
«Ոչ ոք իրավունք չունի դա մեզ արգելելու». Գագիկ Մելիքյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Ղարաբաղի հարցին և նշեց, որ ԼՂՀ սահմանին Ադրբեջանի կողմից մեծաքանակ ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի կիրառմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների իրականացումը լուրջ մտահոգություն պետք է դառնա միջազգային հանրության համար.
«Նման գործողությունները կոպտորեն խախտում են նախագահների Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մի երկիր, որի ռազմական բյուջեն մեծ է մեր երկրի պետական բյուջեից, մեզ ցինիկորեն ագրեսիվ է անվանում՝ նախադրյալներ ստեղծելով, որ մենք ավելի կոշտ պաշտպանենք մեր հետաքրքրությունները, մեր ազգային և պետական շահերը՝ ապահովելով մեր անվտանգությունը: Իսկ այսպես շարունակվելու դեպքում, կարող ենք մեզ նույնիսկ թույլ տալ՝ պաշտպանական գործողություններից հակահարձակման անցնել: Այս պարագայում ոչ ոք իրավունք չունի դա մեզ արգելելու»:
Նա նշեց, որ վերջերս են եղել ԼՂՀ-ում և տեսել, որ ժողովուրդն ու զինվորները հպարտ են, պատրաստ դիմագրավելու Ադրբեջանի գործողություններին. «Այցի ընթացքում եղանք Թալիշ գյուղում ու ծանոթացանք գյուղի խնդիրներին, որոնց լուծումը ցանկացածիս պարտքն է: Այդպես մենք կապահովենք զինվորի թիկունքն ու ժողովրդի անվտանգությունը»: