«Մինսկի խմբի համանախագահները պետք է նախագահների վրա ազդելու ուղիներ փնտրեն». Տարասով
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ չեն կարող պարզապես սպասել ու հուսալ, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով դեսպան Կասպրչիկի ուշագրավ դիտարկումներին։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը հոկտեմբերի 5-ին իր մանդատի համաձայն՝ մոնիտորինգ էր իրականացրել ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ինչպես տեղեկացրել էին ԵԱՀԿ մամուլի գրասենյակից, դիտարկումից հետո դեսպան Կասպրչիկը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Ինչպես միշտ, կողմերը տեղեկատվություն են ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ նախորդ մոնիտորինգից հետո գրանցված հրադադարի խախտումների մասին: Տեղեկատվությունը փոխանցվել է Մինսկի խմբի անդամներին, այդ թվում՝ համանախագահներին, ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահին: ԶԼՄ հրապարակումները երբեմն նշում են, որ իմ գրասենյակը չի արձանագրում հրադադարի խախտումները կամ նշում պատասխանատու կողմին: Դրանք միգուցե վերաբերվում են այն փաստին, որ մոնիտորինգի ընթացքում, երբ գրասենյակի ներկայացուցիչներն առաջնագծում են, հրադադարի խախտումներ չեն արձանագրվում: Մենք միշտ արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ: Այլապես մենք հիմնվում ենք տեղում հրամանատարների կողմից մեզ տրամադրված տեղեկատվության վրա:
Կցանկանայի վերահաստատել, որ մենք միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք: Ապրիլյան բախումներին հետևած վեց ամիսների ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն առանց ջանք խնայելու աշխատել են իրավիճակի կայունացման և բանակցություններն առաջ մղելու ուղղությամբ, իսկ մոնիտորինգների արդյունքում տրամադրված տեղեկատվությունն այս գործընթացի անհրաժեշտ մասն է: Այս ջանքերը շարունակվում են»:
Համադրելով Կասպրչիկի և օրերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի արած հայտարարարությունն այն մասին, որ հույս ունեն, թե նախագահները կհամաձայնեն հանդիպել՝ Տարասովն ասաց, որ սա բացահայտում է, որ նախագահական նախորդ երկու հանդիպումների ընթացքում քննարկված միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման հարցը չի հաստատվել նախագահների կողմից, այնինչ այն արդեն իսկ տեղ էր գտել Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման եզրափակիչ հայտարարությունում։
«Դա նշանակում էր, որ կար սկսված գործընթաց այդ ուղղությամբ, սակայն կողմերից մեկը, այս պարագայում հասկանալի է, թե որ կողմը, չի ցանկանում տալ իր վերջնական համաձայնությունն այս մեխանիզմների ներդրմանը։ Ցանկանում եմ հիշեցնել ադրբեջանցի պաշտոնյաների հակասող դիտարկումներն այս միջոցառումների վերաբերյալ, նրանք պնդում էին, թե համաձայնել են միայն Կասպրչիկի առաքելության ընդլայնմանը, ապա մի շարք սթափեցնող հայտարարություններից հետո փոխեցին իրենց միտքը։ Հասկանալի է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ ցանկանում է խուսափել անվտանգությունն ամրապնդող միջոցառումներից»,- ասաց Տարասովը։
Վերջինիս խոսքով՝ ստացվում է, որ նախորդ երկու՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում խոսք է գնացել միայն դրանց հնարավորության մասին, և այդ միջոցառումների վերջնական փաթեթները դեռ համաձայնեցված չեն եղել։ «Իհարկե, սա բարդ իրավիճակ է ստեղծում բանակցային գործընթացում և շփման գծում, քանի որ բանակցությունների ընդհատումը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»,- նկատեց ռուս վերլուծաբանը։ Վերջինիս խոսքով՝ համանախագահներն այս անգամ չեն կարող պարզապես սպասել ու հուսալ, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել։ Տարասովի համոզմամբ՝ նրանք պետք է ուղիներ գտնեն նոր հանդիպում նախաձեռնելու և համաձայնություն կորզելու համար։
«Պետք է նոր միջոցներ կիրառել գտնելու համար նախագահների վրա ազդելու ուղիներ, այլապես սպասելը նշանակում է՝ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ»,- հստակեցրեց Ստանիսլավ Տարասովը։