«Թրամփի նախագահությամբ Հարավային Կովկասին մեծ փոփոխություններ չեն սպասվում». Մալաշենկո

«Թրամփի նախագահությամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը շատ ավելի մեղմ  կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և  անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրություններին, որոնց արդյունքում հաղթանակեց հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը։

Հիշեցնենք, որ հանրապետական թեկնածուն ստացել է՝ ընտրական կոլեգիայի անդամների 276-ի, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայները։ Թրամփի հաղթանակը դարձավ ողջ աշխարհը ցնցած իրական հեղափոխություն։

Ալեքսեյ Մալաշենկոն, պատասխանելով հարցին, թե ի՞նչ փոփոխություններ կկրի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Դոնալդ Թրամփի նախագահությամբ, ասաց, որ Դոնալդ Թրամփը երկրի ներքին հարցերում կոշտ, իսկ արտաքին քաղաքական հարցում՝ մեղմ դիրքորոշում էր որդեգրել։ Ըստ նրա, սա անպայմանորեն իր ազդեցությունը կունենա ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։ «Թրամփն իր քարոզարշավի ընթացքում ասում էր այն, ինչ ցանկանում էր լսել ամերիկացի ժողովուրդը։ Արտաքին քաղաքականության մեջ ևս Թրամփի հաշվարկները ճիշտ դուրս եկան։ Նա ԱՄՆ արտաքին մի փոքր ավելի պասիվ քաղաքականության կողմնակիցն է, ինչն էլ տարիներ շարունակ ցանկանում էին ամերիկացիները, ցանկանում էին հեռու լինել հակամարտություններից, չկրել Եվրոպայի, ՆԱՏՕ-ի  «բեռ»-ը, ունենալ ավելի խիստ միգրացիոն քաղաքականություն, ինչը դարձավ Թրամփի հաղթաթուղթը»,- նման կարծիք հայտնեց Մալաշենկոն։ Վերջինիս համոզմամբ՝ ամերիկյան արտաքին քաղաքականության ավանդույթները կշարունակվեն, բայց ավելի մեղմ տեսքով, ինչը հնարավոր չէր լինել ասել դեմոկրատ Քլինթոնի հաղթանակի դեպքում։

Մալաշենկոն հիշեցրեց, որ Թրամփը խոստացել է կարգավորել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Ժամանակը ցույց կտա, թե որքանով դա Թրամփին կհաջողվի, այնուամենայնիվ, նորընտիր նախագահի և ՌԴ նախագահի միջև որոշակի համակրանք կա, ինչը հուսադրող է։ Թրամփը բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ, ինչը, կարծում եմ,  կանդրադառնա ոչ միայն  ռուս-ամերիկյան հարաբերությունների, այլև այն հակամարտությունների վրա, որտեղ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն սկզբունքային տարաձայնություններ ունեն։ Խոսքը մասնավորապես Սիրիայի և Ուկրաինայի մասին է։ Սա արդեն իսկ մեծ ձեռքբերում կլինի»,- ասաց Մալաշենկոն։ Իսկ ինչպե՞ս կփոխվի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում. այս հարցին Մալաշենկոն պատասխանեց՝ պնդելով, որ Հարավային Կովկասին մեծ փոփոխություններ չեն սպասվում։

«Վրաստանն ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, այդպես էլ լինելու է, կա ԼՂ չկարգավորված հակամարտությունը, որտեղ ավանդաբար, լավ թե վատ, աշխատել են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, այստեղ լուրջ տարաձայնություններ մեզ հայտնի չեն, հակամարտությունը չի կարգավորվում, քանի որ կողմերը չունեն բավարար քաղաքական կամք»,- ասաց Մալաշենկոն։ Եզրափակելով՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ այս պահին վերջնական կանխատեսումներ անելու համար դեռ վաղ է, քանի որ հայտնի չէ, թե Թրամփի ծրագրերը որքանով իրագործելի կլինեն, քանի որ Թրամփը միապետ չի լինելու։ «Սա բարդ և ժողովրդավարական քաղաքական համակարգ է, որը միայն նախագահի անձով չէ պայմանավորված»,- ընդգծեց Մալաշենկոն։

Տեսանյութեր

Լրահոս