«Ո՛չ տեխզննում կա, ո՛չ կարգին ճանապարհ, ո՛չ գծանշում, ո՛չ էլ ՃՈ-ի կողմից դեպքերի վերլուծություն». Էդուարդ Հովհաննիսյան

«2016թ. ՀՀ-ում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 2762 Ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որի հետևանքով զոհվել է 227 մարդ, վիրավորվել՝ 3844-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նույն օրվա համեմատությամբ՝ ՃՏՊ-ների թիվը նվազել է 196-ով, վիրավորներինը՝ 265-ով, իսկ զոհերինը՝ 63-ով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ իրենց կանխատեսումներով՝ զոհերի թիվն էլ ավելի կարող է նվազել որոշակի գործոնների ազդեցությամբ:

«Գործոններն ու ձեռնարկված միջոցառումները համալիր բնույթ ունեն, և սկսած քարոզչական աշխատանքից՝ վերջացրած արագաչափերի ու տեսախցիկների կիրառումով, բոլոր գործողությունները տվել են իրենց տեսանելի արդյունքը: 2009թ. ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 72 մարդ, 2010թ.՝ 81, 2011թ.՝ 92: Այսինքն՝ ունեցել ենք աճի միտում, իսկ տեսախցիկների նկարահանումից հետո 2012թ. միայն Երևան քաղաքում 29 զոհ պակաս ունեցանք»,- նշեց նա:

Մյուս բանախոս՝ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ նշեց, որ ՃՈ-ն, որպես կանոն, թվեր է ասում, բայց վերլուծություն չի անում՝ ինչու է այդպես.

«Մենք երբևէ չենք լսել, թե ինչո՞ւ է մինչև 2012թ. զոհերի թիվը մոտավորապես նույնը մնում, ինչ տեսախցիկների տեղադրման պահին: Ավելին, նախորդ տարի զոհերի թիվը 49-ով ավելացավ՝ դրան նախորդող տարվա համեմատ: Չունենք վերլուծություն, ձեռնարկված միջոցներ:

Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ ունենք անկազմակերպ վարորդներ, որոնք ժառանգություն են մնացել Խորհրդային Միությունից: Գալիս են մեզ մոտ և ասում՝ 50 տարվա վարորդ եմ, բայց ասում ենք՝ ցույց տուր՝ խաչմերուկը ո՞րն է՝ չգիտեն: Տրանսպորտային միջոցները սարքին վիճակում չեն, որովհետև չունենք տեխզննում: Չունենք նաև ճանապարհ, որի մեջ մտնում են երթևեկության կազմակերպումը, նշանների տեղադրումն ու համապատասխանեցումն այսօրվա ստանդարտներին»:

Ա. Խաչատրյանը, սակայն, նշեց, որ ՃՈ-ի կողմից իրականացվող բոլոր միջոցառումները համապատասխան վերլուծության արդյունքում են կատարվում.

«Խոսքն այն միջոցառումների մասին է, որոնք ունեն երկարատև և նպատակային բնույթ, այլ ոչ թե՝ հրատապ են և օպերատիվությունից են բխում: Չեմ կարող ասել, թե ինչ պատկեր կունենայինք, եթե մի քիչ անգործության մատնվեինք ու չտեղադրեինք տեսանկարահանող, լուսանկարահանող սարքերը:

Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ զոհերով ՃՏՊ-ների զգալի մասը տեղի է ունենում արագության ռեժիմի խախտման հետևանքով, սա չի նշանակում, որ բոլոր պատահարները տեղի են ունեցել արագության գերազանցման հետևանքով: Մյուս պատճառն է՝ գծանշումների և նշանների պահանջները չկատարելը»:

Հարցին՝ եթե չկան այդ գծանշումները, վարորդն ինչպե՞ս կատարի այդ պահանջները, նա այսպես պատասխանեց. «Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված են վարքագծի այն կանոները, որոնք պետք է կիրառի վարորդը, երբ բացակայում են գծանշումներն ու նշանները»:

Տեսանյութեր

Լրահոս