«Այն կազմակերպությունը կամ անհատը, որ իմ փողերը վերցրել է, թող իրեն դեղի փող անի. այդքան բան». Սերգեյ Դանիելյան

168.am-ի զրուցակիցն է դերասան Սերգեյ Դանիելյանը

– Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք վերաբերվում  Էջմիածին քաղաքում Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելու փաստին:

– Դե, ասում են՝ գուսան է, իր անունով փողոց ենք անվանակոչում. ի՞նչ կարող եմ ասել: Ինձ համար բոլոր գուսաններն էլ ռաբիս են, ես այդ երաժշտությունը չեմ սիրում: Կան մի քանի գուսաններ, որոնց գործերը որպես պոեզիա կարող եմ ընդունել, օրինակ՝ Սայաթ-Նովա, Շերամ, Հավասի… մնացածը ռաբիս են. իսկ ռաբիսը միքս երաժշտություն է, ժողովրդին հասու ռեստորանային երաժշտություն: Նույնն էլ Արամ Ասատրյանն է, ինչո՞ւ եք զարմացել:

– Արդյոք Արամ Ասատրյանը, Սայաթ-Նովան, Շերամը ու Հավասին նույն հարթություններո՞ւմ են գտնվում:

Կարդացեք նաև

– Դե, Սայաթ-Նովան՝ չէ՛: Արամ Ասատրյանն էլ վատ գուսան է, այսինքն՝ կան լավ ու վատ գուսաններ (ծիծաղում է.- Ռ.Մ.):

– Նրա որդին՝ Արտաշ Ասատրյանը, ասել էր. «Գուսան Արամ Ասատրյանն Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին ոչնչով չի զիջում»: Դուք ի՞նչ կասեք այս մասով:

– Չեմ ուզում արտահայտվել, մարդը հայր է կորցրել, իր համար իր պապան Սայաթ-Նովա էլ է, Հիսուս Քրիստոս էլ է: Թող այդպես էլ մնա իր համար, բայց մենք, իհարկե, գիտենք, որ առանձնապես մի բան չէր: Հիմա նրա անունով փողոց են դնում, ջհանդամ դնեն, դա ի՞նչ է փոխում ինձ համար. ոչինչ:

– Ունենք ազգային հերոսներ, կամ թեկուզ այլ գուսաններ, որոնց անունով փողոցներ չկան: Ըստ Ձեզ՝ Արամ Ասատրյանի անունով ինչո՞ւ են փողոց անվանակոչում:

– Թող նրանց անունով էլ դնեն: Մենք մի բան չենք ուզում հասկանալ՝ այս ժողովրդի մեծ մասն այդ երաժշտությունը սիրում է, այլ հարց է, որ պետք չէր դա պետականացնել, անուններով փողոցներ, քաղաքներ կոչել: Դա արդեն ուրիշ խնդիր էր: Հիմա ես մտածում եմ, որ եթե գուսան Աշոտի անունով երևի թե կա փողոց, թող Արամ Ասատրյանի անունով էլ լինի, ի՞նչ է լինում: Սա այն թեման չէ, որ նստենք՝ սկսենք մտածել: Եթե սոցիալական ցանցերը չլինեին, Էջմիածնի եսիմինչ խորհուրդը որոշեր նման բան անել, անգամ չէինք էլ իմանա:

– Պարոն Դանիելյան, տեղյակ եք, որ օրեր առաջ  Առաջին տպարանի շենքը պայթեցրին…

– Այնքան բան են քանդել, որ իսկապես արժեքավոր էր, ու չկարողացանք փրկել: Շուտով երևի կքանդեն «Զվարթնոց» օդանավակայանը, դա ինձ համար ավելի ցավալի է: Բիզնեսի դեմ խաղ չկա: Քանի որ այդ մեխանիզմները չենք ստեղծել, պետությունն ու բիզնեսը նույնն են, դրա համար նման երևույթներն անխուսափելի են, ու ոչինչ անել հնարավոր չէ:

– Ըստ Ձեզ՝ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյա՞նն էլ էր այդ պատճառով ասել. «Մի երևելի շենք չէր»:

– Կարող է՝ երևելի շենք էլ չէր: Նույն բանը հո չէ՞ր կարող ասել Աֆրիկյանների շենքի մասին, բայց քանդեցին, չէ՞:

– Իսկ քանդելու եղանակը՝ պայթեցումը, նորմա՞լ եք համարում:

– Եթե քար-քար քանդեին, դա ձեզ ձեռք կտա՞ր: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, որ ժամը 12-ից հետո ամեն օր հրավառություն է լինում, ու երեխան չի կարողանում քնել, քան թե շենք պայթեցնելը: Երևի՝ մասնագետները եկել են, նայել են՝ ոնց են պայթեցնում, որ մյուս շենքերին վնաս չտան, կամ գուցե՝ չեն էլ եկել: Չգիտեմ: Հիմա, եթե Աֆրիկյանների շենքը պայթեցնեին, ոչ թե քար-քար քանդեին, մեզ համար ավելի լա՞վ կլիներ: Պայթեցնելը խնդիր չէ:

– Որպես վարորդ՝ ի՞նչ կասեք ՀՀ նախագահի հանձնարարականների մասին: Հիշեցնենք, որ նա մասնավորապես ասել էր, որ վարորդներից գանձվող տուգանքները մասնավոր սեկտորից այսուհետ պետք է փոխանցվեն պետբյուջե: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կփոխվի դրանից հետո:

– Իրենք ներդրում արեցին իմ հաշվին, ինձ չհարցնելով՝ այդ ներդրումն ինձ պե՞տք է, թե՞ ոչ, իրենք հարստացան, փողեր դիզեցին, հիմա էլ ասում են՝ դե լավ, պետբյուջեին  փոխանցենք: Այսինքն՝ լկտիությունն այն աստիճանի է հասել, որ չեն էլ թաքցնում՝ այդ գումարները գնացել են ինչ-որ մեկի գրպանը, ոչ թե պետբյուջե:

Ես դեմ չեմ, որ գնա պետբյուջե, բայց իրենք կերել են իմ փողերը: Այդ կարմիր գծերի ներկն այդքան թա՞նկ էր, որ ամեն անգամ հինգ-հինգ հազար մուծեցինք՝ ժամանակին SMS չուղարկելով: Իմ հաշվին ներդրում արեցին ու ասում են՝ դե լավ, հիմա էլ բյուջե մուծեք: Այս երեք տարվա ընթացքում մի կես միլիոն փող եմ մուծել: Այն կազմակերպությունը կամ անհատը, որ իմ փողերը վերցրել է, թող իրեն դեղի փող անի. այդքան բան: Իսկ մնացածը կտանք բյուջեին: Եթե ամենասկզբից այդպես պետք է լիներ… Ուղղակի խուժան են. ինչ ուզում՝ անում են, այդքան բան:

– Իսկ որպես վարորդ՝ ի՞նչ խնդիրների եք հաճախ բախվում:

– Բազմաթիվ: Դե՛, կարմիր գծերի դեպքում SMS-ն ուղարկում ես, պարզվում է՝ այդ պահին հեռախոսիդ մեջ փող չի եղել կամ այլ խնդիր է եղել, ու 5 հազար դրամ տուգանք է գալիս: Ինչո՞վ են մտածում: Հոծ գծերին կանգնելու համար նախկինում տուգանում էին, հիմա չեն տուգանում. Հենց որ փողերը պակասում է, հիշում են, որ դա խախտում է, հա՞, հենց փողը նորմալ է, ուրեմն՝ խախտում չի: Մի խոսքով՝ սա «բոսյակություն» է, դաշտում աշխատող օրենք չի: Եթե հիմա նմանատիպ վերաբերմունքով պետբյուջեն լցվի, համոզված չեմ, որ որևէ պաշտոնյա, լինի՝ նախագահ կամ վարչապետ, չեն ծախսի իրենց կարիքների համար: Ես այս մեխանիզմը չեմ հասկանում. ի՞նչ ասել է՝ այն ժամանակ գնում էր նրա գրպանը, հիմա գնում է պետբյուջե. «թայֆայություն» է ինչ-որ: Սրանք կոսմետիկ լուծումներ են, ու դժվար թե որևէ փոփոխություն լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս