«Սասունս շատ էր ուզում գեներալ դառնալ, հենց զանգում էի, ասում էր՝ գեներալ Մկրտչյանը լսում է»
Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 7 ամիս։ Ապրիլյան հերոսների ծնողներն արդեն 7 ամիս է՝ ապրում են հիշողություններով եւ, ինչպես նրանցից շատերն են ասում, հպարտության զգացումով, որն օգնում է նրանց առաջ նայել։ Դժվար է մտածել համապատասխան հարցեր, որ հանկարծ չցավեցնես, չստիպ&ես նրանց վերապրել այդ օրերը։ Բայց հերոսների ծնողներին պետք է ճանաչեն, հերոսներին՝ հիշեն։ Անընդմեջ մտածում էի, ինձ համոզում, որ ժամանակ կանցնի, ծնողների մեջ այդ ցավը մի փոքր կթեթեւանա, բայց լավ էլ հասկանում էի, որ պարզապես ինձ էի համոզում, իսկ 7 ամիսն այդքան էլ մեծ ժամանակահատված չէ։ Այնուամենայնիվ, ցանկությունս տեսնել դա որպես իրականություն ստիպեց սկսել «Նրանք հերոսի ծնողներ են» նախագիծը, որի շրջանակում «Արմենպրես»-ն այցելելու է հերոսների ծնողներին, ներկայացնելու ենք նրանց ապրելակերպը, ինչպես նաեւ փոքր դրվագներ հերոսների կյանքից։
Հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանն առաջիններից էր, ով ընդունեց թշնամու գնդակը եւ հերոսաբար ընկավ հանուն ընկերների, հանուն նրա, որ այլեւս երբեք թշնամու ոտքը չլինի իր ազատագրած հողի վրա: Թիվ 78 դպրոցում, որտեղ սովորել էր հերոսը, բացվել է նրա անունը կրող դասասենյակ: Միջոցառումից անմիջապես հետո գնացինք նրանց տուն, որտեղ մեզ դիմավորեց Սասունի հայրը՝ Ֆահրադ Մկրտչյանը, ծանոթացրեց մայրիկի՝ Նարինե Կիրակոսյանի հետ եւ առաջարկեց զրուցել նրա հետ: Բայց քանի որ գնացել էինք զրուցելու նաեւ հայրիկի հետ, խնդրեցի, որ նա էլ մասնակցի զրույցին, ասաց՝ մայրն է, թող նա պատմի:
Մայրն էլ նայեց ամուսնուն ու ասաց՝ դե, դու էլ Սասունի հայրն ես: Ի վերջո, հայրը համաձայնեց միանալ մեզ: Տիկին Նարինեն ցույց տվեց Սասունի համար խնամքով պատրաստված մի անկյուն, որը, սակայն, մի փոքր դատարկված էր, քանի որ Սասունի լուսանկարները, պատվոգրերն ու մրցանակները տարել էին դպրոց: Տիկին Նարինեն հաշվապահ է, սակայն բուն մասնագիտությամբ երբեք չի աշխատել: Սասունի հայրը վարորդ է, եւ քանի որ շատ ժամանակ չի անցկացրել տանը, երեխաների դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է կինը:
«Ամուսինս առավոտյան գնում էր, երեկոյան գալիս: Սասունիս ու քրոջը ես էի դպրոց տանում, դասերով զբաղվում: Փոքր տարիքում ավելի շատ ինձ հետ էր խոսում, պատմում՝ ինչպես է օրն անցել, իսկ արդեն տարիքի հետ սկսեց ավելի մտերմանալ հայրիկի հետ: Սասունը շատ լսող երեխա էր, մեր խորհուրդներին հետեւում էր, կարծիքը՝ հաշվի առնում, բայց ինքն ուներ իր խոսքը: Մենք էլ միշտ ցանկացել ենք, որ ամեն ինչ երեխաների սրտով լինի, տարբեր հարցերում իրենք իրենց ընտրությունն ունենան: Նա կռվարար չէր, բայց եթե հանկարծ իրեն, քրոջը կամ ընկերոջը մի բան ասեին, պատասխան կտար, կպաշտպա ներ», – տիկին Նարինեն դեմքի նույն արտահայտությամբ, հանգիստ պատմում էր որդու մասին, բայց դեմքը պայծառացավ, երբ հիշեց Սասունին ժպտալիս. «Սասունս շատ ժպտերես էր, երբ նայեիր, ժպիտը դեմքին էր»:
Նա պատմեց, որ որդին 10 տարեկանից զբաղվել է սպորտով, Մուայթայի ֆեդերացիայի անդամ էր: Առաջին հաջողությունները գրանցել էր հենց այդ տարիքում՝ Հայաստանի առաջնությանը զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Տիկին Նարինեի խոսքով՝ հենց դրանից հետո Սասունը ոգեւորվեց եւ որոշեց առաջ գնալ՝ հետագայում հասնելով ավելի լուրջ հաջողությունների:
Բայց արդեն վերջին տարիներին աշխատանքի պատճառով չէր կարողանում ժամանակ հատկացնել սպորտին: Երբ ստացվում էր, գնում էր, ընկերներին տեսնում, պարապում, փոքրերին խորհուրդներ տալիս:
Ծնողները դեմ էին, որ Սասունն ընտրի զինվորականի մասնագիտությունը, սակայն նա գիտեր, որ հենց դա է իր ուղին. «Զինվորական համազգեստի մեջ ուրիշ կերպ էր իրեն զգում: Շատ էի համոզում, որ կրթություն ստանա, բայց ասում էր՝ մամ, մեկ է սովորողներն իրենց մասնագիտությամբ չեն աշխատում, ինչիս է պետք: Բանակից որ եկավ, աշխատանքի մտավ Վերաքննիչ դատարանում, այդ ընթացքում մի կերպ ստացվեց նրան համոզել, ընդունվեց Դատափորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտի հեռակա բաժինը: Համատեղում էր ուսումն ու աշխատանքը: Հետո դատարանից դուրս եկավ, գնաց խաղաղապահ զորքեր: Դե, արդեն 2014-ին էլ վերջնական որոշում ընդունեց, պայմանագիր կնքեց ու մտավ հատուկ նշանակության զորքեր»:
Սասունը ձգտում էր մեծ հաջողությունների, սակայն տիկին Նարինեի խոսքով՝ ոչ երբեք ուրիշին ինչ-որ բան խնդրելով. նա ցանկանում էր այդ ամենն անել սեփական ուժերով:
Հայրը լուռ լսում էր կնոջը, բայց մի բան հիշեց. «Սասունս շատ էր ուզում գեներալ դառնալ, հենց զանգում էի, ասում էր՝ գեներալ Մկրտչյանը լսում է, ես էլ ասում էի՝ հա, բալես, ես էլ քո շարքային զինվորն եմ»:
Մայրը պատմում է, որ իր եւ ամուսնու նախնիները գաղթել են Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառից: Սասունցի հերոսը մեծացել է տատիկ, պապիկի կողքին, հայրենասիրական երգերի ներքո. սասնա ոգին դեռ մանկուց է ձեւավորվել նրա մեջ:
«Ծառայության ժամանակ միշտ նկարներ էր ուղարկում սարերում, դաշտերի մեջ: Ասում էի՝ Սասուն ջան, քաղաքի տղա ես, ուրիշները քաղաքի կյանքին են ձգտում, չեն դիմանում, դու մշտապես սարերում ես, ինչ ես գտել էդ սարերի մեջ: Ասում էր՝ մամ ջան, դու չես հասկանում, ոնց էլ բացատրեմ, չես հասկանա: Սասունի ընտրյալը՝ Գոհարիկն էլ էր սասունցի: Մի տարի առաջ պատահաբար քաղաքում ծանոթացել էին: Փաստորեն, ամուսինս ու Գոհարի հայրն էլ իրար էին ճանաչում: Ամուսինս անչափ ուրախ էր. միշտ ասում էր՝ մեր կողմի աղջիկները լավն են, խելոք: Ասում էր՝ նայի, Գոհարիկին հանկարծ չնեղացնես: Սասունս շատ էր փոխվել: Կյանքին լրիվ ուրիշ ձեւով էր նայում, ավելի նպատակասլաց էր դարձել»:
Տիկին Նարինեն մեծ ոգեւորությամբ է պատմում Գոհարի մասին, նույնիսկ նշանադրության օրն էին որոշել՝ ապրիլի 7-ը, մատանին գնել, սակայն ընկերներին ու հայրենիքին արյան գնով պաշտպանելու մղումն ավելի եսասեր գտնվեց:
Ապրիլի 1-ին Սասունը վերադարձել էր տուն, ընտանիքի անդամներով հավաքվել էին մի փոքր զրուցելու, սակայն տիկին Նարինեի խոսքով՝ Սասունը շատ մտամոլոր էր:
«Խոսում էինք հետը, կարծես մեզ հետ չլիներ: Հարցնում էինք՝ ինչ է եղել Սասուն ջան, ասում էր՝ հեչ, մամ, բան չկա, մի փոքր խառն ենք: Առհասարակ, դեռ բանակային ծառայության ժամանակներից շատ գաղտնապահ էր: Մի բառ չէր լինում բերանից պոկել: Երբեք ոչնչի մասին չէր խոսում: Ինչեւէ, զրուցում էինք տարբեր թեմաներից, նշանադրության հարցն էինք քննարկում: Միայն վերջերս եմ որդուս ծառայակից ընկերներից իմացել, որ Սասունս հրաշալի տիրապետում էր թուրքերենին: Նույնիսկ չգիտեինք, որ գնդացրորդ էր, այնքան փակ ու գաղտնապահ տղա էր»:
Ապրիլի 2-ի առավոտյան տագնապը ճակատագրական եղավ նաեւ Սասունի համար: Նա շտապեց Թալիշ` գրավված դիրքն ամեն գնով ազատագրելու համար:
«Մեր զինվորների մարմինները մնացել էին այդ տարածքում: Սասունս հետ էր շպրտում թշնամու զինվորներին: Սասունի օգնությամբ առաջին դիրքը հետ են գրավում, երկրորդը դիրքը գրավելիս պայքար է տալիս թշնամու դեմ, գնդացրով կրակում, ասում է՝ տղե՛րք, եկե՛ք մաքուր է, ու հենց այդ ժամանակ դիպուկահարը կրակում է: Փաստորեն, իմ որդին պայքարել է հողի, մեր երեխաների մարմինները հետ բերելու համար»:
Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին ծնվեց հերոսի քրոջ որդին՝ փոքրիկ Սասունը: Ծնողների համար կարծես մի փոքր լույս նշմարվեց, սակայն դատարկությունն այդպես էլ չլցվեց:
«Մենք միշտ էլ հայրենասեր ենք եղել, չենք պատկերացրել մեր կյանքը հայրենիքից դուրս: Մեր երեխաներին էլ ենք այդպես դաստիարակել, բայց երբեք չէինք պատկերացրի, որ նման բան կարող է պատահել մեզ հետ: Սասունիս միշտ հաղթանակած էինք պատկերացնում, չնայած նա էլի հաղթել է, շատ մեծ գործ է արել, ընկերներին է փրկել: Ցավը շատ մեծ է, մեր կյանքն ամբողջովին փոխվել է: Ճիշտ է, աղջիկ էլ ունենք, բայց դե միեւնույնն է, ամեն երեխան իր տեղն ունի»:
Տիկին Նարինեն ամբողջ զրույցի ընթացքում չհուզվեց, որդու լուսավոր կյանքի դրվագները հիշեց լույսն աչքերում: Նա վստահ է՝ Սասունը կցանկանար նրան տեսնել հենց այսպես:
«Շատ-շատ լավ բարեկամներ ունենք, որոնց շնորհիվ միայն կարողացանք դուրս գալ ամենածանր շրջանից: Սկզբում ես կարծես վերացած լինեի այս աշխարհից իմ ցավի, տառապանքի մեջ: Այդ շրջանը հաստատ չեմ համեմատի այժմյան վիճակի հետ: Ճիշտ է, պահեր են լինում, որ հիշողությունները շատ խորն են տանում, բայց փորձում եմ ինձ վերահսկել: Սասունս մի նկար ունի շատ սաստող հայացքով, խոսում եմ նրա հետ, լացում, բայց միանգամից զգաստանում եմ, կարծես ինձ ասում է՝ դուք պիտի ուժեղ լինեք: Սասունս կա, նա մեր կողքին է»:
Տիկին Նարինեն սկզբնական շրջանում մերժել է բոլոր լրատվամիջոցների առաջարկները գալ եւ զրուցել իր հետ, սակայն մի կնոջ հետ, այնուամենայնիվ, որոշել է հանդիպել: «Ներկայացավ որպես Հանրային ռադիոյի լրագրող: Գոհար Մարտիկյանն էր՝ Աշոտ Չախոյանի մայրը. նա նույնպես որդի էր կորցրել 1994 թվականին: Երբ իմացա, իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ տեսնել նրան, զրուցել նրա հետ: Եվ իրոք, նա շատ մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Պատմեց որդու մասին, ով նույնպես հետախույզ է եղել, թե ինչքան դժվարությունների միջով է անցել որդու կորստից հետո, ինչ ծանր ժամանակներ է ունեցել, բայց հիմա աշխատում է, ապրում: Նրա անկեղծ կարեկցանքն ու խորհուրդներն ինձ սթափեցրին»:
Տիկին Նարինեն ապրում է, ուժ հավաքում, փորձում առաջ նայել, ամուսնուն էլ ասում է՝ չպետք է թուլանանք:
«Ճիշտ է, ես աշխատանքից դուրս եկա, ամուսինս էլ էր ուզում դուրս գալ, սակայն համոզեցի նրան, որ այդպես չանի: Ես այլ կերպ եմ փորձում դիմանալ, հաղթահարել, ամուսինս՝ այլ կերպ: Հաստատ գիտեի, որ տանը նստելով էլ ավելի դժվար է լինելու, ուզում էի, որ գոնե դուրս գար, շփվեր մարդկանց հետ: Հանուն մեր Սասունի` պետք է ուժեղ լինենք, քանի որ հենց ինքը շատ ուժեղ տղա էր: Սասունս երբեք չի ուզենա, որ մենք հիվանդ կամ թույլ լինենք: Ճիշտ է, կյանքը բաժանվել է երկու մասի՝ Սասունից առաջ եւ Սասունից հետո, բայց մենք Անի ունենք, մենք թոռներ ունենք, որոնց մասին պետք է մտածենք ե ւ մենակ չթողնենք: Սասունս մեզ է նայում ու ասում՝ այդպես էլ պետք է անեք»:
Սասունի հայրը շարունակում էր լուռ հետեւել մեր զրույցին, կարծես մտովի տեղափոխվում որդու կյանքի մի դրվագից մյուս դրվագը: Հասկանում էի՝ երկու ծնողներն էլ յուրովի էին զգում այդ ցավը, բայց փորձում էին պայքարել դրա դեմ միասնաբար՝ միմյանց աջակցելով ու թիկունք լինելով: Համոզված եմ՝ հայրն էլ կունենար շատ բաներ պատմելու, բայց չէի ցանկանում խլել հիշողություններով որդու հետ եւս մեկ անգամ լինելու այդ պահերը:
Սասունի հոր խոսքով՝ հպարտ էր, երբ տեսավ, որ ամենադժվարին պահին հայ ազգը ոտքի ելավ, կանգնեց զինվորի կողքին, բայց դե, նա որդի էր կորցրել: Զրույցի վերջում միայն ավելացրեց.
«Տարիներ էլ անցնեն, մարդու սրտի վերքը չի լավանա, հասկանում եք՝ ոնց որ իմ ձեռքը կամ ոտքը կտրած լինեն»:
Հեղինակ՝ Սյուզի Մուրադյան
Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի
Հ.Գ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով: «Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործը: Հանգչի՛ր խաղաղությամբ, Հայրենիքի զինվոր»,-ասաց Նախագահ Սարգսյանը: