«ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու քայլերը մասամբ հաջողությամբ կպսակվեն»

«ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փորձերը հաջողություն կունենան, եթե ՀՀ կոռուպցիոն համակարգը վերանա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ Սթրիթում, կայացած «Հայաստան ներդրումային համաժողովի» հնարավոր արդյունքներին։

Հիշեցնենք, որ համաժողովին հայկական կողմը ներկայացրել է ներդրումային 8 ուղղություն, որտեղ ամերիկացի ներդրողները կարող են աշխատել։ Համաժողովը կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ՝ հոկտեմբերի 10-11-ը, Նյու Նորք քաղաքում։

Մասնավորապես, խոսելով անհանգստություններից, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստան օտարերկրյա ներդրումները պակասել են, Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ հայկական համապատասխան կառույցները պետք է խորությամբ վերլուծեն, թե ինչու է նման բան տեղի ունեցել, եթե կան պաշտոնական աղբյուրներ այդ մասին։ «Այնուամենայնիվ, այդ առնչությամբ այն, ինչ ես կարող եմ ասել, հետևյալն է՝ կարելի էր սպասել նման բանի՝ հաշվի առնելով հայաստանյան շուկան, տնտեսական դաշտը, ԵՏՄ ներկայիս դրությունն ու Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը։ Իրավիճակի բարելավման հույսեր դեռ չկան, քանի որ, ինչպես հասկանում եք, քանի դեռ միջազգային քաղաքականությունը լարված է, լարված վիճակում կլինի նաև Ռուսաստանի տնտեսությունը»,- նման տեսակետ հայտնեց Սիմոնովը։

Նրա խոսքով՝ ողջունելի է նման համաժողովի անցկացումը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։ «ԵՏՄ-ն, եթե այն շարունակի ապագայում ևս գոյություն ունենալ, միայն կշահի, եթե իր անդամները կայուն տնտեսություն ունենան, որը պետք է լինի դիվերսիֆիկացված և բազմազան։

Ռուսաստանն ու ԵՏՄ-ն այսօր այնպիսի իրավիճակում չեն, որ Ռուսաստանից ստացվող տրասֆերտների և ներդրումների վրա հիմնվելը ճիշտ քաղաքականություն դիտարկվի։ Ես բազմիցս եմ ասել, որ Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկի։ Կարծում եմ, որ այդ քայլերը մասամբ հաջողությամբ կպսակվեն, մասամբ էլ հաջողություն կլինի այն ժամանակ, երբ ՀՀ կոռուպցիոն համակարգը վերանա»,- նկատեց ռուս տնտեսագետը։ Վերջինիս կարծիքով՝ այսօր Ռուսաստանն այլ ելք չունի։ «Եթե նույնիսկ ոգևորված չլինի Հայաստանի այս նախաձեռնություններից, չի ընդդիմանա դրանց, քանի որ դրա հակառակ տարբերակը ծայրաստիճան կախվածությունն է Ռուսաստանից, որն այսօր ՌԴ-ն չի կարող բավարարել»,- ասաց Սիմոնովը՝ հավելելով, որ ողջունելի է, որ Հայաստանը փորձում է ներդրողներ ներգրավել։

Տեսանյութեր

Լրահոս