«Ի՞նչն է Սիրիական հակամարտության պատճառը, ինչի՞ սկսվեց քաղաքացիական պատերազմը»

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի ղեկավար, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրիայում ընթացող գործընթացները լրջագույն մարտահրավեր են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգության համար: Սրվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, Ռուսաստանը խոստանում է ոչնչացնել ԱՄՆ-ի արձակաց հրթիռները Սիրիայի տարածքում, ԱՄՆ-ը իր հերթին հանդես է գալիս Սիրիայում առավել ընդգրկուն գործողությունների գնալու նախաձեռնությամբ:

Ի վերջո, ի՞նչն է Սիրիական հակամարտության պատճառը, ինչի՞ սկսվեց քաղաքացիական պատերազմը:

Ինչպես և բոլոր հարցերում, այստեղ նույնպես պատճառը փողն է, մեծ փողը:

Ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներում էներգետիկ ռեսուրսների բաշխման խնդիրը ձևավորում է հակասությունների մի մեծ և, որոշ դեպքերում, անլուծելի կծիկ, ինչպես եղավ Սիրիայի պարագայում:

ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարության մեջ որպես առաջնահերթ խնդիր դրված էր բնական գազի աղբյուրների դիվերսիֆիկացիայի հարցը, քանի որ ԵՄ 80% կախված էր Ռուսական Գազպրոմից, ինչն էլ իր հերթին Ռուսաստանի կողմից օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական ճնշման գործիք և Ռուսաստանի պետական և մասնավոր բյուջեների լցման կայուն աղբյուր: Հայտնի է ՌԴ Նախագահ Պուտինի անձնական շահագրգռությունը Գազպրոմի գործունեության մեջ:

Հանրահայտ «Նաբուկո» նախագիծը նպատակ ուներ Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի բնական գազը տեղափոխել Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանին: Սակայն Կասպից ծովի ավազանի իրավական կարգավիճակի չհստակեցված լինելը խնդիր դարձավ ծովի ընդերքը որպես խողովակի ճանապարհ օգտագործելու համար, իսկ Ադրբեջանի գազը բավարար չէր խողովածը լցնելու համար և չէր արդարացնում նախագծի վրա կատարվող ծախսերը:

Սակայն հայտնվեց Քաթարը, որի ընդերքում էր գտնվում Պարսից ծոցի բնական գազի 2/3-ը, իսկ Ծոցի ընդերքում է գտնվում աշխարհի բնական գազի ամենամեծ հաստատված պաշարները:

Քաթարն առաջարկեց իր գազը միացնել «Նաբուկո» խողովակաշարին, որի համար պատրաստ էր հատկացնել 10 միլիարդ ԱՄՆ Դոլլար, իսկ Քաթարից Թուրքիա ձգվող խողովակը պետք է անցներ Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի և Թուրքիայի տարածքներով:

Սրան զուգահեռ, Իրանը, որն ուներ անհամեմատ քիչ ծավալով բնական գազի պաշարներ, հանդես եկավ իր գազը մինչև Հունաստան տեղափոխելու նախաձեռնությամբ, որը շրջանցում էր Թուրքիան, և անցնում է Իրաքի և Սիրիայի տարածքով:

Սիրիայի Նախագահ Ասադը, մերժեց Քաթարի առաջարկը և ընդունելի համարեց Իրանի նախագիծը, որը, պետք է խոստովանել, մշակված էր բացառապես Քաթարի առաջարկը չեզոքացնելու համար և չունենալով բավարար ֆինանսական հիմք չէր կարող իրականացվել: Ասադի այս ճակատագրական որոշման կայացման հարցում վճռական դերակատարություն է ունեցել Ռուսաստանը` Նախագահ Պուտինի անձնական մասնակցությամբ, քանի որ եթե Քաթարի նախագիծը գործարկվեր, ապա Ռուսաստանը կզրկվեր Եվրոպայի վրա ունեցած իր վերջին գործուն ազդեցության լծակից:

Իրավիճակը սրվեց 2009թ. Ռուս – Ուկրաինական գազային կոնֆլիկտի հետևանքով, որի արդյունքում ցուրտ ձմռան ամիսներին առանց գազի մնաց Արևելյան Եվրոպայի մեծ մասը: Այս հանգամանքը ստիպեց ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման ճարտարապետներին դիմել վճռական գործողությունների, իսկ առանց Սիրիայի այն իրագործվել չէր կարող: Ասադը, մնալով անդրդվելի, գործընթացը տարավ դեպի փակուղի, ինչի արդյունքում Քաթարը Սիրիայում իշխանությունը փոխելու համարհատկացրեց 3 միլիարդ ԱՄՆ դոլար, որին միացան նաև Թուրքիան ու Սաուդիան Արաբիան: Սկսեց Սիրիայի քաղաքացիական պատերազմը, իսկ Ռուսաստանը` որպես հակամարտության հիմնական պատճառ, ստանձնեց Ասադի ռեժիմի պահապան հրեշտակի գործառույթը` դրանով իսկ թեժացնելով պայքարն ու մեծացնելով պատերազմի մասշտաբները:

Փաստորեն, Ասադը, իր իշխանությունը պահելու և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահը սպասարկելու համար, կործանեց Սիրիա պետությունն ու ամբողջ աշխարհը կանգնեցնեց II Համաշխարհային պատերազմից հետո աննախադեպ հումանիտար աղետի և III համաշխարհային պատերազմի եզրին:

Հետաքրքիր է, եթե ինչ-որ հրաշքով հնարավոր լիներ ժամանակը հետ շրջել, Ասադը կկայացնե՞ր նույն որոշումը»:

Տեսանյութեր

Լրահոս