Ինչպե՞ս կպատասխանի Պուտինն Ալիևին

Ինչպե՞ս կպատասխանի Պուտինն Ալիևին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ համաձայն է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Համանախագահներն արդեն Հայաստանի ճանապարհին են, գուցե արդեն հասցրել են սրճել Հայաստանի պաշտոնյաների հետ ու նրանց փոխանցել Ալիևի պատրաստակամությունը, որն աշխարհի լեզվով մեկնաբանվում է՝ որպես կառուցողականություն։

Հայաստանում արդեն սկսել են մեկնաբանել ու առաջիկա օրերին անխնա կմեկնաբանեն, թե ինչու հատկապես այսօր և ոչ թե մեկ ամիս կամ 18 օր առաջ Ալիևը համաձայնեց Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպմանն ու դա ազդարարեց՝ ի լուր համանախագահների։

Մեկնաբանողների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, կբերի հազար ու մի վարկած, բացի շատ հիմնական թվացողից, փոքր մասը, հնարավոր է՝ այնուամենայնիվ, գտնի Ալիևի պատրաստակամության ու Հայաստանում նոր կառավարության ձևավորման միջև փոխառնչություն ու խոսի այդ մասին։ Հնարավոր է՝ ոչ։ Բայց փոխառնչությունն այդ շատ ակնհայտ է և պարզ։ Վարչապետի պաշտոնում «Գազպրոմի» բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Կարապետյանի նշանակման հաշվարկի տարրերից մեկը Հայաստանում հակառուսականության արդեն ահագնացող ալիքի թուլացումն ու խորտակումն էր, որը կարծես թե հաջողվեց նշանակողներին։ Այլևս Ռուսաստանի մասին ավելի շատ հնչում է «կամ լավը, կամ ոչինչ»։

Բայց սա այն հայտնի պարագան չէ, երբ դա հնչում է հնչման հասցեատիրոջ վախճանի պատճառով։ Պարզապես իրականացել են այդ օպերացիայի հաշվարկի հեղինակների կանխատեսումները, և Կարեն Կարապետյանն իր կաբինետով հանրային ընկալման մեջ որոշակիորեն հանդարտեցրել է Ռուսաստանի նկատմամբ օբյեկտիվ դժգոհությունը։ Ոչինչ չի արել, բայց իր կենսագրությամբ ու ռուսական կապերի մասին իրական կամ առասպելական պատմություններով էականորեն նվազեցրել է հակառուսականության չափաբաժինը։

Բնականաբար, ներհայաստանյան կյանքին հետևում է նաև Իլհամ Ալիևը, որը, թերևս, հաշվարկել է, որ հակառուսականությունից ազատված Հայաստանում ղարաբաղյան հարցով ռուսական որևէ դիրեկտիվ այլևս կընդունվի պակաս դիմադրությամբ կամ չի արժանանա որևէ հակադրության, որովհետև նոր կառավարության ձևավորմամբ հայ հասարակության հոգեբանության մեջ տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի որոշակի իդենտիֆիկացիա, և մարդիկ այլևս մտածում են, որ Ռուսաստանը որևէ վատություն չի անի Հայաստանին, քանի որ Հայաստանի գործադիր իշխանությունն արդեն ղեկավարում է Պուտինի վստահությունն ու հարգանքը վայելող գործիչ։ Եվ ահա, այս պայմաններում Ալիևը, հնարավոր է, հաշվում է, որ Ռուսաստանը կկարողանա եթե ոչ՝ կոպիտ, ապա՝ եղբայրաբար պարտադրել Հայաստանին այն, ինչն անհնար էր թվում մի քանի ամիս առաջ։

Հաշվում է և հայտարարում, թե պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին։ Իրականում, սակայն, այդ հայտարարությունն ուղղված է ոչ այնքան՝ Հայաստանի ղեկավարին, որքան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և հիմքում ընկած է՝ «ինչ կասե՞ս, Վլադիմիր Վլադիմիրովիչ» հարցադրումը։ Պատասխանն Ալիևը, ամենայն հավանականությամբ, սպասում է ոչ թե ուղղակիորեն Պուտինից, այլ բանակցային գործընթացից ու հայկական կողմից, որին արդեն իսկ փոխանցված կլինի ռուսական դիրքորոշումը։ Հիշեք Լավրովի երևանյան հայտարարությունները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի բարեբեր նշանակության վերաբերյալ։

Ալիևը հաշվում է։ Կհաջողի՞ իր հաշվարկում, թե՞ ոչ, պարզ կլինի առաջիկայում։ Ի՞նչ են անում այս պահին Հայաստանի քաղաքական ղեկավարները։ Արդյո՞ք նրանք ևս հաշվում են, թե՞ սպասում են արդեն իսկ հաշվարկված տարբերակների հյուսիսային փայլատակմանը։

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: