Բաժիններ՝

Վատիկանում կայացել է Ֆրանցիսկոս պապի և Արամ Ա. Կաթողիկոսի հանդիպումը

Վատիկանում նոյեմբերի 11-­ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդիպում է ունեցել Արամ Ա. Կաթողիկոսի հետ: Այդ մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից:

Վեհափառ Հայրապետն առաջին հերթին իր ջերմ շնորհակալությունն է հայտնել Սրբազան Պապին, որ Հայոց Ցեղասպանության 100-­ամյակի առիթով, հրապարակային երկու ելույթների ընթացքում՝ Վատիկանում ու Երևանում, հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին: Վեհափառ Հայրապետը նշել է, որ եկեղեցին պետք է կանգնի ճշմարտության կողքին ու կրկին ընդգծել է, որ 20-­րդ դարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, որը Թուրքիայի կողմից մերժվում է: Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների բազմաթիվ դժվարություններին ու նշել այդ իրավիճակում եկեղեցու՝ նրանց կողքին լինելու փաստը:

Նա շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ քրիստոնյա համայնքի իրավունքը պաշտպանելու համար: Վեհափառ Հայրապետն ընդգծել է նաև քրիստոնյա­մուսուլման միջկրոնական երկխոսության կարեւորությունը, Մերձավոր Արևելքում քրիստոնյա ժողովրդի պահպանությունը և շնորհակալություն հայտնել Վատիկանին այս հարցում օժանդակության համար:

Արամ Ա. Կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապն ուրախությամբ ողջունել են նաև Լիբանանի նախագահական ընտրությունները և կարեւորել Լիբանանում բնակվող քրիստոնյա ու մուսուլման ժողովրդի խաղաղ գոյակցությունը: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Սրբազան Քահանայապետին է նվիրել վերջերս հրատարակված Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կատալոգը՝ «The Armenian Catholicosate of Cilicia – History, Treasures, Mission»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս