Բաժիններ՝

Երևանում բացվել է կրծքով կերակրման խորհրդատվության առաջին սենյակը

Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատանը նոյեմբերի 16-ին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը և Էրեբունի ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտարարեցին Հայաստանում առաջին «Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակ»-ի բացման մասին: Այս մասին տեղեկացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ից:

Ապագա և նորաթուխ մայրերի համար նախատեսված սենյակում աշխատելու են  վերապատրաստում անցած մասնագետներն այցելուներին կրծքով կերակրման առավելությունների, կերակրման նրբությունների, հնարավոր դժվարությունների, դրանց կանխարգելման մասին իրազեկելու առաքելությամբ:

Ներկաները հնարավորություն ունեցան հետևելու խորհրդատվության սենյակի առաջին այցելուների հետ աշխատանքին՝ նրանց օրինակով գնահատելու սենյակում տարվող աշխատանքների արդյունավետությունը:

«Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակը» ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ընտանիքի ակադեմիա»-յի համատեղ «Կրծքով կերակրման հաղթարշավ»-ի բաղադրիչներից է: Նույնատիպ սենյակ միաժամանակ շահագործման կհանձնվի Արարատ քաղաքի ծննդատանը կից պոլիկլինիկայում:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխաների իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Երեխաներն իրավունք ունեն համապատասխան սնուցման, ինչը կարևոր է առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշին հասնելու նրանց իրավունքի իրականացման համար։ Կանայք, իրենց հ երթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմնակալ տեղեկատվություն ստանալու և որոշումներ ընդունելու։  «Լանցետ » ամսագրի «Երեխաների կենսունակության վերաբերյալ» շարքը փաստում է, որ կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս