Բաժիններ՝

Մեկնարկում է «գրին քարտի» խաղարկությունը

Երևան, Հայաստան. ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ մեկնարկել է 2018թ. շնորհվելիք ներգաղթային վիզաների խաղարկային ծրագրով կամ «գրին քարտի» խաղարկության մասնակցության հայտերի ներկայացումը: Հայտերի ընդունման ժամկետն է. 2016թ. հոկտեմբերի 4-ից, արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 12:00-ից (Գրիվնիչ – 4) մինչև 2016թ. նոյեմբերի 7-, արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 12:00 (Գրիվնիչ – 5): Մասնակցության հայտը լրացվում է առցանց www.dvlottery.state.gov կայքում վերը նշված ժամկետներում: Թղթային հայտեր չեն ընդունվում: Գրանցումը խորհուրդ չի տրվում թողնել  վերջին շաբաթվան, քանի որ այդ օրերին մեծ պահանջարկի հետևանքով կայքի աշխատանքը կարող է դանդաղել: 2016թ. նոյեմբերի 7-ից հետո հայտերի ընդունումը դադարեցվում է:

Բոլոր հետաքրքրված անձանց հիշեցնում ենք, որ խաղարկությանը մասնակցելու համար որևէ վճարում չի պահանջվում, նաև հիշեք, որ մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում համակարգն ավտոմատ չեղարկում է բոլոր հայտերը, իսկ հայտի ներկայացումն հաստատող էջը և այնտեղ նշված եզակի համարանիշը պետք է անպայման պահել:

Ամեն տարի իրականացվող այս վիճակախաղում մի շարք պարզ ու հստակ չափանիշների բավարարող անձինք կարող են ձեռք բերել ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն: Շահողները որոշվում են համակարգչային պատահական ընտրանքի միջոցով և նրանք իրավունք են ստանում ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել: Խաղարկության ծրագրի պահանջներից է, որ հիմնական հայտատուն ունենա առնվազն միջնակարգ, կամ դրան համարժեք կրթություն, կամ երկու տարվա որակավորված աշխատանքի փորձ՝ ըստ ԱՄՆ օրենսդրության:  Վիճակախաղով հետաքրքրված անձինք կարող են անձամբ կամ մեկ այլ անձի միջոցով ներկայացնել հայտը: Անկախ այն հանգամանքից  թե ով է հայտը ներկայացրել, ամեն մի մասնակցի անունով պետք է լինի միայն մեկ հայտ: Հայտի ճշգրիտ ու ամբողջական լրացման պատասխանատուն վիճակախաղին մասնակցող հայտատուն է: Վիզաները տեղաբաշխում են վեց աշխարհագրական տարածքներում, ընդ որում ավելի շատ վիզաներ ապահովվում են ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների համար: Վիճակախաղին չեն կարող մասնակցել այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ ներգաղթողների թիվը գերազանցել է 50.000-ը: Որևէ երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին:

Օրենքով սահմանված է, որ գրանցման յուրաքանչյուր փուլում անձի անունով չեն կարող ներկայացվել մեկից ավել հայտեր: ԱՄՆ պետքարտուղարությունն օգտագործում է ժամանակից տեխնոլոգիաներ, որոնք բացահայտում են կրկնվող հայտերը: Մեկից ավելի հայտ ներկայացնելու դեպքում, բոլոր հայտերը չեղարկվում են: Մասնակիցները հայտին  պետք է կցեն վերջին վեց ամսվա ընթացքում արված լուսանկար: Այն հայտերը, որոնցում կօգտագործվի նախորդ տարվա հայտին կցված լուսանկարը, կչեղարկվեն:

Վիճակախաղին մասնակցելու համար որևէ վճարում չի պահանջվում: Խորհուրդ ենք տալիս դիմումը լրացնել անձամբ՝ առանց դիմելու վիզայի խորհրդատուների կամ գործակալների կամ այլ միջնորդների, ովքեր իրենց օգնությունն են առաջարկում: Եթե ձեզ մեկ այլ անձ օգնում է, ապա դիմումը լրացնելիս դուք պետք է ներկա լինեք, որպեսզի հարցերին ճիշտ պատասխաններ տաք և դիմումը ներկայացնելուց հետո վերցնեք ու պահեք հաստատման ծանուցումն ու եզակի նույնականացման համարը:

Կեղծումների դեմ պայքարելու նպատակով Պետքարտուղարությունը շահումների մասին և հետագա հարցազրույցների ժամկետների մասին տեղեկացնելու համար կիրառելու է կայքի հենքի վրա գործող գործիքներ: Սա նշանակում է, որ շահողները սովորական կամ էլեկտրոնային փոստով շահելու կամ հարցազրույցի նշանակման մասին նամակներ չեն ստանա, այլ հայտի ներկայացման ժամանակ ստացած եզակի համարանիշի միջոցով առցանց կստուգեն իրենց հայտի կարգավիճակը: Այդ համարանիշի միջոցով 2017թ. մայիսի 2-ից հետո հայտատուները կարող են մուտք գործել dvlottery.state.gov կայք, բացել Entrant Status Check բաժինը և պարզել՝ շահել են, թե՞ ոչ:

Նկատի ունեցեք, որ վիճակախաղում շահելը դեռ չի հանդիսանում ներգաղթային վիզայի ստացման երաշխիք. Շահող մասնակիցները պետք է բավարարեն վիզայի պահանջներին և անցնեն հարցազրույց:

Հայտի ներկայացման հետ կապված մանրամասն տեղեկությունները և լրացման հրահանգները, ինչպես նաև հաճախ տրվող հարցերի պատասխանները կարող եք գտնել այստեղ.  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս