Բաժիններ՝

«Երբ ներդրողը կասկածներ է ունենում՝ կառավարությունը փարատում է, իսկ այստեղ կառավարությունը կասկածներ է ներշնչում ներդրողներին». Աշոտ Գրիգորյան

«EU-ASIA business finance centre» հոլդինգը ՀՀ նոր վարչապետից բավականին մեծ սպասելիքներ ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «EU-ASIA business finance centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունեցել, կառավարությունը մասնակի է փոխվել: Ըստ նրա` Սփյուռքի և ԱԳ նախարարների մասին եվրոպահայությունն ունի խիստ բացասական կարծիք, բայց երևի ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի:

«Մեր նպատակն է՝ Հայաստանը վերադարձնել միջազգային համագործակցության շրջանակների մեջ, որից Հայաստանն իսպառ դուրս է մնացել»,- ասաց Ա.Գրիգորյանը:

Նա նշեց, որ Հայաստանը պետք է ներգրավել Մետաքսի նոր ուղու մեջ, որը շրջանցելու է մեր հարևանին. հոլդինգը նախատեսում է նավահանգիստ գնել Բուլղարիայում և տարանցիկ բեռնափոխադրում ապահովել Հայաստանով, ինչը մեր երկրին բավականին մեծ հնարավորություն կտա:

Երկրորդ ներդրումային խոշոր նախագիծը, Ա. Գրիգորյանի խոսքով, Իրանի գազը տարանցիկ Եվրոպա մատակարարելու խնդիրն է:

«Բոլոր այս հարցերը վարչապետն ընդունեց «հոտընկայս», և մենք եկանք համաձայնության: Միակ կնճռոտ խնդիրը «Նաիրիտն» է: Չգիտես ինչու, արտասահմանյան ներդրողը վստահ է, որ «Նաիրիտը» պետք է աշխատի և կարճ ժամանակ հետո կարող է դառնալ մոդեռն արտադրություն` ի դեմս հին գիտաարտադրական միավորման, քանի որ Հայաստանն ունի հիանալի քիմիկոսներ, գիտնականներ, և ներդրողներն արդեն դա հաշվարկել են: Ներդրողները պատրաստ են ոչ միայն արտադրությամբ զբաղվել, այլև՝ տեղափոխման և իրացման հարցերով: Բայց կառավարությունը զարմանալի հարցեր է տալիս` ինչո՞ւ եք այս գործի մեջ մտնում, հաշվարկե՞լ եք ծախսերը, էներգակիրների գներն ուսումնասիրե՞լ եք, և այլն: Սովորաբար այլ երկրներում հակառակն է լինում. երբ ներդրողը կասկածներ է ունենում՝ կառավարությունը փարատում է, իսկ այստեղ կառավարությունը կասկածներ է ներշնչում ներդրողներին»,- ասաց Ա.Գրիգորյանը:

Անդրադառնալով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանի հայտարարությանը, թե 1 եվրոյով են ուզում վերցնել «Նաիրիտը», բայց ի՞նչ երաշխիք, որ ներդրումներ կանեն, Ա. Գրիգորյանը հորդորեց, որ նախ՝ Յոլյանը, եթե կարող է, պատասխանի, թե ինչով է 1 մեգավատտը տարբերում 1 մեգավատտ/ժամից: Նրա  բնորոշմամբ` նախկին նախարար Լևոն Յոլյանը կարողացել է իր սև գործն անել և կասկածներ ներշնչել նաև վարչապետին: Ըստ նրա` իրենց հոլդինգի մեջ կա կազմակերպություն, որ Չինաստանի հետ միլիարդների ներդրումային գործարքներ է կնքել և ուզում է Հայաստանի հետ էլ կնքել, ևս երկու խոշոր կոնսորցիում ցանկություն են հայտնել միանալ հոլդինգին «Նաիրիտի» և Հյուսիս-Հարավ երկաթուղու հետ կապված.

«Իրանն ավելի է շահագրգռված, որ երկաթգիծն անցնի Հայաստանով, և արագություն են տալիս: Եթե չփորձեն «Նաիրիտին» խոչընդոտել, ապա «Նաիրիտի» գործն էլ կստացվի»:

Ա. Գրիգորյանը հայտարարեց, որ կառավարությունը շատ լավ գիտի՝ ինչպես կնքել պայմանագրեր, և, եթե 1 եվրոյով վերցնեն, բայց ներդրումներ չանեն, ապա պետությունը հետ կվերցնի «Նաիրիտը»:

«Ինչո՞վ  է տուժելու: Առաջին իսկ կետը չանելու դեպքում կարող են հետ վերցնել: Անցած անգամ սնանկությունն ու այդ սկանդալը տեղի է ունեցել, որովհետև պետությունն ինքն է մասնակցել գողությանը: Առանց պետության մասնակցության՝ չի կարող գողություն լինել: Ազգային ժողով ենք ուղարկել փաթեթը Հովիկ Աբրահամյանի խնդրանքով, դե, պատասխան տվեք: Սլովակիայում Կիպրոսի դեսպանն ինձ ասել է, որ Տիգրան Սարգսյանն է օֆշորային հաշիվը բացել, և ինքն է ստորագրել բոլոր թղթերը»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Ա.Գրիգորյանը նշեց, որ վարչապետի պատասխանը եղել է դրական, բայց «մի քիչ լղոզված», այժմ իրենք պետք է վերադառնան Սլովակիա, պատրաստեն առաջարկներ և կառավարության հետ բանակցեն դրանց շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս