
ՀՀ-ում առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն բացառում H3N2 գրիպի ներթափանցման հնարավորությունը. մանրամասներ հոնկոնգյան վիրուսի մասին

Հայաստանում առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն բացառում H3N2 գրիպի (հոնկոնգյան վիրուս) ներթափանցման հնարավորությունը, սակայն կոչ են անում խուճապի չմատնվել, քանի որ երկիրը H3N2 գրիպի համար ունի համապատասխան պատվաստանյութեր: «Վիրուսների հարուցիչները շրջանառվում են օդի մեջ, պայմաններից, եղանակից կախված՝ սկսում են ակտիվանալ: Մի տարի մի վիրուսն է ակտիվանում, մյուս տարի՝ մյուսը: 2014-2015 թվականներին գերակշռում էր B տեսակի վիրուսը, 2015-2016-ին՝ H1N1-ը, այս անգամ կարող է լինել H3N2-ը»,- ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Հոնկոնգյան գրիպի ախտանշանները ոչնչով չեն տարբերվում մյուս գրիպի ախտանշաններից՝ խիստ գլխացավեր, մկանացավեր, ջարդվածության զգացողություն, ընդհուպ փսխումներ, քթից արյունահոսություն: Բուժման մեթոդները ևս նույնն են: Այս վիրուսը կենդանուց մարդուն չի անցնում, հետևաբար, սննդի, մսամթերքի հետ կապված խնդիրներ չեն լինի:
Համաճարակաբանի խոսքերով՝ H3N2 գրիպի հարուցիչը հայտնի է դեռևս 50-60-ական թվականներից: «Մենք այս հարուցիչի նկատմամբ նաև ունենք կոտորակային իմունիտետ, փոքր մասնաբաժիններով մեր օրգանիզմը շփվել է այդ հարուցիչի հետ և հիշում է նրան, ունի այդ հակամարմինները: Պետք է պարզապես լինել գրագետ, չզբաղվել ինքնաբուժությամբ, հագնվել եղանակին համապատասխան, ձեռքերը հաճախակի լվանալ, շատ հեղուկներ օգտագործել, օդափոխել փակ տարածքները»,- ասաց Թորոսյանը:
Նրա խոսքերով՝ կապ չունի, թե մարդը գրիպի որ տեսակով է վարակվում, բոլոր գրիպները տարածվում են օդակաթիլային ճանապարհով և ախտահարում են նույն օրգան համակարգերը: Թե H1N1-ը, թե H3N2-ը, թե B տեսակի գրիպը կարող են նույն աստիճանի բարդություն առաջացնել. կախված է մարդու օրգանիզմի դիմադրողականությունից, խոցելի լինելուց, տարիքից և հետևողականությունից: 2-րդ, 3-րդը օրը վիճակի բարելավման բացակայությունը, շնչառության ծանրացումը, ծակոցները, թուլությունը, ջերմությունն արդեն ահազանգ են՝ բժշկին դիմելու, հատկապես, երբ մարդը խոցելի խմբի ներկայացուցիչ է:
Լիանա Թորոսյանի հավաստիացմամբ՝ Հայաստանում գրիպի հարուցիչներ դեռ չկան, կան պարագրիպ և այլ վիրուսներ, բայց դրանք գրիպներ չեն. գրիպը բնորոշվում է ավելի ծանր, ձգձգվող ընթացքով: Տարածված սխալ կա՝ քթահոսությունը համարել գրիպ: Քթահոսությունը բնորոշ է ոչ թե գրիպին, այլ շնչառական վարակներին, հարբուխին: Գրիպն առանց անկողնային ռեժիմի չի բուժվում, կարող է և թեթև ընթացք ունենալ, բայց դրա բարդություններ առաջացնելու հավանականության տոկոսը բավականին բարձր է, հնարավոր են նաև մահացության դեպքեր:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների` խոցելի խմբերի շրջանակներում (խրոնիկ հիվանդներ, տարեցներ, մանկատան սաներ, ծերեր, բուժանձնակազմ) կիրականցվեն պատվաստումներ, որպեսզի նրանց մոտ բարդությունների դեպքերը կրճատվեն, երբ այս խմբերի պատվաստումները վերջանան, յուրաքանչյուր անհատ, ըստ ցանկության, կարող է պատվաստվել: Պատվաստումները, ըստ երևույթին, կիրականցվեն մինչև նոյեմբերի կես:
Ռուսաստանը վերջերս տարածել էր պաշտոնական տեղեկատվություն՝ համաձայն որի ՝ ձմռանը Ռուսաստանին, այդ թվում` հյուսիսային ողջ կիսագնդին սպառնում է հոնկոնգյան գրիպը:
Հոնկոնգյան վիրուսն առաջին անգամ բռնկվել է 1968-1969 թթ.՝ խլելով մոտ 1 միլիոն մարդու կյանք: Գրիպը սկսել է Հոնկոնգում, մինչև 1968-ի վերջը գրիպի տարածման դեպքեր գրանցվել են նաև Վիետնամում և Սինգապուրում, հետո հասել է Հնդկաստան, Ֆիլիպիններ, Եվրոպա: Վիրուսը Կալիֆոռնիա է մուտք գործել Վիետնամական պատերազմից վերադարձող զորքի միջոցով, սակայն չի տարածվել ԱՄՆ-ում մինչև 1968-ի դեկտեմբեր: Սակայն հետագայում այն խլել է մոտ 33 հազար 800 ամերիկացու կյանք: 1968-ին բռնկված այս գրիպը դեռ շրջանառվում է և համարվում է սեզոնային գրիպի սրում:
Աննա Գրիգորյան