Վիգեն Սարգսյանը ցանկանում է որոշ զորամասերում տեսնել «ԹՈՒՄՈ-բանակ» կենտրոններ
Հայաստանը որպես ժամկետային զինծառայություն ունեցող երկիր պետք է հասկանա, թե քաղաքացին ինչպես է օգտագործում զինված ուժերում անցկացրած երկու տարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Շատ երկար մեր արձագանքը եղել է այն, որ բանակը հասարակության հայելին է, և այն ամենը, ինչ տեսնում ենք հասարակությունում, տեսնում ենք նաև բանակում, այսինքն` եթե ունենք հասարակությունում հանցագործ, ապա նա համաչափորեն կա նաև զինված ուժերում, եթե ունենք խնդիր, ապա այն կա այստեղ և այլն: Վիճակագրությունը երբեք դա ցույց չի տվել: Վերջին 10-12 տարիների ընթացքում դա շատ փոխվել է, և բանակը բազմաթիվ չափանիշներով անհամեմատ առաջ է եղել հասարակությունից` քրեածին առումով և այլն»,- շեշտեց նախարարը` օրինակ բերելով բանակում ինքնասպանությունների հարցը:
Նա շեշտեց, որ բանակային յուրաքանչյուր ինքնասպանություն համարվում է շատ լուրջ, ծանր խնդիր, սակայն իրավիճակը հասկանալու ու գնահատելու համար պետք է համադրել բանակում և բանակից դուրս ունեցող ինքնասպանությունները: Վերլուծությունը ցույց է տալիս, որ բանակային տարիքային խմբում տղամարդկանց թվից բանակից դուրս 3.8 անգամ ավել են ինքնասպանությունները, քան նույն կատեգորիայի մոտ զինված ուժերում:
«Եթե իրավիճակը կապված է հոգեկան խնդիրների հետ, ուրեմն պետք է հասկանալ, թե որտեղ է ռազմաբժշական հետազոտությունը, հրամանատարը թերացել ու չեն նկատել խնդիրը, որտեղ են ոչ կանոնադրական հարաբերությունը դարձել նման քայլի պատճառ: Նաև պետք է հստակ հասկանալ, որ գնահատական տալիս պետք է կառուցենք այս համատեքստում: Իմ թեզն ու համոզումն այն է, որ բանակը պետք է լինի ոչ թե հասարակության հայելին, այլ հասարակության դպրոցն ու դարբնոցը:
Մենք ստանում ենք 18 տարեկան քաղաքացի հաճախ թերի միջնակարգ կրթությամբ, արդեն հազվագյուտ բարձրագույն կրթությամբ, որովհետև տարկետումների թիվը վերջին 10-ամյակում կտրուկ նվազել է:
Հետևաբար, ունենք խնդիր`ինչպիսի քաղաքացի ենք ուզում, որ երկու տարի հետո զորացրվի բանակից: Կարծում եմ, որ չափանիշները շատ հստակ են` նա պետք է լինի շատ ավելի առողջ, շատ ավելի կրթված, դաստիարակված, հասարակության մեջ իր տեղն ու հնարավորությունները պատկերացնող ամրացած անձ»,- շեշտեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով` այս տարիներին տեղի է ունեցել լուրջ փոփոխություն, որը կապված է նաև ապրիլյան դեպքերի հետ: «Շուրջ 10 տարի առաջ զորացրվողը նշում էր, որ դա իր պարտքն էր և այլևս ոչ մի առնչություն բանակի հետ չի ուզում ունենալ, պատկերացում չունեին զորահավաքի կոնցեպտի մասին, շեշտում էին, որ կյանքում իրենց զավակին թույլ չեն տա ծառայել և նշում էին ազատ ժամանակի առկայության մասին: Այսօր զորացրվողները միանշանակ ֆիքսում են, որ լիարժեք գիտակցում են իրենց ծառայության կարևորությունը, վստահ են, որ կատարել են կարևոր գործ իրենց և ընտանիքների համար: Կարծում եմ, որ կարևոր ճանապարհ այս ուղղությամբ անցել ենք, սակայն տեսնում եմ, որ շատ մեծ ներուժ կա»,- ընգծեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը կարևորեց զորամասերում լրացուցիչ կրթության օղակների ստեղծման անհրաժեշտությունը: «Զորացրվող զինվորը, բացի զինվորական գիտելիքներից պետք է զորացրվի նաև քաղաքացիական կյանքում կիրառելի որոշակի հմտություններով: Սկսել ենք երկխոսություն ՏՏ ոլորտի խոշոր կառույցների հետ և ցանկանում ենք խոշոր զորամասերում ունենալ «ԹՈՒՄՈ-բանակ» կամ ինկուբատորներ, որտեղ մարդկանց նախ սովորեցնում են պարզ համակարգչային գիտելիքներ, այնուհետև ծրագրավորման ամենապարզունակ գաղափարները, որը կարող է իրեն կյանքում ավելի ամրացնել և ավելի պիտանի դարձնել: Եթե դա մեզ հաջողվի ես կհամարեմ, որ մենք մեծ նվաճում ունենք այս ուղղությամբ»,- ամփոփեց պաշտպանության նախարարը: