովհետև այդ գազը սահմանափակ քանակով է լինելու, նոր գազամուղի կառուցման հարց դրված չէ, գազը տեղափոխվելու է «Գազպրոմին» պատկանող գազամուղով, այսինքն` երբ «Գազպրոմը» ցանկանա` կարող է այդ խողովակն անջատել։

Ամեն ինչ մնալու է «Գազպրոմի» վերահսկողության տակ։ Երբ Վրաստանը գազ գնի Ադրբեջանից, դրանից որևէ օգուտ չի ստանա «Գազպրոմը», «Գազպրոմին» ձեռնտու է` Վրաստանը գազ գնի Իրանից, և դա Վրաստանին մատակարարվի գազամուղով, որը պատկանում է «Գազպրոմին», շահույթ կստանա, վտանգ չկա։ Իմ կարծիքով` այս հարցն ամենաբարձր մակարդակով համաձայնեցվել է, ուստի այդ հարցերն առաջ են գնում անխոչընդոտ կերպով։

– Փաստորեն, հակազդեցություն չկա, քանի որ հեռանկարային ծրագրեր, այսինքն` իրանական գազի տարանցում դեպի Եվրոպա, չի ուրվագծվում։

– Այն ծրագրով, որով նախատեսվում է իրանական գազի արտահանում դեպի Վրաստան, նախատեսված չէ նոր գազամուղի կառուցում և իրանական գազի տարանցում դեպի Եվրոպա։

Տեսանյութեր

Լրահոս