Բաժիններ՝

ՆԱՏՕ-­ի կենտրոնակայանում քննարկվել է ՀՀ-­ՆԱՏՕ ԱԳԳԾ 2015­-2016թ. գնահատման զեկույցը

ՆԱՏՕ-­ի կենտրոնակայանում նոյեմբերի 11-­ին տեղի ունեցավ ՆԱՏՕ-­ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե­-Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ­-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Արմենպրես»-­ի փոխանցմամբ, հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ­-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2015­-2016թ. գնահատման զեկույցը:

ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-­ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը և տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցությանը, վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ 2017թ. ընթացքում շարունակելու հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման առաքելություններին:

Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանում անցկացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումները, 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական գործընթացը, ինչպես նաև` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրեց այս տարի իրականացված Պաշտպանության ռազմավարական վերանայման հիմնական արդյունքները, կարևորեց ռազմական համագործակցության, պաշտպանական կրթության և բարեփոխումների բնագավառներում առկա համատեղ ծրագրերի և ձևաչափերի հետագա զարգացումը։

Որպես առաջիկա տարիների պաշտպանական քաղաքականության առաջնահերթություն՝ նշվեցին նաև զինված ուժերում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների ամրապնդման, զինված ուժերի քաղաքացիական և հանրային վերահսկողության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։ Պաշտպանական բարեփոխումները և պաշտպանության ոլորտի օրենսդրության վերանայումը կիրականացվեն զինված ուժերը՝ որպես Հայաստանի տնտեսության, կրթության ու գիտության զարգացումը խթանող գործոնի դիտարկման տրամաբանության շրջանակներում։

Նիստի մասնակիցների խնդրանքով հայկական կողմը ներկայացրեց նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող
իրավիճակը, ապրիլի սկզբին Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները ու դրանց
հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

ՆԱՏՕ-­ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում: Բանախոսներն իրենց աջակցությունը հայտնեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին՝ կարևորելով խնդրի կարգավորումը բանակցությունների հիմքում ընկած երեք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Աշոտ Հովակիմյանը և Դավիթ Տոնոյանը պատասխանեցին նաև ՆԱՏՕ-­ի անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի:

Նիստից հետո հայկական պատվիրակությանն ընդունեց ՆԱՏՕ-­ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ­-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրների: Մասնավորապես, հայկական կողմը ՆԱՏՕ-­ի բարձրաստիճան պաշտոնյայի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի հետ շփման գծի երկայնքով լարվածության աճի վրա՝ Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացման նախօրեին։ Այնուհետև, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպեցին ՆԱՏՕ­-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով օգնական, դեսպան Ալեխանդրո Ալվարգոնսալեսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-­ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում ընթացող երկխոսությանն ուղղված քայլերը: Ալեխանդրո Ալվարգոնսալեսն աջակցություն հայտնեց նոր ԱԳԳԾ­-ով համագործակցության առավել խորացման միջոցառումների իրականացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս