«Թե՛ ԱՄՆ-ին, թե՛ ՌԴ-ին Ղարաբաղում պատերազմ պետք չէ. դա կշարունակվի նաև Թրամփի ժամանակ». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Թրամփի հաղթանակն անակնկալ չէր, քանի որ ժողովուրդը քվեարկել է ոչ թե նրա օգտին, այլ գործող համակարգի դեմ.

«Ամբողջ աշխարհում կա այս ճգնաժամը. մենք տեսնում ենք, որ պոպուլիստները կարողանում են հաղթանակ տանել, որովհետև մարդիկ հոգնել են էլիտայից: Դա մեզ մոտ էլ կա: Ավանդական քաղաքական ուժերը կորցրել են իրենց վարկանիշը, դա տեղի է ունենում նաև Արևմուտքում։ Մարդիկ քվեարկել են ոչ թե Թրամփի օգտին, այլ ուղղակի ուրիշ ոչ ոքի օգտին չէին կարող քվեարկել: Դեմ քվեարկել կարող էին, իսկ կողմ քվեարկել՝ ոչ։ Հետևաբար՝ Թրամփի օգտին քվեարկողները քվեարկել են էլիտայի դեմ»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Վաշինգտոնի 93%-ը քվեարկել է Քլինթոնի օգտին, ինչը նշանակում է, որ  էլիտան ու ժողովուրդը տարբեր կերպ են քվեարկում.

«Եթե Քլինթոնն ընտրվեր, ոչ մի լուրջ փոփոխություն չէր լինի»։

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ի գրեթե բոլոր ԶԼՄ-ներն ու ուժերն աշխատում էին ընդդեմ Թրամփի, բայց ամերիկացիներն ասացին`«իյա՜», ու քվեարկեցին Թրամփի օգտին։
Նրա կարծիքով՝ մեր տարածաշրջանում լուրջ փոփոխություններ սպասել պետք չէ.

«Ընդհանուր դինամիկան ինչ-որ կերպ կփոխվի, օրինակ՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Մերձավոր Արևելք հարաբերություններում, բայց դա հիմա էլ կա ու առանձին անձերից կախված չէ: Ամերիկայում գործում է համակարգ, դրա համար լուրջ փոփոխությունների սպասել պետք չէ»:

Անդրադառնալով Ղարաբաղի հարցին, նա ասաց՝ եթե հարցին նայենք ԱՄՆ-ի ու Ռուսաստանի տեսանկյունից, այլ ոչ՝ Երևանի, պատկերն այլ կլինի.

«Ղարաբաղի հարցը միակն է, որտեղ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը համագործակցում են, որովհետև երկուսին էլ այստեղ պատերազմ պետք չէ, ու դա կշարունակվի: Այդ ֆորմատն արժեքավոր է և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար, ու անձի փոփոխությունը չի անդրադառնա դրա վրա, լինի դա Թրամփը թե այլ մարդ»:

Տեսանյութեր

Լրահոս