«Ի սկզբանե ադրբեջանական կողմից «Գազպրոմի» դիրքերը թուլացնելու քաղաքականություն է». Ալիկ Էրոյանց

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն Իրան է գործուղվում Հայաստանի կառավարական պատվիրակություն՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ: Լուրեր են շրջանառվում, որ այցի նպատակն Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցության ընդլայնումն է:

Քանի որ պատվիրակության ղեկավար Հայկ Հարությունյանը միաժամանակ հանդիսանում է նաև երկու ամիս առաջ Իրանից գազի ներմուծման և արտահանման նպատակով ստեղծված «Էներգաիմպեքս» պետական ընկերության խորհրդի նախագահը, այս հանգամանքը փորձագիտական հանրության մոտ ենթադրությունների տեղիք է տվել, որ պատվիրակությունն Իրան է մեկնում իրանական գազի ներմուծման և արտահանման ոլորտում կոնկրետ համաձայնագրի կնքման նպատակով:

Վրացագետ Ալիկ էրոյանցից 168.am-ը հետաքրքրվեց՝ ավելի վաղ Իրանից Վրաստան գազ մատակարարվել էր Հայաստանի միջոցով, բայց արդյո՞ք դա  շարունակական կդառնա՞, եթե հաշվի առնենք ադրբեջանական SOCAR ընկերության գործոնը, որն ամիսներ առաջ ոչ միայն համաձայնեց 500մլն խ/մ-ով ավելացնել Վրաստանին մատակարարվող գազի ծավալները, այլև էժանացնել սակագինը։

Ի պատասխան՝ վրացագետը հիշեցրեց, որ Վրաստանի և «Գազպրոմի» միջև բանակցություններից հետո Ադրբեջանը, բնականաբար, իր միջոցներն օգտագործեց՝ կոնկրետ «Գազպրոմին» դուրս մղելու համար դիվերսիֆիկացման գործընթացից, և արդյունքում՝ եղան ադրբեջանական SOCAR ընկերության և Վրաստանի միջև պայմանավորվածություններ.

Կարդացեք նաև

«Բայց, ինչպես տեսանք, դա ավելի հեռանկարային պլանում էր, ու հետագայի համար էր նախատեսված կոնկրետ 500 մլն խմ-ի մատակարարումը, բայց առարկայական, գործնական ձևակերպում դրան չտրվեց։ Այսինքն՝ գուցեև դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ վրացական կողմը թույլ է տալիս, որպեսզի գործընթացը շարունակվի Իրանից Վրաստան գազ մատակարարելու ֆորմատով։ Ինչպես դուք նշեցիք, այո, դրա փորձն արդեն կա, որոշակի քանակով գազ մատակարարվել է, և կարծեմ մինչև 2017թ. մարտ է նախատեսվում»։

Ըստ Ա. Էրոյանցի՝ հետաքրքիրն այն է, որ Վրաստանից ամիսներ առաջ մեկնաբանություններ եղան, որ պաշտոնական մակարդակով տեղյակ չեն նման գործարքի մասին, ու, որ գազի մատակարարման հարցով կարող են զբաղվել մասնավոր ընկերությունները. «Վրացական կողմը չի հերքել, որ իրանական գազը մատակարարվում է Վրաստան, ու հետագայում կարող է դա շարունակություն ունենալ։ Ադրբեջանական կողմի արձագանքները դրան պասիվ էին, ու ընդդիմացողներ քիչ եղան։ Հիմնական խնդիրն այստեղ ավելի շատ այն է, որ «Գազպրոմի» դիրքերը թուլացնելու քաղաքականություն է ի սկզբանե վարվել ադրբեջանական կողմից, որի համար նպաստավոր հանգամանք է ստեղծել նաև իրանական կողմը։ Բայց չեմ կարծում, որ «Գազպրոմն» իր մասնակցությունը չունենա, քանի որ Հայաստանով անցնող գազամուղը հենց նրան է պատկանում։

Հիմնական շեշտն այստեղ պետք է դնենք Հայաստանի տարանցիկության հնարավորության վրա։ Բնական է, որ մենք օգուտ ենք ունենալու։ Մյուս կողմից՝ կարողանում ենք ադրբեջանական SOCAR-ի մոնոպոլ դիրքը թուլացնել, և բնական է՝ առաջնահերթ պետք է նայենք հայկական շահի տեսանկյունից։ Այս առումով, որքան հետագայում գազի ծավալները մեծանան, ու ամրապնդվի այդ համագործակցությունն Իրանի և Վրաստանի միջև, ու դա տեղի ունենա Հայաստանի տարանցիկության շրջանակներում, մեզ համար շահավետ է»։

Վրացագետը նաև նշեց, որ Վրաստանն իրանական գազի կարիքն ունի. «Դրա մասին բազմից հայտարարել են Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այնպես որ, գազի խնդիրն իրենք պետք է լուծեն՝ անկախ նրանից, թե որ ընկերությունից կամ երկրից ձեռք կբերեն այդ գազը»։

Տեսանյութեր

Լրահոս