«Առյուծի բաժինն իշխանությանն է, որ տասնամյակներ շարունակ ամեն ինչ արեց, որ ինչ-որ բանի հանդեպ ժողովրդի հավատը կորի». Տիգրան Հեքեքյան
Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկումներին:
Մի՞թե այդքան բարոյալքվել է մեր ժողովուրդը, որ չի ցանկանում օգնել իր սահմանները, հողը պաշտպանող զինվորին: Այսպիսի հռետորական հարցով է սկսում հրավիրված մամուլի ասուլիսը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
«Առաջադրվել է մարդասիրական մի գործընթաց՝ առողջական, սոցիալական խնդիրներ առաջանալու դեպքում օգնել բանակում կռվող զինվորին: Խնդիրն այստեղ իրականում գումարը, կամ նույնիսկ գումարի չափը չէ: Մասսայական այս ընդվզումն առավել շատ շոշափում է անվստահության մթնոլորտը, խոսում երկողմանի՝ ժողովուրդ- իշխանություն, իր հերթին նաև՝ իշխանություն-ժողովուրդ անվստահության մթնոլորտի մասին: Այլապես բոլոր կասկածներից վեր է, որ մեր ժողովուրդը մտքով և էությամբ մշտապես եղել է բանակի, զինվորի, սպայի կողքին, և սրա վառ ապացույցը քառօրյա պատերազմի օրերն էին»,- ասաց Տ. Հեքեքյանը:
Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վստահ է՝ ժողովուրդը բանակն է, բանակը ժողովուրդն է.
«Որևէ քննարկում այստեղ չկա: Ուղղակի այն ձևը և տեսակը, որով մատուցվում է այս ամենը՝ սխալ ունի: Ժողովուրդը կողմ է գաղափարին, բայց դեմ է ձևին: Մենք Պաշտպանության նախարարությունում կայացած երեկվա հանդիպման ժամանակ մի քանի հոգով առաջարկեցինք՝ եկեք սկսենք կամավորության սկզբունքով՝ հանրային վերահսկողությամբ: Նախ՝ պետք է լիներ քննարկում, առաջարկություններ հավաքվեր, ստեղծվեր հանձնաժողով, որը փորձեր մշակել ամենաճիշտ ձևը:
Կամավորություն՝ նշանակում է՝ վստահություն: Կամավորությունը նաև բարոյական պարտականություն է, երկրի, քաղաքու կարգավիճակ է: Կամավորությունը լավ բան է, հաճույք պետք է ստանալ: Ինչո՞ւ են այդ հաճույքից մեզ զրկում: Ինչո՞ւ են կասկածում, որ մարդիկ այդքան անգիտակից են: Խորհրդակցության ժամանակ կարծիք հնչեց ՝ իսկ եթե չհավաքվի՞: Այդ ժամանակ փորձեք անցնել ձեր մեթոդին:
Բայց եկեք փորձենք՝ ստեղծելով հասարակական վերահսկման բոլոր մեխանիզմները, որպեսզի ամեն մի դրամի, լումայի ճանապարհը երևա, թե ինչ ընտանիքներ են ստանում, ով է վճարում: Ուզում եմ կարգին մարդ լինել կամավոր, ոչ թե պարտադիր: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, ինչո՞ւ ինձ չեք տալիս այդ շանսը: Հասարակությունը պարտավոր չէ վստահել իշխանությանը, իշխանությունը պարտավոր է: Եթե չի վստահում իր ժողովրդին, իրավունք չունի լինել այդ հասարակության գլխին»:
Վերադառնալով անվստահության մթնոլորտին՝ Տիգրան Հեքեքյանը հավելում է.
«Չի՞ վստահում: Ո՞վ է մեղավոր: Գուցե ինչ-որ չափով ժողովուրդը, որ արդեն ոչնչի չի հավատում, նույնիսկ գեղեցիկ նախաձեռնությանը: Բայց առյուծի բաժինն իշխանությանն է, որ տասնամյակներ շարունակ ամեն ինչ արեց, որ ինչ-որ բանի հանդեպ ժողովրդի հավատը կորի: Նախ՝ պետք է սկսենք հավատը վերականգնելով, ոչ միայն ուղղակի խոսքով, այլ գործով: Պետք է վերացնել անպատժելիության մթնոլորտը ոչ միայն բանակում: Ժողովուրդն իր բողոքով ցույց է տալիս, որ ընդվզում է անարդարության դեմ, թե չէ բանակը մերն է, պաշտում ենք մեջ զինվորին: Պարզապես ժողովրդին զրկում են ինքնուրույն մտածելու կարողությունից»:
ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝ նախագծի շուրջ քննարկումները պետք է շուտ սկսվեին.
«Սա կոնսոլիդացման լավ գաղափար է, որ գուցե պետք է ավելի նուրբ ձևերով արվեր: Կյանքը ցույց է տալիս, որ սփյուռքը միշտ աջակցել է ազգին, բանակին: Սա էլ պետք է կանոնակարգվի: Սփյուռքն էլ պետք է մասնակից լինի ավելի շուտ կամավորականության սկզբունքով: Գուցե մշակվեն մեխանիզմներ»:
168.am-ի հարցին արդյո՞ք Պաշտպանության նախարարությանը բյուջեից հատկացվող միջոցներն այնքան սուղ են, որ ՊՆ այսօրինակ նախաձեռնությամբ է հանդես գալիս, Ռուբեն Բաբայանը պատասխանեց.
«Ես ռազմական մասնագետ չեմ, որ վտահորեն իմանամ՝ որքա՞ն գումար է պետական բյուջեից հատկացվում Պաշտպանության նախարարությանը, բայց մի բան հաստատ է՝ գումարները պետք է օգտագործվեն նպատակային: Մարգարետ Թետչերն ասում էր՝ «Չկա պետական փող, կա հարկատուներից ստացված գումար»: Հաճախ ասում ենք՝ պետական փողն ինչպե՞ս են ծախսել: Պետական փող չկա: Իմ փողն են ծախսում, և ես պարտավոր եմ տեր կանգնել իմ փողին»:
Տեղեկացնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը նախատեսում է 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ վճարման համակարգը, որ ծառայելու է զոհված կամ վիրավոր կարիքավոր զինծառայողների ընտանիքների նյութական ֆինանսական բեռի թեթևացմանը: