«Սիրիայի պատերազմում այնքան տարբեր խաղացողներ կան, որ եթե ինչ-որ մեկը պատրանքներ ունի, թե այդ հակամարտությունը կարող է ունենալ քաղաքական լուծում, խելագար է». Ֆուկույամա
Քաղաքական հայտնի գործիչ, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման BBC-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությանը, նշել է, որ «այն եղել է ոչ միանշանակ»։
«Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ Լիբիան մեծ սխալ էր։ Մենք միջամտեցինք, սակայն ԱՄՆ-ը ոչ մի պլան չուներ՝ ինչ անել միջամտությունից հետո, ինչպես օգնել Լիբիայում պետություն կառուցել։ Այդ ամենը հանգեցրեց քաոսի, որին մենք ականատես ենք։
Սիրիան նույնպես Օբամայի վարչակազմի քաղաքականության քննադատության աղբյուրն էր։ Մենք ժամանակին չմիջամտեցինք՝ երկիրը փլուզվեց, ինչը հանգեցրեց միգրացիոն ճգնաժամի և մարդասիրական աղետի։
Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Օբամայի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ հստակ արտացոլել է ամերիկացիների մեծ մասի տրամադրությունները, որոնք չէին ցանկանում, որ իրենց երկիրը միջամտի Մերձավոր Արևելքի հերթական հակամարտությանը։
Այդ պատճառով, քննադատությունների տարափը, որը թափվեց նրա վարչակազմի վրա, չի կարելի անվանել միանգամայն արդարացի։
Եղել են նաև որոշ սխալներ՝ ըստ իս։
Օրինակ՝ Օբաման չպահեց իր խոստումը մասնավորապես «կարմիր գծի» մասին, այն բանից հետո, երբ Սիրիան կիրառեց քիմիական զենք։
Պետք չէ տալ այնպիսի խոստումներ, եթե չես կարող դրանք պահել։ Բայց նա խոստացավ ու դա չկատարեց, ինչը, ըստ իս, հարվածեց ԱՄՆ-ի հեղինակությանը։
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա յուրաքանչյուր ճգնաժամ ունի լուծում։
Այս պատերազմում այնքան տարբեր խաղացողներ կան՝ տարբեր պահանջներով, որ եթե ինչ-որ մեկը դեռ պատրանքներ ունի, թե այդ հակամարտությունը կարող է ունենալ քաղաքական լուծում, խելագար է։
Ոչ մի առանձին երկիր չունի այդ հակամարտության լուծման բանալին։ Սիրիացիները ի վերջո պետք է հոգնեն այդ պատերազմից և իրենք գան համոզմունքի, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Սակայն չեմ կարծում, թե մենք հիմա մոտ ենք նման լուծմանը»,- համոզված է Ֆուկույաման։