«Ուղղակի անուններ ասելով՝ մենք այս հարցը չենք լուծի, վստահության էլեմենտ չենք փոխի». Կարեն Բեքարյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադառնալով քննարկվող ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին, նշեց, որ, եթե կան հարցեր կամ հարցադրումներ, ապա դրանք ոչ թե հենց նախագծին են վերաբերում, այլ հարակից դաշտերին.
«Այդ հարակից դաշտերը դարձան այնքան արդիական, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ շոշափվելով հանդերձ՝ շոշափվում են նաև այս նախագծի շրջանակներում: Շատ մեծ հույսեր բերած ազգ-բանակ կոնցեպտը և դրա փակագծերը դեռ չբացված՝ հանրության որոշակի շերտի մոտ հարց առաջացավ՝ կարո՞ղ է ազգ-բանակ կոնցեպտ ասելով՝ միայն սա նկատի ունեին: Վստահ եմ, որ ոչ: Բայց մինչ այս օրենքի կիրառումը պետք է բավականաչափ դրույթներ մատուցել հանրությանը»:
Նրա խոսքով՝ վստահության բարձրացման խնդրի լուծում չի կարող լինել անունների հրապարակումը:
«Իհարկե, չպետք է ունենանք ծայրահեղություններ. մենք մի կողմից հստակ պետք է պատկերացնենք, որ բանակում ծառայության ընթացքում անցած ճանապարհի մեջ իրենց ներդրումն ունեցած զինվորականները պետք է ունենան շատ լավ պայմաններ, երկրորդ՝ պետք է լինի միարժեք, որ երկիրը կմտնի լրիվ ուրիշ իրավիճակների մեջ, եթե սեփականության իրավունքը դրվի հարցականի տակ, ու դրա հետ կապված վերանայումներ լինեն:
Բայց մյուս կողմից՝ այո, պետք է լինեն այն գործերը հանրության համար տեսանելի և ընկալելի, որոնք ցույց են տալիս, որ կա պատասխանատվություն, որին ենթարկվելն այդ իսկ պահից այս վստահության ֆոնը կփոխի: Թե չէ՝ ուղղակի անուններ ասելով՝ մենք այս հարցը չենք լուծի, վստահության էլեմենտ չենք փոխի»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ շատ մարդիկ ծառայությունը համատեղում են բիզնես-գործունեության հետ.
«Կարողանո՞ւմ ենք այս սողանքները փակել, կամ գոնե՝ մինիմալիզացնել. սա վստահության էլեմենտի վրա անդրադարձող խնդիր է: Եթե ապահովենք այդ բոլոր մեխանիզմները, այս հիմնադրամը կարող է դառնալ արտակարգ նախադեպ, որ բոլոր հիմնադրամների նկատմամբ վստահության էլեմենտը որոշակի տրանսֆորմացիայի ենթարկվի»:
Պատգամավորն արեց մի շարք հարցադրումներ.
«Արդյոք ժամանակը չէ՞՝ նորից անդրադառնալ շքեղության հարկին, արդյոք ժամանակը չէ՞՝ տարկետման իրավունքի ողջ բլոկը վերանայելու՝ էապես նվազեցնելով տարկետման իրավունքի խնդիրները, կամ ստեղծել բազա մեր միջին և բարձր պաշտոնյաների ծառայության խնդրի հետ կապված. ծառայո՞ւմ են, չե՞ն ծառայում, եթե ծառայել են, ապա որտե՞ղ, եթե ոչ, ապա ինչո՞ւ չեն ծառայել: Դա հնարավորություն կտա այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել»:
Ըստ նրա՝ այլ խնդիր է, որ հիմնադրամի համար 1000 դրամ են հավաքում, ու լրիվ այլ խնդիր է, երբ որոշ գործատուներ «լավամարդ» երևալու համար իրենց աշխատակիցներից կվերցնեն 5000-ական դրամներ՝ դրանով առաջացնելով դժգոհությունների ալիք.
«Կարողանալո՞ւ ենք սա կանխել. Եթե կարողանալու ենք, կլինի արտակարգ»: