«Հանրապետական կորպորացիայի» ռիսկն ու Հանրապետական կուսակցության շանսը

Մեր զրուցակիցն է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը

– Պարոն Կիրակոսյան, կառավարության կազմի փոփոխություններն ի՞նչ են ցույց տալիս, համամի՞տ եք, որ սա տեխնոկրատների կառավարություն է։

 – Խոշոր իմաստով՝ նրանք խոշոր բիզնեսի շահերն են ներկայացնելու, որովհետև բոլորն այդտեղից են։ Եվ, ըստ ամենայնի, գնալու է ավելի հստակ խաղի կանոններով աշխատանք, բայց չեմ կարծում, որ միջին և փոքր բիզնեսի համար ինչ-որ գլոբալ փոփոխություններ են լինելու։ Կարծում եմ՝ արդյունավետւթյունը որոշակիորեն կմեծանա՝ համեմատած նախորդ կառավարության հետ։

– Գագիկ Բեգլարյանի, Սուրիկ Խաչատրյանի, Գագիկ Խաչատրյանի նման օդիոզ դեմքերի հեռացումը կառավարման ղեկավար օղակներից ի՞նչ է նշանակում, արդյոք ՀՀԿ-ն հրաժարվո՞ւմ է իր հիմնասյուներից։

Կարդացեք նաև

– Ես նրանց չէի անվանի հիմնասյուներ։ Համենայնդեպս, Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մինչև նրանց էլ կար, առանց իրենց էլ, ինձ թվում է՝ ավելի լավ իրավիճակում կլինի։ Ի վերջո, պարզ է, որ Հանրապետականն այսօր կուսակցություն չէ, բազմիցս ասել եմ և կրկնում եմ, կարծես կորպորացիա է, ուր մարդիկ գալիս են իրենց ներդրումներով և դիվիդենտներ են քաղում։ Այդ տիպի Հանրապետականը վաղ թե ուշ պետք է վերջանա, չի կարող այդպես շարունակվել, և այն պետք է վերածվի իսկապես կուսակցության։ Եվ դրա ամենալավ եղանակը, իմ խորին համոզմամբ, այն է, որ ՀՀԿ-ն ընդդիմություն դառնա։ Այժմ փորձում են կորպորատիվից վերածել կուսակցության՝ որոշակիորեն ինչ-որ մարդկանց մաքրելով։ Բայց ես չեմ կարծում, որ դա մինչև վերջ հնարավոր է։ Սերժ Սարգսյանի այս օպերացիան որոշակի շանսեր տալիս է հաջորդ ընտրություններում, եթե նորմալ ընտրություններ անցկացնեն, իշխանությունը պահպանելու, բայց կրկին բավական չէ, որպեսզի կուսակցությունը կուսակցություն դառնա։

– Ի՞նչ ցույց տվեցին  ՏԻՄ ընտրությունները, չե՞ք կարծում, որ համապետական ընտրություններում ՀՀԿ-ն պարտվելու մտադրություն չունի, առավել ևս՝ ընդդիմությունն էլ կարծես ասում է, որ այս կամ այն չափով նորմալ են անցել ՏԻՄ ընտրությունները, խախտումներն այդքան շատ չեն եղել։ Ընդ որում՝ մասնավոր զրույցներում հանրապետականները հարցնում են՝ դիտավորյա՞լ պարտվենք, կամ ո՞ւմ հանձնենք իշխանությունը։

– Տեղական և համապետական ընտրությունների միջև էական տարբերություն կա, որովհետև, եթե համապետական ընտրություններում որոշվում է երկրի ընթացքը, արտաքին քաղաքականությունն ամբողջ սպեկտրով, ՏԻՄ ընտրություններն առաջին հերթին՝ արդյունավետ կառավարման խնդիր են լուծում։ Եվ, համենայնդեպս, մինչև հիմա այդպես է եղել, վերջին ընտրություններն էլ փաստացի այդպես էին։ Որոշակի էական տարբերություններ կան Վանաձորի, Գյումրու, Կապանի կամ Սևանի արդյունքների մեջ։ Ես չէի շտապի կարծիք հայտնել, թե ՀՀԿ-ն մեծ հաջողություն է ունեցել։ Ըստ էության՝ հաթողը կուսակցությունը չի եղել, պարզապես Հանրապետականը պաշտպանել է նույնիսկ այն մարդկանց, որոնք լոյալ են իրենց նկատմամբ և որոշակիորեն կարող են այդ կորպորացիայի մեջ տեղ գտնել։ Այսինքն՝ մարդ է, որը շատ արատավոր անցյալ չունի, որը նաև որոշակի կառավարման փորձ  ունի, կամ իրենից այդ սպասելիքները կան, և ՀՀԿ-ն այդ մարդուն առաջարկում է աջակցություն, կամ այդ մարդն է դիմում իրենց։

Բավականին մարդիկ կան, որ դեռևս Հանրապետական կուսակցության անդամ չեն, բայց ՀՀԿ-ն նրանց է պաշտպանել՝ միևնույն ժամանակ չպաշտպանելով հենց Հանրապետականի վաղուցվա անդամներին։ Սա կուսակցություն չի, և, եթե ասում են՝ «մենք հաղթել ենք», այդ «մենքը» շատ անորոշ բան է այսօր։ ՀՀԿ համագումարից հետո որոշակի հստակություն կունենանք, որովհետև այնտեղ լուրջ խնդիրներ կան։ Ամենամեծ խնդիրն այն է, որ Հանրապետականի գաղափարական մասը, ըստ էության, այնքան էլ աջակցություն չունի ոչ միայն հասարակության կողմից, այլև Հանրապետականի ներսում։ Որքան էլ տարօրինակ է, օլիգարխներն ավելի մեծ քաշ ունեն, քան գաղափարականները։ Սա նույնպես դրա մասին է խոսում։

Հիմա կփորձե՞ն արդյոք ծանրությունը դնել այն մարդկանց վրա, ինչպիսիք են՝ Աշոտյանը, Շարմազանովը կամ մյուս երիտասարդները և ոչ երիտասարդները, որոնք գաղափարական պատկերացումներ ունեն, բայց որոնք այդքան էլ պոպուլյար չեն, թե՞ կփորձեն պահպանել ուժայիններին, որոնք բռի կերպով խնդիրներ լուծող են. կյանքը ցույց կտա։ Ինձ թվում է, խնդիրը կարծես ավելի շատ այդ օդիոզ մարդկանցից ազատվելն է, բայց դա, իհարկե, ռիսկ է Հանրապետական կորպորացիայի համար, բայց շանս է Հանրապետական կուսակցության, ինչպես նաև երկրի համար, որ իսկապես մենք պետք է ունենանք պահպանողական կուսակցություն, ինչպես իրենք են կոչում, որը ազդեցություն կունենա հանրապետությունում։

Մյուս խնդիրն ավելի բարդ է՝ այսօր մենք գաղափարական ընդդիմություն փաստացի չունենք։ Եվ հիմա այս 6 ամսվա ընթացքում ընդդիմությունն էլ խնդիր ունի, գոնե կուսակցությունների մի մասը, որ կարողանան իրենք հասկանալ, թե բացի Հանրապետականին հաղթելուց՝ ուրիշ ինչ փոփոխություններ են ուզում։ Լրիվ տարբեր քաղաքական ուժերի այն միասնությունը, որ տեսանք Վանաձորում, որը ինչ-որ ձևով նաև Գյումրիում կար, տեղական մակարդակով ընդունելի և ողջունելի է։ Նրանք, փաստորեն, ոչ մի խնդիր չեն դնում, միայն հաղթել Հանրապետականին, ինչպես իրենք էին ասում։ Տեղական ինքնակառավարման ընտրությունների դեպքում դա նորմալ է, բայց համապետական ընտրությունների  դեպքում դա արդյունավետ չէ և ոչ մի լավ բանի չի բերելու, կրկին լինելու է միայն հակադրվելն ինչ-որ մեկին։ Պետք է Հայաստանի ապագայի ավելի լուրջ տեսլական լինի, իսկ դրա վրա պետք է աշխատեն։ Կես տարի ունեն, տեսնենք՝ կկարողանա՞ն, թե՞ ոչ։

 – Խոսակցություններ կան, որ նոյեմբերին ՀՀԿ համագումարում Կարեն Կարապետյանն իր թիմով անդամակցելու է ՀՀԿ-ին, ավելին՝ գլխավորելու է ՀՀԿ խորհուրդը։ Ի՞նչ է սա նշանակում, արդյոք Սերժ Սարգսյանն իրեն հետնո՞րդ է պատրաստում, և մտադիր է հեռանա՞լ քաղաքականությունից։

– Չեմ կարծում, դեռ շուտ է հեռանալու և այդ կարգի հայտարարություն անելու համար, որովհետև Սերժ Սարգսյանն առնվազն 2 տարի պետք է իշխանության գլխին լինի։ Ես կարծում եմ ՝ և՛ ինքը, և՛ իր շրջապատը կուզենային հնարավորինս երկար նրան պահեին՝ ինչպես Կենտկոմի քարտուղարին, այս անգամ՝ ՀՀԿ կենտկոմի գլխավոր քարտուղար լինի, որը երաշխիք կլինի այդ պահպանողականությանը, կուսակցության շարունակականությանը։ Այնպես որ, չեմ կարծում, որ նման քայլեր կարվեն։

Կարող է և ֆորմալ իմաստով անունը փոխեն, օրինակ՝ կուսակցության նախագահից՝ դառնա գլխավոր քարտուղար, կամ այլ, բայց ապարատի կառավարման հնարավորությունները կմնան նրա մոտ։ Ինձ թվում է՝ անգամ սխալ կլիներ, դեռ Սերժ Սարգսյանի հեռանալու ժամանակը չէ, շուտ է։ Կառավարության վերջին նիստում էլ տեսանք, որ Սերժ Սարգսյանը փաստացի ասաց, որ տեր է կատարվողին։ Հիմնական մեսիջը դա էր։ Ասում են՝ նրա խոսքը պարզունակ էր, բայց իմաստն այն էր, որ ինքը տեր է, կանգնած է թիկունքին, գլխին կամ ինչ-որ մի տեղ, և ինչ անում են, դրա համար պատասխանատուն ինքն է ու ինքը պետք է հետևի։ Դա նաև ուղերձ էր, որ Սերժ Սարգսյանը դեռ չի հեռանում։

Տեսանյութեր

Լրահոս