Սոցիալական ոլորտի ծախսերը հաջորդ տարի կկազմեն գրեթե 409 մլրդ դրամ
2017 թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 408 մլրդ 985.8 մլն դրամ, որն այս տարվա համեմատ ավելի է 3 մլրդ 822.6 մլն դրամով: Այս մասին այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա` «Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների Կենսաթոշակներ» ծրագրով կհատկացվի 24 մլրդ 323.7 մլն դրամ, որն այս տարվա համեմատ ավելի է 1.2 մլրդ դրամով: Այս աճը պայմանավորված է կենսաթոշակառուների թվաքանակի աճով` 1759 մարդով: Շարքային զինծառայողների կենսաթոշակների համար նախատեսվում է 634.9 մլն դրամ, աշխատանքային կենսաթոշակների համար` 223 մլրդ 469.5 մլն դրամ:
Ա.Ջանջուղազյանը նշեց, որ «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծրագրի գծով նախատեսվում է ծախս 28 688.1 մլն դրամի չափով 2016 թ. 26 760.4 մլն դրամի դիմաց: Ծախսերի աճը պայմանավորված է կուտակային համակարգի մասնակիցների թվաքանակի աճով 13400 մարդով կամ կանխատեսվում է 176200 մարդ՝ մասնակիցների միջին աշխատավարձի չափի շուրջ 2.4% աճի պայմաններում:
Սոցիալական նպաստների համար նախատեսվում է 13 մլրդ 958.5 մլն դրամի չափով ծախս, որն այս տարվա համեմատ պակաս է 150 մլն դրամով` պայմանավորված նպաստ ստացողների թվաքանակի և նպաստի միջին ամսական չափի փոփոխությամբ:
Փոխնախարարը նշեց, որ 2017 թ. ընտանեկան նպաստի միջին ամսական չափը կկազմի 31442.2 դրամ 2016 թ. 30537.6 դրամի դիմաց` պահպանելով նպաստառուների թիվը` 104 685 ընտանիք:
«Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրով նախատեսվում է 9 մլրդ 550.7 մլն դրամի չափով ծախս: Ա. Ջանջուղազյանը նշեց, որ 2017 թ. կպահպանվի 2016 թ. համար նախատեսված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում` 1 մլն դրամ, իսկ հինգ և ավելի երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ:
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման նպատակով պահպանվել է 2016 թ. մակարդակը` 1 մլրդ 485.1 մլն դրամ: