«Ճիշտ կլինի՝ տիկին Հրանուշ Հակոբյանը դիմի սփյուռքահայերին, որ նրանք էլ երկու ամիսը մեկ 5 դոլար տան». Վարդան Դևրիկյան
Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն այն կարծիքին է, որ բանակին 1000 դրամ տալը պետք է լինի ազգային տուրքի գաղափար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ մեծ ոգևորություն է ապրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկից. «Բարեգործությունը, ինչ-որ մի քայլ անելը, անկախ մեր ժողովրդի ընդհանուր նյութական վիճակից, ինչ-որ տեղ մարդուն բարձրացնում է, վեհացնում է: Ես մտածում էի՝ թե՛ այս համատեքստը կա, թե՛ առարկայորեն օգտակար լինել մեր բանակին: Եվ պետք է ասել, որ անկախ մեր սոցիալական վիճակից, թոշակառուների քանակից ու նվազագույն աշխատավարձից, ամեն դեպքում, 1000 դրամը ելակետային քայլ է»:
Ավելին՝ նա կոչ է անում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ գումար ուղարկելու նպատակով դիմել սփյուռքահայերին. «Ճիշտ կլինի, որ տիկին Հրանուշ Հակոբյանը դիմի սփյուռքահայերին, որ երկու ամիսը մեկ սփյուռքահայությունն էլ 5 դոլար տա: Դա հատկապես պետք է պարտավորեցնող լինի երկքաղաքացիների համար, որովհետև ՀՀ անձնագիր ունենալը միայն արտաքին աքսեսուար չէ»:
Լրագրողների դիտարկմանը՝ որքանո՞վ է բարոյական համարում սփյուռքից 5 դոլար ողորմություն խնդրելն այն դեպքում, երբ Հայաստանում կան օլիգարխներ, որոնք ամեն ինչ ունեն, և որանո՞վ վստահ լինենք, որ այդ գումարները գնալու են բանակին, նա այսպես արձագանքեց. «Ամեն դեպքում, դա այն փողը չի, որ կուտվի: Մահացած զինվորի համար հավաքած փողը չեմ հավատում, որ կուտեն: Էդ ջիպերից-բանից որ խոսում եք, հիմա ի՞նչ՝ պետք է կուլակաթա՞փ անեն: Ով յուրրացում է կատարել, թող այդ փողը ետ բերեն: Բայց ժողովուրդը մի խոսք ունի՝ բռնված չի՝ գող չի»:
Հարցին՝ պատրա՞ստ է նույն ոգևորությամբ պաշտոնյաներին ասել՝ բերեք՝ առաջին հերթին ձեր մեքենաները վաճառեք, հետո նոր սփյուռքից 5 դոլար հավաքեք, նա պատասխանեց. «Հա՜: Եթե դա իրենց ունեցվածքն է, հո չե՞նք կարող ասել՝ եկեք այդ մարդկանց կուլակաթափ անենք, եթե ինչ-որ յուրացում է, ապա ցույց տվեք, ես էլ պայքարեմ ու այդ յուրացումը հետ վերցնենք: Ինչ վերաբերում է պետական համակարգին, ապա համաձայն եմ ձեզ հետ, որ, եթե ասում են՝ գոտիները պետք է սեղմել, ապա առաջինը պետք է սեղմել պաշտոնյաների, իրենց ծառայողական մեքենաների, կենցաղի…. Ես ավելին կարող եմ ասել՝ մեր երկրում կրճատումներն ինչ-որ շիզոֆրենիկ բնույթ են ստանում, բայց ցավով տեսնում ես, որ, ասենք, մնացած պաշտոնյաների կոմֆորտի ու մյուս հարցերի համար արվող հատկացումները չեն կրճատվում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: