Բաժիններ՝

«Չիվնինգը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս փորձառություն ձեռք բերել Միացյալ Թագավորությունում՝ սովորելով առաջնակարգ համալսարաններում». Ջոսլին Սմիթ

Միացյալ Թագավորության կառավարության «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին և ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ Բրիտանիայի ցանկացած բուհի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր: Կրթաթոշակը հովանավորում է Բրիտանիայում 12 ամիս ուսանելու ծախսը, ներառյալ՝ ապրելու և միջազգային թռիչքի ծախսը, այնտեղ տարբեր կոնֆերանսների, բանավեճերի մասնակցելու ծախսերը։

Այս օրերիին Հայաստանում է «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի միջազգային կապերի պատասխանատու Ջոսլին Սմիթը, և 168.am-ը նրա հետ զրուցել է կրթաթոշակային ծրագրի, դրա ընձեռած հնարավորությունների ու այլ կարևոր հարցերի մասին.

Ե՞րբ և ի՞նչ նպատակով է ստեղծվել «Չիվնինգ»  կրթաթոշակային ծրագիրը։

– «Չիվնինգը»  ստեղծվել է 1983թ.։ Այս կրթաթոշակային ծրագիրն օգնում է գալ Միացյալ Թագավորություն և ստանալ մագիստրոսական կրթություն։ «Չիվնինգի» նպատակն է՝ աշխարհով մեկ ունենալ ապագա առաջնորդներ և ցանց ստեղծողներ, որպեսզի նրանք կարողանան հետագայում ներգրավվել տարբեր ոլորտներում՝ կիրառելով իրենց գիտելիքները։

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է Միացյալ Թագավորության կառավարությունն աջակցում օտարերկրյա ուսանողներին՝ սովորելու ՄԹ-ում։

– Այս ծրագրով նախ և առաջ՝ ցանկանում ենք մեր հանձնառությունը ցույց տալ Հայաստանին և ստեղծել փոխադարձ կապեր ու հարաբերություններ, խթանել բրիտանական ու եվրոպական արժեքները։ Ուզում ենք հայ ուսանողներին հնարավորություն տալ՝ փորձառություն ձեռք բերել Միացյալ Թագավորությունում՝ սովորելով առաջնակարգ համալսարաններում, և միևնույն ժամանակ՝ ներգրավել նրանց բրիտանական կյանքում, այնտեղի ուսանողական կյանքում։

Ծրագիրը Հայաստանում ի՞նչ արդյունքներ ունի։

– Մենք հպարտ ենք այն արդյունքներով, որ ունեցել ենք Հայաստանում։ Այս տարի Հայաստանից 7 ուսանող է մեկնել Միացյալ Թագավորություն սովորելու, նախորդ տարի ևս նույն քանակի ուսանողներ են մեկնել։ Հույս ունենք, որ ապագայում նույնպես կունենանք առնվազն այսքան և ավելի ուսանողներ։

«Չիվնինգի» շրջանավարտներն ինչո՞վ են զբաղվում, կարողանո՞ւմ են ստացած գիտելիքները կիրառել իրենց հայրենիքում։

– Հայաստանից ավելի քան 100 ուսանող ենք ունեցել, և նրանք սովորել են տնտեսական զարգացման, հանրային քաղաքականության, պետական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության և այլ ոլորտներում։ Նրանք աշխատում են Կենտրոնական բանկում, Արտաքին գործերի նախարարությունում, հասարակական կազմակերպությունների սեկտորում և այլուր։

Իսկ ո՞րն է Ձեր այցի նպատակը։

– Ես այստեղ եմ եկել՝ գործընկերոջս հետ այցելելու մեր հնարավոր գործընկերներին։ Շատ շնորհակալ ենք «Լույս» հիմնադրամին, որը համաֆինանսավորել է որոշ ուսանողների կրթությունը, ու նաև փնտրում ենք այլ գործընկերներ, որոնք հնարավորություն կտան մեծացնելու ՄԹ-ում սովորող ուսանողների քանակը։ Մենք ուզում ենք նաև իրազեկել մարդկանց այս կրթաթոշակային ծրագրի մասին։ Ես հանդիպել եմ «Չիվնինգի» շրջանավարտներին, ուզում ենք  նրանց էլ ներգրավել հետկրթաթոշակային աշխատանքներում։

Ովքեր և ինչպե՞ս կարող են դիմել «Չիվնինգի» կրթաթոշակային ծրագրին. ի՞նչն եք կարևորում՝ ընտրություն կատարելիս։

– Ծրագրին պետք է դիմել վեբ-կայքի միջոցով՝ մինչև 2016թ. նոյեմբերի 8-ը ներառյալ։ Մենք խորհուրդ ենք տալիս դիմել հնարավորինս շուտ։ Կայքում կարող եք ծանոթանալ պահանջվող բոլոր փաստաթղթերին ու չափանիշներին։

Մենք ունենք որոշակի չափանիշներ, իհարկե. նրանք պետք է ունենան 2 տարվա աշխատանքային փորձ (կարող է լինել նաև կամավորական աշխատանքի փորձ), ընտրած լինեն երեք տարբեր մագիստրոսական կուրսեր, որոնց դիմելու են: Նրանք պետք է ցանկություն ունենան իրենց կրթությունը ստանալուց հետո առնվազն երկու տարով վերադառնալ Հայաստան։ Պետք է ունենան բավականին լավ  բակալավրիատի կրթություն, որով նրանք կարող են իրենց կրթությունը շարունակել մագիստրատուրայում։ Նաև պետք է ունենան երկարաժամկետ կարիերայի պլաններ ու կարողանան ցուցադրել իրենց առաջնորդության հմտությունները։

Ուզում եմ շեշտել, որ դիմելու պահին պարտադիր չէ ունենալ անգլերեն լեզվի իմացության թեստի արդյունքները:  Դրանք պետք է ներկայացնել մինչև գալիք հուլիս ամիսը: Այդ նույն ժամանակահատվածում դիմորդներն արդեն պետք է ունենան նաև իրենց ընտրած համալսարան ընդունված լինելու հաստատումը:

Նախկինում առաջարկվող մասնագիտությունների ցանկը սահմանափակ էր, հիմա փոփոխություններ եղե՞լ են, ո՞ր ոլորտի մասնագետներին է տրվում նախապատվությունը։

– Մասնագիտությունների կոնկրետ ցանկ արդեն չկա, խրախուսում ենք, որ դիմորդները դիմեն այն ոլորտի համար, որտեղ իրենք առաջնորդ են։ Բոլոր ոլորտներից ենք ընդունում հայտեր, պարզապես հայտերը պետք է որակյալ լինեն։

Իսկ ի՞նչ հնարավորություններ են ընձեռվում «Չիվնինգ» ծրագրի շրջանավարտներին՝ հետկրթական ժամանակահատվածում:

– Մենք խրախուսում ենք նրանց կապերի ստեղծումն ու գործունեությունն իրենց իսկ երկրներում: Օրինակ՝ կան հիմնադրամներ, որոնց դիմելով՝ նրանք կարող են ստանալ որոշակի ֆոնդեր և իրականացնել ծրագրեր: Նաև կազմակերպվում են տարածաշրջանային համաժողովներ, որոնց մասնակցելու միջոցով շրջանավարտները կարող են ոչ միայն կապ պահպանել միմյանց միջև, այլև հանդես գալ նախաձեռնություններով:

«Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի շրջանավարտների համար շատ օգտակար ռեսուրս կարող է լինել www.cheveningconnect.com կայքը, որտեղ նրանք կարող են կապ պահպանել միմյանց հետ և ծանոթանալ իրենց հետաքրքրող նորություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս