
Intercept-ը բացահայտել է Նյու Յորքում ԱԱԳ-ի գաղտնալսման կենտրոնի գտնվելու վայրը

Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հանգուցային գաղտնի կենտրոններից մեկը, որտեղից գերատեսչության աշխատակիցները վարում են հեռախոսազրույցների գաղտնալսումներ, ինչպես նաեւ որսում են հաղորդումներ համացանցից, գտնվում է Նյու Յորքի կենտրոնում՝ AT&T հեռահաղորդակցական ընկերությանը պատկանող բազմահարկ շենքում: Այս մասին հայտնել է The Intercept հրատարակությունը:
Հրատարակության լրագրողների տվյալներով, որոնք կատարել են սեփական հետաքննություն, գորշ եւ պատուհաններից զուրկ բետոնե բարձրահարկը, որը գտնվում է Մանհեթենի բանուկ թաղամասերից մեկում, հատուկ ծառայությունների աշխատակիցների շրջանում կրում է Titanpointe կոդային անվանումը: Այդ 29-հարկանի շենքի շինարարությունը կատարվել է 1969-ից մինչեւ 1974 թվականը, այնտեղ, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ գտնվում է AT&T ընկերության հաղորդակցական կենտրոնը:
Սակայն The Intercept-ի վարած հետաքննությունը բացահայտել է, որ «այդ երկնաքերը պարզապես կենտրոն չէ, որի միջոցով միջազգային հեռախոսազանգեր են բաշխվում», նշված է հրապարակման մեջ: «Դա ԱԱԳ-ի առավել կարեւոր հետախուզական օբյեկտներից մեկն է ԱՄՆ-ի տարածքում, հսկման գաղտնի կենտրոն, որն օգտագործվում է հեռախոսազանգերի, ֆաքս-հաղորդագրությունների եւ ինտերնետ-տվյալների որսման համար»,- ասված է հոդվածում:
Ինչպես պնդում են լրագրողները, հենց այդ շենքից է գերատեսչությունը վարել լրտեսում, «որի նպատակակետերն են եղել ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ինչպես նաեւ առնվազն 38 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ի այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան եւ Ֆրանսիան»: Լրագրողների տվյալներով՝ նրանք այս եզրակացություններին են հանգել՝ ուսումնասիրելով, մասնավորապես, այն փաստաթղթերը, որոնք իրենց է տրամադրել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենը, ինչպես նաեւ ծանոթանալով շենքի ճարտարապետական պլաններին եւ հարցուփորձ անելով AT&T-ի մի շարք նախկին աշխատակիցների: ԱԱԳ-ում այս մասին մեկնաբանություններից հրաժարվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: