Մահ վճարյալ

2017 թվականի հունվարի 1-ից պատերազմական պայմաններում զոհված զինծառայողներին յուրաքանչյուր քաղաքացու կողմից ամսական 1000 դրամի վճարման հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Գրեթե բոլոր ասպեկտներով։ Վստահություն ու հաշվետվողականություն, բյուջեի նպատակահարմարություն  ու լափման մեխանիզմներ, և այլն, և այդպես շարունակ։

Բայց բոլոր քննարկումներում ու ընդզվումներում ու քննադատություններում բացակայում է հարցը, որը շատ ավելի կարևոր է, քան այն, թե ինչպես է պետությունը քաղաքացիներից ամսական ևս 1000 դրամ պոկելու։ Իշխանությունը կգտնի դրա ձևը՝ օրենքով կամ առանց դրա, պաթետիզմով կամ ցինիզմով, հայրենասիրական բղավոցներով, վերջին հաշվով։ Իսկ քննարկումներում բացակայող հարցը շատ ավելի լուրջ է, քան որևէ դրամ կամ դրա միլիոնապատիկը։ Եվ հարցն այդ վերաբերում է Ղարաբաղյան պատերազմին ընդհանրապես իշխանության վերաբերմունքին։ 1000 դրամի նախաձեռնությամբ պետությունը խոստովանում է, որ ընտրել է հավերժական պատերազմը, պետությունը խոստովանում է, որ խաղաղության համար չի անելու ավելին, քան արել է մինչև օրս։ Իսկ մինչև օրս արվածի արդյունքը կայուն զոհերն են։

Չփոխհատուցվող ու առայժմ չվճարվող զոհերը։ «Մեղավորն Ադրբեջանի ապակառուցողականությունն է» հիմնավորումն այս դեպքում ընդամենն անկարողության խոստովանություն է։ Եթե այսօր իշխանության մեջ գտնվողները չեն կարողանում իրենց ստեղծագործականությամբ, նորարարությամբ ու չգիտեմ ինչով գտնել ղարաբաղյան հակամարտության լուծումը, ապա թող իշխանությունը զիջեն նրանց, ովքեր գոնե կփորձեն խաղաղությունը գերադասել պատերազմից։ Ու կյանքը՝ մահից։

Մինչդեռ այսօր իշխանության մեջ գտնվողների սստեղծագործականությունը բավականացնում է ընդամենը խաղաղություն չգտնելու համար արդարացումներ ու հիմնավորումներ փնտրելուն։ Մեկ էլ՝ ևս 1000 դրամ քաղաքացիներից գանձելուն։ Հանուն հայրենիքի ու զինվորի։ Ոչ թե կենդանի զինվորի, այլ զոհված։ Ապագայում զոհվելիք։

Իսկական մահ իմացյալ, որը, փաստորեն, իշխանությունն ուզում է դարձնել նաև մահ վճարյալ։ Այն իշխանությունը, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բոլոր հնարավոր միջոցներով խցկել է ռուսական շահերի պրիզմայի մեջ, ու խցկելով՝ փակել է աշխարհի հետ խոսելու, աշխարհին համոզելու ու ապացուցելու բոլոր հնարավորությունները։ Ու ռուսական ծիր խցկվելով՝ իշխանությունը փակել է նաև ղարաբաղյան հարցը՝ որպես մարդու, որպես մարդու ազատ ու անմահ ապրելու համամարդկային խնդիր ներկայացնելու բոլոր հնարավորությունները՝ չընդդիմանալով ղարաբաղյան հարցը լոկ որպես տարածքային խնդիր դիտարկելու ադրբեջանական դիրքորոշմանը։

Ու այս 1000 դրամանոց նախաձեռնությամբ իշխանությունն ընդամենը ևս մեկ քայլով հաստատում է, որ ղարաբաղյան հարցն իր համար ոչ թե կյանքի, այլ մահվան հարց է, որ պետությունը գնահատում է ոչ այնքան զինվորի՝ կենդանի մնալու հերոսությունը, որքան՝ հերոսաբար զոհվելու կարողությունը։ Իսկ թե ինչ ուղերձ է հղում իշխանությունն այս նախաձեռնությամբ բոլոր այն 18 տարեկան կամ դրան տարիքով մոտ երիտասարդներին, ովքեր ամիսներ հետո մեկնելու են զինծառայության, երևի պետք է պատասխանեն հոգեբաններն ու նաև հոգեբույժները։

Բայց իշխանությունը, ինչպես միշտ, այս հարցում ևս շահող է դուրս գալու կամ արդեն իսկ եկել է։ Այս մահամեծար կամ մահապաշտ նախաձեռնության շուրջ աղմուկը պտտվում է հիմնականում վստահության, հավատի ու այլ հարցերի շուրջ։ Ու գրեթե չի խոսվում խաղաղություն ապահովելու՝ պետության, ավելի ճիշտ՝ իշխանության անկարողության մասին։ Իսկ վստահության հարցը հեշտ է՝ իշխանությունը սեփական ակտիվիստների, բլոգերների ու այլ մանիպուլյատորների միջոցով կկարողանա ապահովել ոչ թե վստահություն, այլ դրա պատրանք, ու օրենքի տեսք կտա այն նախաձեռնությանը, որի հիմքում ընկած է վճարովի մահվան հակամարդկային գաղափարը։

Տեսանյութեր

Լրահոս