«40% ստվերային տնտեսության պայմաններում պետք է լինի գազի միասնական սակագին». Հրանտ Բագրատյան

Մեր զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը

– Պարոն Բագրատյան, կառավարության ծրագիրը հաստատվեց, այժմ էլ Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որը, սակայն, ինչպես Դուք եք նշել, բավարար աճ չի ապահովելու: Որքա՞ն է բավարար աճը, և այս դեպքում ի՞նչ կարելի է ակնկալել:

– Բավարար աճը որոշելու համար պետք է նայել աշխարհի միջինն ու մեր հարևանների միջինը: Մեր աճը դրանից պակաս չպետք է լինի, բարձր պետք է լինի, եթե ուզում ենք աշխարհի միջինին մոտենալ, այլ ոչ թե հետ մնալ:

– Կառավարության ծրագրում շեշտը դրվել է հատկապես արտաքին աղբյուրներից ներդրումներ ներգրավելու վրա, սակայն հայտնի է, որ Հայաստանում էլ զգալի ծավալով ֆինանսական ռեսուրսներ կան, որոնք դուրս են բերվում երկրից: Ո՞րն է խնդիրը, որ ներքին ռեսուրսներն արդյունավետ չեն օգտագործվում, և դրսից են ուզում գումար բերել:

– Այն, որ կառավարությունը փորձում է երկիր շատ փող բերել, դա ճիշտ է: Բայց այդ մեդալն ունի երկրորդ երեսը: Արտաքինից եկած ներդրումները, եթե չեն ուղեկցվում նաև ներքին խնայողությունների աճով, և, եթե սպառման մակարդակը գրեթե հավասար է ՀՆԱ-ին, օրինակ, կազմելով 90-99%, նշեմ, որ Չինաստանում 45% է, ապա այդ ներդրումները չեն կարող արդյունավետ լինել, որովհետև, օրինակ, այդ պարագայում ստեղծվում է գործարան, որի արտադրանքը սպառում չի ունենում: Նման ձևով կարելի է տրանսֆերտները դիտարկել՝ որպես ներդրումներ, դրանք համեմատաբար բարձրացնում են դոլարային գները: Քանի որ Կենտրոնական բանկը գնաճի համար է պատասխան տալիս, դա, ուզի-չուզի, բերում է նրան, որ դրամը հարաբերական արժևորվում է, և չեզոքացվում է այդ ներդրումների էֆեկտը 30-60% չափով:

Ստացվում է, որ իզուր էր: Դրա համար մենք զգուշացնում ենք, և սա կոչվում է ոչ թե՝ մակրոէկոնոմիկա, այլ մեգաէկոնոմիկա, որ նույնիսկ, եթե արտաքին լիուլի ներդրումներ կան, ներքին խնայողություններին և ՀՆԱ կառուցվածքին պետք է հետևել: Սա շատ կարևոր մեթոդաբանական դիտողություն է:

Օրինակ` Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 2003թ. սկսվեց դրամի արժևորում: Արժևորողը Տիգրան Սարգսյանն էր, որը չլինելով մակրոտնտեսագետ, քանի որ մի բան է՝ հաշվապահը, ֆինանսիստը, մի բան է՝ տնտեսագետը, սկսեց արժևորել դրամը: Մինչև 2007 թ. 1 դոլարի փոխարժեքը 600 դրամից իջեցնելով 305 դրամի՝ նրանք կերան ապագա զարգացման հնարավորությունները: Եվ այդ ընթացքում, երբ տնտեսությունը երկնիշ թվով աճում էր, այդ բարձր աճը սպառել է ապագա զարգացումը, թեև իրականում երկնիշ չէր, բայց համենայն դեպս, բարձր աճ է եղել` 6-7%, մնացածը, իհարկե, վիճակագրական հավելումներ են եղել:

Եթե 2008թ. Սերժ Սարգսյանը սա պրոֆեսիոնալ վերլուծության ենթարկեր, ոչ թե Տիգրան Սարգսյանին պետք է դարձներ վարչապետ, այլ ընդհանրապես հեռացներ կառավարման համակարգից: Չի կարելի անընդհատ ասել, թե մեր ժամանակ, երբ նախագահ էինք, ո՞նց էր տնտեսությունն անընդհատ արագ աճում: Այդ ընթացքում է, որ ՀՆԱ-ում սպառման մակարդակը երբեմն նույնիսկ անցել է 100%-ը:

Սա մի հասարակություն է, որ բացարձակապես չի կարողանում խնայել: Կոպիտ ասած` այն հարցի պատասխանը, թե հետ գցած փող ունե՞ս, եթե Հայաստանը որպես մի ընտանիք դիտարկենք, հետ գցած փող չունի, լծակ էլ չունի: Օրինակ` շատ հասկանալի է, որ ներքին պետական պարտքը կազմում է արտաքին պետական պարտքի մոտ 1/6-րդ մասը` 15%-ը: Իտալիան ունի 120% պարտք, որ հիմնականում արտաքին է: Ճապոնիան ունի 300% ներքին պետական պարտք, արտաքին պարտք չունի:

Բայց Ճապոնիան խնդիր չունի, որովհետև, վճարելով ներքին պարտքի տոկոսները, նա փոխհատուցում է այն գումարները, որ ինքը որպես արժեթուղթ վաճառում է բնակչությանը: Այս օրինակը բերում եմ` ասելու, որ այն լծակները, որոնք կոչված են ներքին խնայողությունների բարձրացմանը, այդ թվում` պետական արժեթղթերի վաճառքի տեսակարար կշռի բարձրացում, կամ տրանսֆերտների արտաքին ստերիլիզացիա ԿԲ-ի կողմից, այս հասկացությունները մակրոտնտեսական հասկացություններ չեն, մեգատնտեսական են, և ահա այս գործիքակազմին կառավարության համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն անտեղյակ են:

Չի կարելի, օրինակ, նստել և հպարտանալ, որ մեզ մոտ գնաճ չի եղել, գնանկում է եղել: Դա հպարտանալու բան չի, դա ողբալու բան է: Դա է հենց պատճառը, որ բյուջեն այս տարի չի կատարվել, և տնտեսական աճ էլ չկա: Սա հին, մակրոտնտեսական գնահատական է: Նույն երևույթի մեգատնտեսական գնահատականն այսպիսին է` դա սխալ է:

– Կառավարությունը ծրագրել է ստեղծել համահայկական հիմնադրամ, ներդրումային ֆոնդ, որի անհրաժեշտության մասին Դուք բազմիցս նշել եք:

– Այո, կառավարությունը ծրագրում փորձել է նոր էլեմենտներ մտցնել: Արդյունավետ կլինի՞ դա, թե՞ ոչ, դա ուրիշ մեխանիզմ է, որ ցույց է տալիս կառավարման ապարատի պրոֆեսիոնալիզմը: Կսպասենք՝ կտեսնենք: Նոր կառավարությունը պետք է ցույց տա` ռեսուրսների հետ ավելի պրոֆեսիոնալ վարվել գիտի:

– Իսկ միտումներն ինչպիսի՞ն են, ի՞նչ ազդակներ կան:

– Գիտեք` 2 տեսակի բան կա: Երբեմն մարդկանց թվում է, թե դա կախված է մարդուց, այսինքն` ինչպիսին է վարչապետը: Բայց այնպես չէր, որ նախկին վարչապետը բոլորին կոչ էր անում անխնա վարվել ռեսուրսների հետ, այդպիսի բան չկա: Նույնիսկ նախկինի նախկինը նման բան չէր ասում, և ընդհանրապես, չկա նման վարչապետ: Այլ հարց է, թե դուք ինչքան եք հաստատակամ այդ երևույթում: Սա խնդրի օպերացիոնալ կողմն է: Խնդիրն ունի նաև կառուցվածքային կողմ: Եթե դուք ուզում եք, որ ձեր երկրում միջոցները պետականորեն լավ օգտագործվեն, պետք է ունենաք հզոր ընդդիմություն և ինքներդ՝ որպես կառավարություն, շահագրգռված լինեք, որ այդ ընդդիմությունն անընդհատ գնա, փորփրի ու անընդհատ այդ խնդիրները բարձրացնի: Եթե դուք չունեք հզոր ընդդիմություն, դուք չունեք հետադարձ կապ, որովհետև ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու կարևոր էլեմենտ է հետադարձ կապի առկայությունը, որը ձեզ ինֆորմացիա է տալիս այդ ծախսերի արդյունավետության մասին:

– Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց 2-3 օր անց  հանձնարարեց ուսումնասիրել գազի գնի նվազեցման հնարավորությունները: Եվ հիմա «Գազպրոմ-Արմենիան» դիմել է կարգավորող մարմնին` սակագինը վերանայելու հայտով: Պարոն Բագրատյան, Դուք միշտ բարձրացրել եք գազի գնագոյացման խնդիրը: Ի՞նչ եք կարծում, հիմա այս նվազեցումը բավարա՞ր է:

– Նախ և առաջ` այդ նվազեցումը ես ողջունում եմ, որովհետև գազը թանկ է ինչպես՝ քաղաքացիների, այնպես էլ՝ արտադրության համար, և մեր արտադրանքները դառնում են անմրցունակ, ինչպես նաև անմրցունակ է քաղաքացիների անհատական սպառումը: Բայց խնդիրն այն է, որ 2014թ. մայիսի 29-ի ԵՏՄ պայմանագրով, որ ավելի ուշ է եղել, քան մենք ստորագրեցինք գազի մասին պայմանագիրը 2013 թ. դետեմբերի 2-ին, մենք ստացել ենք միասնական շուկայի բանաձևերը: Այս պայմաններում «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որ ՀՀ ռեզիդենտ է, թեև նրա հիմնադիրն այլ երկրի կազմակերպություն է, վաղ թե ուշ պետք է իրավունքներ ունենա գազը Ռոււսաստանում գնել այն գնով, ինչ գնով գնում է «Օրենբուրգ գազը» կամ «Եկատերինբուրգգազը»: Նույն խնդիրն ունի Ղրղըզստանը, որ գազը ստանում է Ղազախստանից: Ղազախստանում այդ գազը վաճառվում է 80 դոլարով, Ղրղըզստանում` 220 դոլարով: Մենք գազը ստանում ենք Ռուսաստանից, որտեղ գազը սպառողին վաճառվում է 105 դոլարով, մեզ մոտ` 300: Ասացեք` սա միասնական շուկայի ցուցի՞չ է: Ոչ: Խոսքը չի վերաբերում գազի գնի միայն իջեցմանը: Եթե վաղը կամ մյուս օրը գազի գինը Ռուսաստանում ավելանա, մեզ մոտ էլ կավելանա: Բայց կամաց-կամաց այդ գները պետք է մոտենան իրար:

Դրանք չեն հավասարվի, բայց պետք է մոտենան, կա նաև տրանզիտի գին, ծախս և այլն: Այսօր Հայաստանում ժողովրդին գազը վաճառում են 300 դոլարով, մինչդեռ արդարացված գինը 150-180 դոլար է: Միաժամանակ, կարծում եմ, 40% ստվերային տնտեսության պայմաններում պետք է լինի գազի միասնական սակագին ինչպես՝ արդյունաբերության, արտադրողների, այնպես էլ` սպառողների համար, անկախ դրա ինքնարժեքից, անկախ խողովակի ճնշման աստիճանից:

– Իսկ հիմա հակառակը` ավելի շատ տարբերակումներ են մտցվում տարբեր սպառողների համար:

– Սոցիալական խոցված շերտերին օգնելը գեղեցիկ է հնչում, բայց հնարավոր չի դեֆինացնել այդ սոցիալական շերտերը 40-45% ստվերի պայմաններում: Երկար ժամանակի համար դա կառաջացնի լուրջ բացասական էֆեկտ:

– Հայաստանն ինչպե՞ս կարող է Ռուսաստանի առջև այդ խնդիրը դնել և գազի գնի միասնականացման հարցը լուծել, երբ մեր կառավարության ներկայացուցիչներն իրենք այդ մասին չեն խոսում:

– Ես չգիտեմ, մենք այնպիսի պայմանագիր ենք ստորագրել, որ տարիների ընթացքում դա պետք է կարգավորվի: Միասնական շուկա է ստեղծված, չէ՞: Տիգրան Սարգսյանն արդեն մեկ տարի է՝ այնտեղ է, պետք է դրանով լրջորեն զբաղվեր: Միասնական շուկայի ստեղծումը դրված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վրա: Օրինակ` մեզ մոտ էլեկտրաէներգիայի միջին սակագինը 45 դրամ է, որը 10 անգամ թանկ է, քան Ղրղըզստանում: Իհարկե, կա խնդիր, որ Ղրղըզստանում հոսանքը 100%-ով ՀԷԿ-երն են արտադրում, և այլն, բայց եթե միասնական տնտեսական տարածք է, մենք պետք է ի վիճակի լինենք այդ էժան հոսանքն այնտեղից գնելու: Մեր շինարարները, օրինակ, իրավունք ունեն մասնակցել Մոսկվայում կառուցվող շենքերի մրցույթներին: Մեր գազի կազմակերպությունն էլ պետք է մասնակցի գազի մրցութային վաճառքին և գնորդ լինի այնպես, ինչպես ռուսական ռեզիդենտները:

– Օրերս հայկական կողմն իրանի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել` գազի հետ կապված, որ Հայաստանով տարանցիկ պետք է հասցվի Վրաստան: Սա ի՞նչ կփոխի մեր էներգետիկ շուկայում:

– Ոչ մի էական բան: Այդ տարանցիկ խողովակաշարը, որքան մեզ տեղեկացրել են,  «Գազպրոմ-Արմենիայի» բալանսի վրա է, և այդ ընկերությունը մի փոքր փող կաշխատի այդ բիզնեսի արդյունքում: Պարտադիր չէ, որ ՀՀ քաղաքացիները զգան որևէ փոփոխություն: Չնայած, գուցե այդ տարանցիկության շնորհի՞վ է, որ «Գազպրոմ-Արմենիան» դիմել է սակագինն իջեցնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս