Բաժիններ՝

«Մեր տունը» ջերմություն է տալիս օրիորդներին

Արդեն տասը տարի է, ինչ «Մեր տունը» օրիորդաց տունը մանկատների 18 տարին լրացած շրջանավարտ աղջիկների համար հարազատ մի վայր է դարձել, որոնք այդ տարիքում զրկվում են պետության խնամքից, ասաց «Մեր տան» տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա պատմեց կազմակերպության գործունեության և ստեղծման մասին։

«Այս օրիորդաց տունը ստեղծելու միտքը առաջացավ, երբ 1998-1999  թվականներին մանկատան որոշ շրջանավարտներ թրաֆիքինգի զոհեր դարձան։ Դրա պատճառները տարբեր են։ Աղջիկները չունեն պաշտպանվածություն, թրաֆիքինգի մասին նրանց պատկերացումները սահմանափակ են։ Մենք նաև որոշեցինք ստեղել այս կառույցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե մանկատան շրջանավարտների հետագա կյանքը ինչպես է կազմակերպվելու, ինչ ճանապարհ են նրանք ընտրելու այնտեղից դուրս գալուց հետո և, իհարկե, հասարակությունում նրանց ինտեգրվելու հարցը»,- նշեց Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ մինչ այդ տարիները՝ 1988 թվականի երկրաշարժից հետո նրա ամուսինը և ամերիկահայ բարերար Ջուլի Աշեկյանը Հայաստանում հիմնել էին Հայաստանի երեխաների հովանավորման ծրագիր, որով պիտի օգնեին մեր հանրապետության բոլոր մանկատներին։ «Մինչ 1990-ականները, երբ արդեն մի փոքր կյանքը բարելավվեց, մտածեցինք, որ պետք չէ, որ օգնությունը միայն նյութական լինի։ Նման կառույց ստեղծելու նպատակն այն էր, որպեսզի մանկատնից դուրս կյանքում շատ աղջիկներ ճիշտ ուղի հարթեին իրենց համար»,-հավելեց Տիգրանուհին։

«Մեր տան» բնակիչներն այստեղ ստանում են կրթություն, ուսումնասիրում օտար լեզուներ և համակարգչային ծրագրեր, սովորում հոգեբանություն, արվեստի պատմություն, էթիկա, տնային տնտեսության վարում։ Աղջիկների ձեռքը խնդրելու համար նույնպես գալիս են այստեղ և թույլտվություն ստանում տնօրենից։

Այժմ «Մեր տանն» աղջիկներ շատ չկան, քանի որ նրանք հաճախ տեղափոխվում են խնամատար ընտանիք։ Այստեղ հիմնականում գալիս են Գավառի և Վանաձորի մանկատներից, կան նաև աղջիկներ, ովքեր գիշերօթիկ դպրոցներից են եկել։ «Մեր տանն» աղջիկները ստանում են ընտանեկան ջերմություն,նրանց անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Մենք նրանց պայմանագրով ենք ընդունում, որը կնքվում է 4 տարով»։- Նշեց Կարապետյանը։

Տիգրանուհի ու Ջուլի Աշեկյանները հիմնել են այս կազմակերպությունը և անվանել «Մեր տուն», քանի որ այդ բառերի մեջ մի քաղցր ու ձգող բան կա. «Այս անունը դրել ենք՝ մտածելով, որ մանկատան երեխան իր բերանով կհնչեցնի  «Ես գնում եմ իմ տուն» արտահայտությունը։ Դա իրենց էլ է հաճելի, հոգեպես էլ նրանք այդպես են համարում, որ իրենց տուն են գնում, քանի որ մեզ մոտ միշտ շատ ջերմ մթնոլորտ է տիրում, և բոլորը «Մեր տունը» շատ են սիրում։ Մեզ մոտ շատ տարբեր բնագավառներից անձինք են եկել՝ հոգեբաններ, երգիչներ, արվեստագետներ։ Կուզեմ հատկապես նշել ա յն փաստը, որ մեզ մի օր այցելել էր նաև առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով մեր սաների համար իր ձեռքով թեյ պատրաստեց ու հյուրասիրեց նրանց։ Աղջիկները շատ տպավորված էին այդ փաստով։

Տիգրանուհու խոսքով, չնայած այս ջերմ մթնոլորտին, որ տիրում է իրենց կառույցում, բոլոր աղջիկները չէ, որ մնում են չորս տարի: Շատերը չեն հարմարվում կարգուկանոնին, ազատություն են ուզում ու հեռանում։
«Նրանք չափահաս մարդիկ են, և իրենք կարող են տնօրինել իրենց կյանքը»,- նշում է օրիորդաց տան տնօրենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս